Հազարամյակների ճանապարհով և բազմաթիվ պատերազմներով անցած հայ ժողովրդի պատմությունը ցույց է տվել, թե թրից և վահանից բացի, որոնք են եղել հայապահպանության համար գործի դրված մեր մյուս հիմնական զենքերը: Կարելի է վստահաբար ասել, որ մայրենի լեզուն եղել է այդ զենքերից ամենագլխավորը: Պատմական այն ժամանակաշրջաններում, երբ Հայաստանը նվաճվել է օտարների կողմից, նվաճողների առաջին գործն է եղել հայ մանուկներին կտրել մայրենի լեզվից և խրախուսել իրենց լեզվով նրանց կրթության իրականացումը: Դա պարտված ազգին հնազանդեցնելու և իրենց ձուլելու ամենաարդյունավետ ձևն է եղել: Դրան հակառակ, հայի ինքնապահպանության գիտակցումն ավելի է մոբիլիզացվել և հայ ծնողը դժվարությունների գնով ապահովել է իր զավակի մայրենիի ուսուցանումը: Հայը դա իրականացրել է նաև Սփյուռքում՝ այնտեղ բացելով հայկական դպրոցներ, իրականացրել է անգամ 1915թ. տեղահանությունների ու գաղթի ճանապարհներին:
Ցավոք, հայերիս մեջ եղել են նաև այնպիսիք, որոնք քիչ նշանակություն են տվել հայ մանուկի մայրենի լեզվի ուսուցմանը և դրա փոխարեն կարևորել են այլ լեզուների կամ այլ առարկաների ուսուցումը: Այդպիսի մոտեցումը վտանգավոր է դառնում, եթե նման կերպ է մտածում նաև պետական այրը, որի այդպիսի մտածելակերպը լեզվակրթական քաղաքականության մեջ կարող է բերել էական ազգավնաս փոփոխությունների: Դրա վառ օրինակն է այն խոսակցությունները, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բարձրագույն ուսումնական հաստատություններում կարող է այլևս պարտադիր չլինել: Հետաքրքիրն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը դպրոցում վերը նշված առարկաների դասավանդման որակը բարձրացնելու փոխարեն, դեռ մի բան էլ՝ ԲՈւՀ-երում փորձում է նվազեցնել այդ առարկաները սովորողների թիվը: Նախագծի հեղինակներին զգուշության կոչ եմ անում և ուզում եմ նրանց հիշեցնել, որ ազգային կորուստները մենք միշտ ունեցել ենք զգոնության պակասի և ավելորդ լավատեսության դեպքերում: Ինքնիշխանության ուղին ընտրած մեր ժողովուրդը դեռ երկար պայքարի ճանապարհ ունի անցնելու և ոչ մեկն իրավունք չունի վնաս հասցնելու մեր ինքնապաշտպանության գլխավոր զենքին՝ մեր մայրենի լեզվի ուսուցմանը:
Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ