Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցում Հայ ժողովրդի եւ Հայ եկեղեցու պատմության դասավանդման մասին. «Իսկ ինչո՞ւ չունենանք, ասենք, Հայ պետականության պատմություն»

Նոյեմբեր 04,2019 23:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ անդրադարձավ վերջին շրջանում քննարկվող երկու հարցի: Առաջինն այն էր, թե ինչու է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունում քննարկման  առարկա դարձել հարցը՝ արդյո՞ք հայ եկեղեցու պատմությունը պետք է դասավանդվի որպես առանձին առարկա մեր դպրոցներում: Վարչապետի խոսքով, ինքն այս թեմայով մի քանի օր առաջ խոսակցություն է ունեցել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ: Հիմա փաստորեն մեր դպրոցներում դասավանդվում է Հայ ժողովրդի պատմություն եւ դասավանդվում է Հայ եկեղեցու պատմություն:

«Այս պատկերն արդյո՞ք նշանակում է, որ հայ ժողովրդի պատմությունը եւ Հայ եկեղեցու պատմությունը իրարից տարանջատ ինչ-որ երեւույթներ են, կա որոշակի անջրպետ,  եւ հայ ժողովրդի պատմությունը որոշակիորեն տարբերվում է Հայ եկեղեցու պատմությունից,-ասաց Նիկոլ Փաշինյանը եւ ավելացրեց: -Կամ եթե մենք խնդիր ենք դնում, որ հայ ժողովրդի ընդհանրական պատմությունից պետք է առանձնացնենք հայ ժողովրդի ստեղծած ինստիտուտների պատմությունը, հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ մենք դպրոցում չունենք, օրինակ, Հայոց պետականության պատմություն զուգահեռ Հայ ժողովրդի պատմության հետ, ինչո՞ւ դպրոցում չունենք Հայաստանում զինված ուժերի պատմություն, Հայ մշակույթի պատմություն: Այս հարցը առավել կարեւորվում է մեր այն քաղաքական եւ նպատակադրման ներքո, որն ի միջի այլոց, ստացել է ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահության քվեն, որ Հայաստանի Հանրապետությունը մենք պատկերացնում ենք որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր:

Ի՞նչ կապ ունի սա իմ նշած թեմայի հետ: Կապը շատ ուղղակի է, որովհետեւ երբ որ նայում ենք մեր դպրոցական համակարգի վիճակագրությունը եւ սովորող երեխաների ուղղությունները, հարց է ծագում՝ ինչքանով են այդ ուղղությունները համապատասխանում մեր քաղաքական նպատակադրումներին: Այս դեպքում մենք պետք է ճշգրիտ ձեւակերպենք՝ դպրոցի դասապրոցեսի ընթացքում ինչ առաջարկներով ենք ծանրաբեռնում մեր երեխաներին: Եվ հնարավոր չէ ունենալ տեխնոլոգիական երկիր, եթե մենք կրթական բնագավառում հատուկ շեշտադրում չենք անում մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, երկրաչափություն առարկաների վրա:

Սա հարցի կեսն է, եւ մյուս կեսը հետեւյալն է. մենք հայ ժողովրդի պատմությունը եկեղեցու պատմությունից տարանջատելով ի՞նչ ուղերձ ենք հղում, ինչ ենք ասում, ինչ ենք արձանագրում: Որ հայ ժողովրդի պատմությունը ուրի՞շ է Հայ եկեղեցու պատմությունը՝ ուրի՞շ: Այս տարանջատումը մեզ խանգարում է ընկալել մեր ժողովրդի պատմությունը ամբողջության մեջ:

Այստեղ կա նաեւ շատ լեգիտիմ մի հարցադրում, որ ի վերջո, մենք բոլորս պետք է ընդունենք, որ Սովետական Միության տարիներին, այնուամենայնիվ, հայ ժողովրդի պատմությունից հնարավորինս հանվել է Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը: Եվ քանի որ անկախությունից ի վեր մենք այդ թեմայով շատ լուրջ զբաղվելու ժամանակ չենք ունեցել, այո, կարող ենք արձանագրել նաեւ արդարացիորեն, որ սա միակ դեպքը չէ: Մեր պատմության այլ դրվագներ նույնպես հարմարեցվել են սովետական պատմագիտությանը: Եվ եթե վերջին 30 տարվում փորձ է արվել ինչ-որ բաներ ներառել մեր ժամանակակից պատմության դասագրքերի մեջ, դա համակարգային չի արվել: Հետեւաբար, հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք դրանով զբաղվենք, մեր միասնական պատմությունը ստեղծենք՝ առանց մեր պատմությունից կտրելու մեր չափազանց կարեւոր ինստիտուտների պատմությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930