«Նախորդ օրը Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում շատ կարեւոր քննարկում ունեցանք: Խնդիր գնաց, որ, էլի Սովետական Միությունից եկած իներցիայով, հոգեւոր գրականությունը, կամ եկեղեցու կողմից ստեղծված շատ արժեքավոր գրականությունը չի ներառվել գրականության դասագրքերում, Հայ Առաքելական եկեղեցու կողմից ստեղծված երաժշտական արժեքավոր շատ կտորներ չեն ներառվել երգի, երաժշտության ծրագրերում: Եվ դա վերջին տարիներին փորձ է արվել կոմպենսացնել Հայ եկեղեցու պատմություն դասավանդելով:
Լավ է, նորմալ է: Բայց պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք: Սա չի նշանակում՝ դպրոցում պետք է մի հատ հայ գրականություն դասավանդվի, մի հատ էլ դասավանդվի Հայ Առաքելական եկեղեցու կողմից ստեղծված գրականություն: Դա հնարավոր չի, ճիշտ չի: Դա նշանակում է, որ, օրինակ, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» չդիտարկել որպես հայոց գրականության մաս, այլ դիտարկել որպես առանձին դասընթաց: Սա մեթոդական սխալ է, պատմական սխալ է, սա մեր ինքնության մեջ հակադրություններ ստեղծելու սխալ է: Եվ այդ սխալը պետք է ուղղվի: Մենք պետք է ունենանք միասնական պատմություն, որպեսզի մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք՝ բոլոր հաջողություններով, անհաջողություններով: Չի կարող մեր ժողովրդի պատմությունը միասնական չլինել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ