Իրականացնելով բուժում ՀՀ-ում չհավաստագրված դեղորայքով՝ բուժաշխատողը նպաստել է սեփական ընտանիքի բիզնես շահերին՝ քաղաքացու առողջական վիճակը բարելավելու փոխարեն:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա 2019-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ քաղաքացու առողջությանը վնաս հասցնելու համար:
2019 թ.-ի սեպտեմբերի 25-ին իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած Բ. Կ.-ն հայտնել է, որ 2018 թվականի ամռանն իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել և այդ ժամանակվանից սկսել է բուժվել «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ բժիշկ-քիմիաթերապևտ, ուռուցքաբան Ն. Ք.-ի անմիջական հսկողությամբ։ Մինչ օրս անցել է բուժման 8 կուրս, 2018 -ի դեկտեմբերին՝ նաև վիրահատվել։ Բժշկուհի Ն. Ք.-ը նրան նշանակել է դեղեր և դրանք գնելու համար ուղղորդել Վանաձորի նախկին բժշկական կենտրոնի տարածքում գտնվող իր ամուսնու դեղատուն։ Ի թիվս այլ դեղերի՝ բուժման 8 կուրսի համար Բ. Կ.-ը Ն. Ք.-ի ամուսնու դեղատնից գնել է 8 հատ «Ավաստին» դեղատեսակ՝ յուրաքանչյուրը՝ 800 դոլարով:
Բուժման ողջ ընթացքում, վերոնշյալ դեղի վրա ծախսելով բավական պատկառելի՝ ընդհանուր առմամբ 6400 դոլար գումար և չնկատելով դրական փոփոխություն իր առողջական վիճակում, 72-ամյա թոշակառուն բժշկուհի Ն. Ք.-ից հետաքրքրվում է իր նշանակած դեղերի որակով ու արդյունավետությամբ։ Նա բժշկուհուն հայտնում է, որ տեղեկություն ունի, որ իր ամուսնու դեղատնից ամիսներ շարունակ ձեռք բերված «Ավաստին»-ը ՀՀ-ում հավաստագրված չէ, հաստատված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից և փաստացի գտնվում է անօրինական շրջանառության մեջ: Բժշկուհի Ն. Ք.-ը չի հերքում այդ տեղեկությունը:
Կարդացեք նաև
Մանրամասները այստեղ՝