Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, Եվրամիության նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ տեղի ունեցավ ազգային կոնֆերանս՝ «Տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման» վերաբերյալ։
Եվրամիության դեսպանը, խոսելով տարածքների համաչափ զարգացման մասին, կարևորեց մարզերում աշխատատեղերի ստեղծումը, որը մարդկանց իրենց իսկ տեղանքում կպահի բնակության, այլապես, ըստ նրա, զարգանում է մայրաքաղաքը ու տնտեսական անհամաչափություն է նկատվում։
Ըստ Եվրամիության նորանշանակ դեսպանի, իրենք կշարունակեն խթանել տարածքային համաչափ զարգացումը, մասնավորապես հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Տավուշում և Լոռիում իրենց ծրագրերով կաջակցեն զբոսաշրջության, գյուղատնտեսության ու ստեղծարար արդյունաբերության զարգացմանը։
Կարդացեք նաև
Կոնֆերանսից հետո Վաչե Տերտերյանն ու Անդրեա Վիկտորինը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Եվրամիության դեսպանն ասաց․ «Ինչպես ես արդեն նշեցի, մենք, ըստ էության, ավելի ընդլայնված մոտեցում ունենք։ Տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացումը մեկ ծրագրի մեջ է մտնում, բայց, ընդհանուր առմամբ, տարածքային զարգացմանն ուղղված մեր ծրագրերը շատ են, և մենք աջակցում ենք ավելի խթանելու տարածքային զարգացման տեմպերը և տրամադրելու աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին, բիզնես համայնքի զարգացմանը և հ/կ-ներին։ Հաջորդ տարի արդեն կառավարության հետ կորոշենք ավելի կոնկրետ ուղղությունները տարածքային զարգացման»։
Նա նաև ասաց, որ Եվրամիությունն ամեն տարի բավական մեծ աջակցություն է տրամադրում տարբեր ուղղությունների զարգացման համար, այս տարի աջակցություն են տրամադրում տարածքային զարգացման ուղղությամբ, մյուս տարի կսկսեն քննարկումները Հայաստանի համար գերակա ուղղություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու շուրջ։
Դեսպանը նաև նշեց, որ Եվրամիությունը Հայաստանում սերտ համագործակցության մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
«Եվրոպական Միությունը շատ հետաքրքրված է աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրենց բարեփոխումների օրակարգի իրականացման գործում և աջակցում է կայուն ժողովրդավարական զարգացումներին։
Այդ իսկ պատճառով Եվրոպական Միությունն աջակցում է դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը և Բրյուսելի գլխամասում մեր հաստատությունները շատ սերտ կապի մեջ են Հայաստանի կառավարության հետ։
Եվրոպական Միությունը շատ սերտորեն և ուշադրությամբ հետևում է ներքին դատական համակարգի բարեփոխումներին ուղղված զարգացումներին և դատական գործերի քննությանը, բայց չի տրամադրում մեկնաբանության այդ գործերի վերաբերյալ»։
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Եվրամիության նախորդ դեսպանը՝ Պյոտր Սվիտալսկին առաջնորդվում էր «փող գաղափարի դիմաց» կարգախոսով, նորանշանակ դեսպանն ասաց․ «Ես կարծում եմ, որ գաղափարները շատ լավ են և միանգամայն համաձայն եմ իմ գործընկերոջ՝ նախորդ դեսպանի հետ, բայց կարծում եմ գաղափարները պետք է վերածվեն պլանների, որպեսզի իրականացվելիք դառնան։
Ես երկու ամիս է՝ Հայաստանում եմ և թե՛ ՀՀ կառավարության, և թե՛ Ազգային Ժողովի հետ իմ քննարկումներում տեսնում եմ՝ կա ուժեղ, հզոր կամք փոխելու այս երկիրը։ Եվ մենք միշտ պատրաստ ենք աջակցելու Հայաստանին այս ուղղությամբ․ կլինի դա տնտեսական զարգացումը, որպես գերմանացի՝ ես շատ հաճախ եմ ասում՝ կառավարության ամուր ողնաշարը հանդիսանում է բիզնես սեկտորի՝ ՓՄՁ-ների զարգացումը, կլինի դա բնապահպանությունը, կլինի դա էներգետիկ արդյունավետությունը, կլինի կրթությունը, որի մասին ես խոսում եմ, և միշտ ասում եմ շատ կարևոր է և առանցքային ձեր երկրի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս երիտասարդներին ևս մասնակցել երկրի զարգացմանը։
Այս ամբողջը հանդիսանում է առաջնահերթությունը, մեր առաջնահերթությունը, մենք աջակցում ենք ոչ միայն գաղափարներին, մենք օգնում ենք դրանք իրականացնել, ինչպես կտեսնեք, դատական համակարգի բարեփոխումներին մենք աջակցում ենք ՝ ապահովելով լիարժեք ֆինանսավորում։ Եվ այս առումով մենք խթանում ենք համագործակցությունը Եվրոպական Միության և կառավարության միջև, և մենք, ըստ էության, դրա առանցքում տեսնում ենք ՀԿ-ների հետ համագործակցությունը, քաղհասարակության, կազմակերպության մասնավոր հատվածի։ Գաղափարներն, այո, շատ լավ են, բայց մենք, անպայման, պետք է ուղիներ գտնենք և ընտրենք ռեալ գաղափարները և օգնենք դրանց իրականացմանը»։
Նախորդ դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ Գյումրիում Եվրամիության գրասենյակ բացելու մտադրության մասին էլ նոր դեսպանն ասաց․ «Ես կարծում եմ սերտ կապի մեջ ենք, կարող ենք տարբերակները քննարկել, բայց առաջին անգամ եմ լսում դա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ