Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի «թագավորությունը» շաքարավազի, կարագի շուկայում շարունակվում է, բայց «Ալեքս ընդ հոլդինգը» շաքարավազի շուկայում այլեւս չկա

Նոյեմբեր 04,2019 18:04

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը այսօր 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին հարցրեց՝ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում բենզինի գինը բավական կտրուկ նվազեց՝ 4-6%, ուսումնասիրե՞լ եք՝ ինչի՞ արդյունք էր դա:

ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, որ հիմա բենզինի շուկան ուսումնասիրում են. «Բենզինի շուկայում մեր հիմնական ձեռքբերումը ՌԴ-ից է իրականացվում, այնտեղ բենզինի գինը չենք կարող տեսնել, որովհետեւ տեսնում ենք բենզին+նավահանգիստ՝ Բաթումի, կամ Փոթի, այնուհետեւ տեսնում ենք, որ գալիս է Սադախլո, Այրում, դա հայկական ընկերությունների միջոցով չի իրականացվում, «Ռոսնեֆտը» բաշխում է հայկական ընկերությունների միջեւ: Դեկտեմբերի սկզբին ուսումնասիրության արդյունքները կներկայացնենք ձեզ»:

Գեւորգյանը նաեւ հետաքրքրվեց, թե կենտրոնացված շուկաներում ինչ փոփոխություններ ու միտումներ կան: ՏՄՊՊՀ նախագահը սկսեց շաքարավազի շուկայից. 2018-ի համեմատ 2019-ին հումք չի ներմուծվել, շաքար է ներմուծվել, 2018-ին 59 տոկոսով ներմուծել է «Ալեքս» հոլդինգը, եթե դրան գումարենք նաեւ «Ալեքս ընդ հոլդինգը», որը 8 տոկոս ուներ ու երրորդ տեղում էր, 67 տոկոս է արդեն կազմում, երկրորդ տեղում՝ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունն է` 15%-ով: 2019-ի հունվար-հոկտեմբերին կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, «Ալեքս» հոլդինգի մասնաբաժինն իջել է 48,5, իսկ «Ալեքս ընդ հոլդինգը» ընդհանրապես չկա, այլ խաղացողների մասնաբաժինը մեծացել է»: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը ստեղծել էր բոլորովին վերջերս՝ 2018-ին՝ հեղափոխությունից հետո:

Գեւորգյանն անդրադարձավ նաեւ կարագի շուկային, որտեղ եւս գլխավոր խաղացողը Սամվել Ալեքսանյանն է: Գեղամ Գեւորգյանն ասաց, թե այստեղ իրավիճակ է փոխվել, բայց ոչ թե առաջին հորիզոնականի առումով, որն էլի «Ալեքս հոլդինգինն» է, այլ՝ իրացման. երկրորդ տեղում գտնվող «Միլ կաթ» ընկերությունը իրացման քանակը կրկնապատկել է՝ դարձնելով 28 տոկոսից ավելի, 12,2 տոկոս էլ «Մառանիկն» ունի, եւս առաջխաղացում է նկատվում իրացման ծավալների առումով:

ԱԳԼՃԿ-ների հետ կապված գների դինամիկան էլ ներկայացվեց. «Գները տնտեսական առումով կասկածի տեղիք էին տալիս: Ինքնարժեքի հաշվարկի պարագայում դժվարանում ենք հիմնավորել տվյալ ԱԳԼՃԿ-ների կողմից գազի վաճառքի գները: Հիմա երբ խնդիր ենք տեսնում, վարույթ ենք իրականացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930