«Ցանկացած գործողություն, արվեստ, ներկայացում, որը դեմ կլինի մեր ազգային արժեքներին, կնկատենք, որ պարունակում է ազգային արժեքների ոտնահարում, ընդվզելու ենք դրա դեմ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտից բերման ենթարկված Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ ներկայացումը, որը վերցված է 1920-ական թվականների ֆուտուրիստ արվեստագետներից մեկի՝ Ազատ Վշտունու «Հուզանք ու Զանգը» գրքից, ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից:
Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ այն սատանիստական էր, ուստի իր հոգին ըմբոստացավ ու չհանդուրժեց այդ ներկայացումը: Իր բողոքի գործողությունների մասին Նարեկ Սարգսյանը պատմեց. «Ինձ թվաց, որ փորձի ժամանակ զգուշացումից հետո նրանք կսահմանափակվեն և չեն շարունակի, բայց հաջորդ օրը նորից շարունակվեց: Շատ անակնկալ կերպով տեսա ուղիղ եթերով, և միանգամից գնացի ապտեկա, զելյոնկա, ջուր: Եթե կազմակերպված լիներ, ոչ թե մեկ շիշ, այլ մեկ դույլ զելյոնկայով կգնայի…. Ուզում եմ բոլորին կոչ անել, նրանք, որոնք մտադրված են այս ամենում ներգրավվել, ձեր գործողությունները ձախողված են լինելու, ջախջախիչ հարված եք ունենալու»:
Նարեկ Սարգսյանը նշեց, որ իր մասին տեսանյութը, որտեղ ներկայացվում է, թե ինքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է, հատուկ է արված, քանի որ դա իր դեմ պայքարի մեթոդն է: Նարեկ Սարգսյանն ասաց, որ ինքը շփվել է այդ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց հետախուզություն անելու նպատակով: Չժխտեց, որ գնացել է տրանսգենդերների տուն, նրանց փարթիներին, այց պատճառաբանեց, որ դա եղել է նրանց մասին տեղեկություններ հավաքելու և նրանց դեմ պայքարելու համար:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն արդարացումներին, թե ներկայացումը մշակույթի ազատականացման դրսևորում է, Նարեկ Սարգսյանը հարցեց. «Էդ ո՞վ էր մշակույթի ազատականությանը դեմ գնում, ո՞վ կարող է ասել, որ մեր մշակույթը ազատականացման խնդիր ունի: Ո՞վ ասաց, որ մենք չակերտներով հեղափոխություն արեցինք ազատականացնելու համար մշակույթը, կամ որ դրա պակասն ունեինք»:
Իրեն բերման ենթարկելու մասին ասաց, որ ոստիկանական բաժանմունքում իրեն շատ լավ են վերաբերվել, քանի որ ոստիկաններն էլ հասկանում էին, որ իրենց երեխաների համար է պայքարը մղվում:
Հարցին՝ ինչի՞ց են ենթադրել, որ ներկայացումը սատանիստական է, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Մասնագետը չի ասում, որ իրենք այդ նպատակն ունեին, բայց ասում է, որ այդ գործողություններն ու բառերը հիմնականում օգտագործում են այն մարդիկ, որոնք պորտալ են բացում: Հավատում եմ, որ իրենց նպատակն այդ ամենը մեր հասարակության համար արդեն սովորական դարձնելն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ