Բրիտանական հանրահայտ Jamiroquai խումբը ժամանեց Հայաստան: Համերգի մանրամասների վերաբերյալ, խմբի վոկալիստ Ջեյ Քեյն իրեն դիմավորելու եկած լրագրողների մոտ «փակագծեր» չբացեց, նաեւ չասաց, թե որքան է մնալու Հայաստանում: Երկրպագուներից ոմանք նույնիսկ համբուրեցին նրան: Պատասխանելով հարցին` որեւէ բան լսե՞լ է Հայաստանի մասին, երաժիշտն ասաց, որ Լոնդոնում հայկական համայնք կա:
Հավելենք, որ Jamiroquai-ը Հայաստանում է SILK NOTE FESTIVAL-ի շրջանակում, որ նպատակն է վերածել Հայաստանը մշակութային զբոսաշրջության կենտրոնի, ինչի շրջանակներում կազմակերպվելու են բացառիկ համերգներ աշխարհահռչակ արտիստների մասնակցությամբ:
Jamiroquai-ի համերգը նոյեմբերի 6-ին է` Կարեն Դեմիրճյան համալիրում: Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-նյակներում (դրանցից 3-ը` առաջին տեղում): «Գրեմմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ