«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն այսօր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց երկաթգծի խնդիրներից. «Կա՞ որեւէ բանակցություն, գործընթաց, որը կբերի նրան, որ մենք վերազինված երկաթգիծ կունենանք, որովհետեւ գիտեք ինչ է կատարվում՝ Ալավերդի քաղաքում՝ կենտրոնում, թվում է երկաթգիծը մեջտեղից կկիսվի, այդ աստիճան հիմքերը փորված են: Անթույլատրելի վիճակ է այնտեղ»:
Նախարարը պատասխանեց. «Նոյեմբերի 6-ին մեկնում եմ Մոսկվա, որտեղ հանդիպելու եմ «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի հետ, քննարկելու ենք «Հարավկովկասյան երկաթուղիներում» նոր ներդրումների հարցը, այս պահին կոնցեսիոն համաձայնագրով 57 մլրդ-ի ներդրումներ են նախատեսվում մինչեւ 2038-ը»: Նախարարն ասաց, որ ուզում են ներդրումները առաջ մղել, որովհետեւ մի բան է 57 մլրդն օգտագործել 2038 թվականին, մի բան է՝ առաջիկա տարիներին. «Մենք նպատակ ունենք 35-37 մլրդ-ի ծախս նախատեսել մինչեւ 2038-ը:
Ինչ վերաբերում է Ալավերդիում երկաթգծի խնդրին, նա ասաց, որ տեղակալը եղել է տեղում, ուսումնասիրել են, առաջիկայում գրավոր կպատասխանեն:
Պատգամավորները հետաքրքրվեցին Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունից, նաեւ հարցրեցին՝ խոսակցություններ կան, որ «Բարձրավոլտ էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը կառավարությունը պատրաստվում է հանձնել հավատարմագրային կառավարման, ճի՞շտ են այս խոսակցությունները:
Կարդացեք նաև
Պապիկյանը պատասխանեց, որ Մեղրի ՀԷԿ-ի հետ կապված հարցը քննարկել են, իրանական կողմը պետք է ներկայացնի գինը. «Գինն առաջարկվել է, կա որոշակի անհամաձայնություն, դա տատանվող գին է: Ներդրողների հետ հիմա փորձում ենք բանակցել: Ինքը կարող է լինել շատ կարեւոր ծրագիր, մի հարց կա՝ թուրքերի կողմից ջրամբարի կառուցումը, որը մտավախություն է առաջացնում ներդրողների մոտ: Բայց գինը ցածր է, նաեւ կա ջրի կայուն քանակ, որը մշտապես լինելու է ու կարող են արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որ այդ գնով մշտապես շահավետ է լինելու գործարարի համար»:
Ինչ վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» մասնավորեցմանը, նախարարը պատասխանեց. «Որեւէ որոշում չունենք: Նման քննարկում այս փուլում չենք ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ