Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանը պնդում է` թերի դիպլոմ են տվել

Նոյեմբեր 04,2019 17:16

Գավառի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի բակալավրի 2016թ․ շրջանավարտ Վանո Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ 3 նախարար է փոխվել, 3-ի հետ էլ հանդիպել է, բայց իր խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: Նա դիմել էր նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին եւ հայտնել, որ ինքը եւ իր նման մի շարք այլ շրջանավարտներ 2016թ․ ստացել են պատմաբանի որակավորում, որը թերի է, քանի որ իրենց չի տրվել «ուսուցիչ» կամ «մանկավարժ» որակավորումը։ Ընդ որում, Գավառի պետական համալսարանը նման դիպլոմներ է շնորհել միայն 2016թ․ շրջանավարտներին, ինչի պատճառով վերջիններս չեն կարողանում աշխատել դպրոցներում, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չեն համապատասխանում։

Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից ստացել է պատասխան նամակ, որով ասվում էր, որ ներկայումս նախարարությունը քննարկում է մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտություններով շրջանավարտների մանկավարժական գործունեությամբ զբաղվելու, մանկավարժական աշխատողների տարակարգերի և պաշտոնների, ինչպես նաև աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից նրանց ներկայացվող պահանջների վերանայման ու հստակեցման խնդիրները:

Վանո Կարապետյանն իր հերթին ասում է, որ առայժմ հույս չունի, թե հարցը դրական լուծում կստանա, նա այլ պատգամավորների էլ էր դիմել նախկինում, նաեւ խոսել կրթության ոլորտի փորձագետների հետ ու փոխնախարարներից մեկի հետ:

«Եթե Գավառի համալսարանը գիտական ուղղվածությամբ էր տանում ամեն ինչ, ինչու էր մեզ դպրոցներ պրակտիկայի ուղարկում, ինչու էիք մեզ սովորեցնում պատմության դասավանդման մեթոդիկա: Ես իմ դիպլոմը համեմատել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմի հետ, տեսել եմ, որ ոչ մի տարբերություն չկա` թե ակադեմիական բեռնվածության տեսանկյունից, թե առարկայացանկի, նույնիսկ ես մեկ ամիս ավել եմ պրակտիկա անցել դպրոցում»,-տարակուսանք է հայտնում Վանո Կարապետյանը: Նրա պնդմամբ, այլ բուհերում եւս նման խնդիր կա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վանո Կարապետյանի լուսանկարը` իր ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930