2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տարբեր փորձագետներ, մասնագետներ մատնանշում էին, որ հարկերի հավաքագրման ցուցանիշը բավականին ցածր է սահմանվել՝ հաշվի առնելով նախորդ` 2018 թվականի փաստացի ցուցանիշները և մի շարք հարկերի դրույքաչափերի բարձրացումը։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։ Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները և պետական տուրքը աճել են 21,6 տոկոսով, որը հիմնականում ապահովվել է ի հաշվի ԱԱՀ-ի, եկամտային հարկի, շահութահարկի, շրջանառության հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքերի։ Անշուշտ, այս աճի ապահովման գործում մեծ ներդրում ունեն ոչ միայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, այլև իրավապահ մարմինները։
Վերջերս հրապարակվեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, որը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Ինչպես միշտ մեծ շուքով է հրապարակվում խոշոր հարկատուների վճարված հարկերի մեծությունը, կարծես թե, դա մեր տնտեսության փրկությունն է։ Մի կողմ թողնելով այն, որ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը ենթադրում է ոչ միայն հարկերի հավաքագրում, այլ դրանց ծախսում ըստ ծրագրերի (հատկապես՝ կապիտալ ծախսերի ծրագրերի, ինչը ձախողել է այս կառավարությունը)։ Պետք է փաստել, որ խոշոր հարկ վճարողների կողմից ավելի հարկ վճարելը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ, այլև նրանց կողմից շուկաների մենաշնորհացման և որոշ հարկատեսակների դրույքաչափերի աճով։ Սա բաժակը կիսով դատարկ կամ կիսով լիքը տեսնելու հարց չէ։ Զարգացած, սոցիալապես արդար տնտեսական համակարգ ունեցող երկրներում փոքր և միջին բիզնեսը վճարում է ընդհանուր հարկերի շուրջ 70 տոկոսը, ինչը վկայում է, որ այդ տնտեսության մեջ ստեղծվող արդյունքը բաշխվում է հասարակության լայն խմբերի միջև, ոչ թե մի քանիսի, ինչպես մեզ մոտ։ Դրա վառ ապացույցը մանրածախ առևտուրն է, որտեղ խոշոր սուպերմարկետները, առանց սահմանափակումների կամ լրացուցիչ հարկման, ընդլայնում են իրենց գործունեության աշխարհագրությունը և մեծածախ գներով մանրածախ վաճառք են իրականացնում՝ մեծացնելով իրենց մասնաբաժինը շուկայում, ինչի արդյունքում բազմաթիվ փոքր և միջին խանութներ, կրպակներ դադարեցնում են իրենց գործունեությունը։ Ի դեպ, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի 44,7 տոկոս ավելի շրջանառության հարկ է վճարվել, այսինքն, փոքր բիզնեսից հարաբերականորեն ավելի շատ է հավաքագրվել հարկեր, քան խոշոր հարկատուներից։
Իսկ ինչ վերաբերում է խոշոր հարկ վճարողների տասնյակում ընդգրկված կազմակերպություններին, ապա 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նրանք վճարել են 21.5 մլրդ դրամ կամ 12.6 տոկոս ավելի։ Տրամաբանական հարց է առաջանում, ո՞ր ոլորտներում են գործում այդ ընկերությունները և ի՞նչ ազդեցություն է ունեցել այս ընկերությունների գործունեության վրա ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը։
Խոշոր հարկ վճարող ընկերություններից են «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը և «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-ը, որոնք հանքարդյունաբերական ընկերություններ են, և նրանց կողմից վճարված հարկերի մեծությունը ուղղակիորեն կախված է միջազգային շուկայում մետաղների գների հետ։ Այս տարվա ընթացքում մետաղների գները միջազգային շուկայում համեմատաբար բարձր են եղել, ինչն էլ նպաստել է նրանց շրջանառության ծավալների և հարկերի վճարումների աճին։ Հանքարդյունաբերության երկնիշ աճի պայմաններում անհասկանալի է բնապահպանական հարկից և բնօգտագործման վճարից մուտքերի զգալի նվազումը՝ 4,6 տոկոս։ Ըստ էության՝ շարունակվում է ընդերքի գերշահագործումը։
Կարդացեք նաև
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ», «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ», «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» և «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունները ծխախոտ արտադրող և ներկրող ընկերություններ են, որոնց վճարած հարկերի ներկա մեծությունը պայմանավորված է իրացման ծավալների և 10 տոկոսով ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերությունները բնական մոնոպոլիաներ են, որոնց կողմից հարկերի ավելի վճարումները բացատրվում է կորուստների կրճատմամբ։
«ՖԼԵՇ» և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունները զբաղվում են բենզինի և դիզելային վառելիքի ներկրմամբ և մանրածախ վաճառքով․ տարբեր գնահատականներով՝ նրանց է բաժին ընկնում ներկրվող վառելիքի 75-80 տոկոսը և բենզալցակայանների ցանցի շուրջ 1/3-ը։ Այս շուկայում տարիներ շարունակ իրականացվում է միասնական գնային քաղաքականություն, այս և մյուս փոքր ներկրողները միաժամանակ գները բարձրացնում և իջեցնում են։ Օրինակ՝ այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում հեղուկ վառելիքի գներն աճում էին՝ արժևորվող դրամի և միջազգային շուկայում նավթի գների նվազման պայմաններում։ Տարիներ շարունակ այս ընկերությունները, օգտվելով իրենց՝ ներկրող լինելու հանգամանքից, ընդլայնել են իրենց բենզալցակայանների ցանցը և պետական գնումները բաշխել միմյանց միջև։ Ցավոք, արդեն կես տարուց ավելի է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ ուսումնասիրությունների փուլում է, և ըստ էության, այս շուկայում չունենք մրցակցության բարելավում։ Բացի այդ, այս շուկան շարունակում է մնալ ստվերային, զգալի են թերլիցքավորման և անորակ վառելիքի դեպքերը։
Հանրությանը հետաքրքրում է նաև, թե ինչպե՞ս է՝ խոշոր հարկատուների տասնյակում չի հայտնվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը։ Դա նույնպես իր բացատրությունն ունի.
Այսպես. 2018 թվականի մայիսին «Ալեքս Գրիգ» ընկերությունն իր գործունեության ոլորտները բաշխեց 8 ընկերությունների միջև, այսինքն՝ տարբեր ապրանքների ներկրումը, արտադրությունը և սուպերմարկետների ցանցը գործում են «Ալեքս Գրիգի» և յոթ այլ ընկերությունների միջոցով։ Անշուշտ, նպատակը ռիսկերի նվազեցումն էր, մեծածախ-մանրածախ շղթայի թեկուզև ձևական առանձնացումը, ինչպես նաև տնտեսական մրցակցության օրենսդրության խախտման դեպքում հնարավոր խոշոր տուգանքներից խուսափելը և այլն։ Հանրագումարում այդ 8 ընկերությունները ավելի շատ հարկ են վճարել, ինչը տեղի է ունեցել ի հաշվի ստվերային եկամուտների հայտարարագրման և շուկայի մենաշնորհացման ընդլայնման։
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խոշոր հարկ վճարողների տասնյակը | |
1. | «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» |
2. | «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» |
3. | «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» |
4. | «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» |
5. | «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» |
6. | «ՖԼԵՇ» |
7. | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» |
8. | «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» |
9. | «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» |
10. | «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» |
Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ
1․ Հարկերի հավաքագրման և տնտեսական զարգացման վրա կառավարության տնտեսական քաղաքականության ազդեցությունը շատ փոքր է,
2․ Տնտեսության մենաշնորհացման գործընթացը շարունակվում է
3․ Մենք չունենք ներառական աճ, իսկ եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը ավելի է խորանում։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,
Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,
Սուրեն Պարսյան