Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին բանը, որ այնտեղ զբոսաշրջիկը տեսնում է, դա կովն ու թրիքն է». Պապոյանը նախարարին բողոքեց՝ 10-րդ դարի ամրոցն անգամ չենք կարողանում ներկայացնել

Նոյեմբեր 04,2019 16:38

«Մենք կկարողանանք երկարաժամկետում երաշխավորել 5-7 տոկոսին ձգտող կայուն տնտեսական աճին: Մենք պետք է ամեն ինչ անեք, որ ներդրումներ կատարվեն, շահույթ ստանա ու ապահովեն տնտեսական աճ: 7 տոկոսը մեզ միջին ժամկետում չի բավարարվելու, ձգտելու ենք 7-ից բարձր տնտեսական ցուցանիշի այդ դեպքում ներդրումները լինելու են ոչ թե 25-30 տոկոս, այլ՝ ավելի»,- այսօր ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց մեկ պատուհանով սպասարկել ներդրողներին: Խաչատրյանը վստահեցրեց, որ մեկ պատուհանի գաղափարը ներդրողների ետ աշխատելու համար չեն մերժում. «Եթե որեւէ ներդրող ասում է, որ պետական կառավարման համակարգում խնդիր ունի, մեր աշխատողները խնդիրը հասկանում են, խոսում ենք գործընկերների հետ, փորձում ենք լուծում գտնենք: Հիմա դուք ասում եք, որ ֆիզիկապես բոլոր կառույցները գտնվեն մի տեղում, ոչ միշտ է դա հնարավոր: Կառուցապատման թույլտվությունների դեպքում փորձում ենք համատեղել, որ մարդը մի տեղ դիմի: Որտեղ դա հնարավոր է, մենք մեկ կետից ծառայություներ ապահովելու եղանակն ապահովում ենք»:

Մելքումյանն ասաց, որ այս ծառայությունները բավարար լինելուց հեռու են, դրա մասին է խոսում այն, որ իրենց են դիմում բազմաթիվ ներդրողներ, գործարարներ. «Օրենք չկա, որ միգուցե գալիս են շատ հայրենասեր, կարճ ժամկետներում կազմակերպվի, կարող է այդ ներդրողը 2 օրով է եկել Հայաստան, կամ 5 օրով: Պետք է բոլոր ռիսկերը հաշվի առնենք, համակարգը պիտի ներդրողին կանչի:

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ եթե օրենք չկա, դա չի նշանակում, որ կառավարությունը պատասխանատու չէ ու կարող է դանդաղ աշխատել:

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց զբոսաշրջության զարգացման խնդիրներից. «Ryanair-ը էժան գներով գալիս է Հայաստան եւ այստեղ հնարավորություն կա զբոսաշրջային հոսքերի ավելացման, բայց այդ հնարավորությունը պետք  զբոսաշրջիկի համար հեշտ լինի: Մի կայք ունենանք, որտեղ զբոսաշրջիկը կմտնի, կնշի իր պարամետրերը, թե երբ է գալու, քանի աստղանի հյուրանոցում է ուզում մնալ ու միանգամից իր համար կբերի գին՝ ասենք, 1610 դոլար: Ինքը կվճարի ու վերջ, հեշտ կլինի իր համար: Ես երեկ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում եմ եղել, 10-րդ դարի ամրոց էր: Այնտեղ մենք չունեինք գիդ, ամրոցի տարածքում կան կովեր, թրիք եւ այլն եւ կային 20 զբոսաշրջիկ, որոնք եկել էին մերսեդեսներով, իրենց վարորդով: Մենք այնտեղ չունեինք պրոֆեսիոնալ ծառայություն՝ տոմս, պահպանություն, խնամք եւ այլն: Սա մեծ ռիսկ է, եթե մենք 10-րդ դարի ամրոց չենք կարողանում ներկայացնել ու առաջին բանը, որ այնտեղ զբոսաշրջիկը տեսնում է, դա կովն ու թրիքն է, կարծում եմ, ձեր ամբողջ աշխատանքը՝ ճանապարհ, մարքեթինգ, կայք, ենթակառուցվածք, հյուրանոց, դրանք միանգամից իջնում են, հավասարվում գետնին»:

Ըստ պատգամավորի, գուցե այդ ամբողջ շղթան պետք է տալ մեկի ձեռքը, որ կառավարի, ոչ թե մշակույթի նախարարությունը առանձին իր դերն ունենա, էկոնոմիկայի նախարարությունը՝ իր: Նախարարը համաձայնեց. «Ճիշտ եք: Մենք պետք է մտածենք համակարգված կառավարության ներսում տարբեր կառույցների գործողությունները համադրենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել