Այսօր ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին առաջարկեց, որ մեր պետությունը ավտոգործարան սարքի: Նա նախարարին հարցրեց՝ ներդրումերի չափը, դրանց կառուցվածքը բավարարո՞ւմ է ձեզ տնտեսական հեղափոխությանն անցնելու այս ճանապարհին՝ նախարարը պատասխանեց. «Ներդրումների միջավայրը մեզ թվում է չափազանց նպաստավոր, տնտեսական հեղափոխության հիմնական արդյունքը դա է: Ես կարծում եմ, որ տնտեսական հեղափոխությունն իր հիմնական նպատակին հասել է»:
Աղազարյանը նաեւ ասաց՝ մեկ տարվա ընթացքում ավտոներկրողները հսկայական գումարներ են գեներացրել իրենց մոտ, ամենահամեստ հաշվակներով՝ 500 մլն դոլար: Հիմա այդ 500 մլն դոլարն այդ մարդիկ ի՞նչ անեն, միգուցե կառավարությունը մի հատ ավտոգործարան սարքի, մի հատ ինչ-որ բան սարքի, մարդիկ այդ 500 մլն դոլարը սկսեն ներդնել մեր երկրում: Երբ ամեն մեկն իր ձեռքում ունի 50-100 հազար, չի կարող ինչ-որ բան նախաձեռնի, բայց երբ կառավարությունը նախաձեռնի, այդ գումարները կօգտագործվեն մեր երկրում: Նախարարը պատասխանեց, որ դրա լավագույն գիտակը կառավարությունը չի, թե ինչ ներդրումային պրոյեկտներ է պետք է իրականացնել: Կառավարություն իր մասնակցություն ունենում է՝ ենթակառուցվածքները զարգացնելով. «Կառավարությունն այլ կերպ է այդ հարցին վերաբերվում՝ ֆոնդային բորսաների կապիտալի շուկայի հարցերն են, մեկ օրում այդ հարցերը չեն լուծվում: Առաջիկայում ֆոնդային հարթակի ձեւավորումը թույլ կտա փոքր միջոցներ ունեցողներին որոշակի ծրագրերում իրենց մասնակցությունն ունենալ ու գումարներն ուղղել դեպի տնտեսական ակտիվություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ