Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պատմական որակեց օրը, քանի որ հայտարարվեց «Դասարան+դասական» ծրագրի առաջին փուլը: Ասաց, որ այս քայլով կոտրում են բոլոր սահմանները` հասարակություն, թատրոն, դպրոց, աշակերտ հարաբերակցության մեջ:
«Այսօր այս կահ-կարասիի վրա, որ նստած եք, դրանցից յուրաքանչյուրը պատմություն կրող իր է` «Կորադո» ներկայացման, «Մեծապատիվ մուրացկաններ», «Պատվի համար» ներկայացումների…Կարող եմ շարքը շարունակել: Այն, ինչ ունեինք թատրոնի պահոցներում, դրել ենք մեր գլխավոր սրահներում, որ դուք ձեր թարմությամբ ու շնչով ստեղծեք մի հետաքրքիր դաշտ մեզ համար»,- միջոցառմանը ներկա աշակերտներին ասաց Վարդան Մկրտչյանը:
Հավելեց, որ 5 օրվա ընթացքում աշակերտները կլսեն թատրոնի ոլորտի լավագույն մասնագետներին, որից հետո նրանք կկազմեն իրենց դասը եւ այն կներկայացնեն իրենց դպրոցներում:
Թատրոնի տնօրենը հայտնեց, որ շուրջ 250 աշակերտ եւ ավելի քան 40 ավագ դպրոց հայտ է ներկայացրել` ծրագրին մասնակցելու համար, իսկ ամենաակտիվը եղել են` 184, 42 եւ 3 դպրոցները:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ ծրագիրը հովանավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, եւ կարեւորեց ներդրումն աշակերտների համար:
«Այն 60 հոգին, որոնց կընտրի մասնագիտական հանձնաժողովը, կշարունակեն դասերը, բայց կապը չենք կտրի նաեւ մյուս 190 աշակերտների հետ, մայր թատրոնի դռները բաց են եւ միշտ կարող եք կապը պահել թատրոնի հետ»,-հայտնեց Վարդան Մկրտչյանը: Հորդորեց շարադրությունները գրելիս լինել առավելագույնս անկեղծ. «Նիքոլաս Քեյջի մասին չեք գրում, հայ թատրոնի մասին է խոսքը»: Շեշտեց, որ ընտրված 60 աշակերտները մեկ տարի շարունակ անվճար մուտք են ունենալու Սունդուկյան թատրոն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ