Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵԿ համակարգում չունե՞նք կոռուպցիա». Պատգամավորները Դավիթ Անանյանին հարցրեցին կաշառքից, մեքենաների մաքսազերծումից ու ստվերից

Նոյեմբեր 04,2019 15:13

«Լարսի թեման ժամանակ առ ժամանակ թեժանում է: Մոտակա լաբորատորիան Վերին Լարսից գտնվում է 130 կմ հեռավորության վրա»,- այսօր 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին իր մտահոգությունները ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ասաց, որ գործընկերների հետ քննարկումների ժամանակ այս հարցը կբարձրացնի, որ լաբորատորիան մոտեցնեն: Մելքումյանի խոսքով՝ «ՌԴ մաքսավորները նաեւ տրանսպորտային վերահսկողությունն են իրականացնում: Տրանսպորտային գաբարիտներ, բեռ եւ այլն, մեզանում տրասնպորտային վերահսկողության ֆունկցիայի իրականացումը ո՞նց եք տեսնում»:

Անանյանը պատասխանեց. «Լաբորատորիայի հետ կապված, կարծում ենք, դուք ոչ մի հաջողություն չեք ունենա, որովհետեւ այդ հարցը բարձրացրել ենք մի քանի անգամ եւ ՌԴ ներքին հարցն է, ներքին խնդիրն է, իրենք են որոշում, թե որտեղ պետք է ունենան լաբորատորիա: Այլ բան է, որ ՊԵԿ զարգացման ռազմավարության մեջ ունենք, որ մոտակա տարիներին մենք ինքներս պետք է լաբորատորիաներ հիմնենք: Դա մեզ պետք է ոչ միայն մաքսային, այլ նաեւ հարկային հսկողություն սահմանելու շրջանակներում»: Նա ասաց, որ երբ մեր լաբորատորիան լինի, արդեն ռուս գործընկերների հետ կգան համաձայնության, որ կրկնակի լաբորատորիա չանցնեն:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը հարցրեց՝ մտավախություններ կան ավտոմեքենաների մաքսազերծման փոփոխությունների հետ կապված, որը կլինի 2020-ի հունվարի 1-ից: Նա խնդրեց թվային պատկեր ներկայացնել՝ ինչքան թերստացում կունենա բյուջեն եւ Գյումրիում վերջին օրերին օրական քանի՞ մեքենա է մաքսազերծվում ու այդ քանակը Երեւանից որքանո՞վ է դուրս եկել: Անանյանը պատասխանեց. «3 օր առաջ Գյումրիում մաքսազերծվել է 460 մեքենա, Նորագավիթում՝ 410: Հոկտեմբերի 14-ից մենք գործառույթների մի մասը տարանք Գյումրի, այդ ժամանակ օրական 800 մեքենա էր մաքսազերծվում, Գյումրիում շուրջ 40-50 մեքենա էր, այսինքն, ամբողջ ծավալը Նորագավիթի ավտոմաքսատան ուսերին էր: Հիմա Գյումրիում շատ ավելի շատ է: Օրական ծավալը բոլորն իրար հետ շուրջ 1000 մեքենա է: Մեր կարծիքով, երբ 2020-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ օրենսդրությունը կիրառվի, պետբյուջեի եկամուտները մոտավորապես 50-55 մլրդ-ով նվազելու են»:

«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց ստվերի դեմ պայքարից, հակակոռուպցիոն միջոցառումներից: Նա ուղիղ հարց տվեց՝ մենք հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ ՊԵԿ-ի համակարգում չունենք կոռուպցիա, կոռուպցիոն երեւույթներ համակարգում առկա չե՞ն: Դավիթ Անանյանը պատասխանեց, որ շուրջ 110 մլրդ ավել բյուջետային հավաքագրումներ ունեն, որը հնարավորություն է տալիս նաեւ հին դեբետների վերադարձման ուղղությամբ քայլեր իրականացնել. «Թե կոռուպցիա կա-չկա, միամիտ կլինեի, եթե ասեի, որ ընդհանրապես կոռուպցիա չկա ոչ միայն ՊԵԿ համակարգում, այլ պետական կառավարման համակարգում որեւէ մեկը այդպիսի բացառում անելու որեւէ նախադրյալ, հիմք չունի: Ընդհակառակը, մենք ունենք կոռուպցիոն դրսեւորումների առանձին դեպքեր, որը բացահայտելու պարագայում օրենքի սահմաններում դրանց ընթացք ենք տալիս: Մի շատ կարեւոր բան ենք ասում՝մենք բոլորս անողոք պայքար ենք մղում այդ դրսեւորումները բացառելու առումով: Բայց որ ասենք չկան այդպիսի դրսեւորումներ՝ սխալ կլինենք»:

Նա ասաց, ստվերի կրճատման համակարգ են ուզում ունենալ, այդ համակարգի վրա աշխատում են: Դավիթ Անանյանը հայտարարեց, որ համաձայն չէ, որ հարկային ստվերը 8-10 տոկոս է, ստվերը շատ ավելի մեծ է: Բայց քանի այդ համակարգը պատրաստ չէ, ԱՎԾ-ի, իրենց տեղեկատվության համադրման արդյունքում են գնահատում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930