Լրահոս
Օրվա լրահոսը

Թադևոս Ավետիսյան. Սոցիալական աշխատողը պետք է առաջնային գնահատվի՝ իր աշխատանքի բարդությանը և հանրային կարևորությանը համարժեք

Նոյեմբեր 04,2019 15:04

Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

Շնորհավորում եմ մեր երկրում սոցիալական աշխատանքն իրենց ուսերի վրա իրապես տանող մարդկանց՝ նվիրյալներին:

Մեր երկրի Սահմանադրությամբ հստակ է պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում:

Պետության առանցքային այս գործառույթն իրականություն է դառնում սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատանքով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հայտնաբերման, սոցիալական կարիքների համակողմանի գնահատման և նրանց խնդիրները լուծելու ճանապարհով:

Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը մեկնարկել է տարիներ առաջ: Սակայն փաստ է, որ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակի վերաբերում են սոցիալական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, այդ բարդ և պատասխանատու աշխատանքը կատարող բազմահազար աշխատողների համար օբյեկտիվորեն անհրաժեշտ նվազագույն երաշխիքների ապահովմանը:

Մասնավորապես, առկա սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական աշխատողի եզրակացությամբ է գնահատվում ընտանիքի կարիքավորությունը: Հենց դրանով է որոշվում ընտանիքի անդամների սոցիալական աջակցության տեսակն ու չափը:

Եվ սա էլ այն դեպքում, երբ ներդրված չէ ընտանիքի անապահովության գնահատման լիարժեք մեթոդաբանություն, չկա սոցիալական աշխատողներին մասնագիտական վերապատրաստումների և ընթացիկ աջակցության գործուն համակարգ, ապահովված չէ սոցիալական աշխատանքի կատարման համար ենթադրվող գործուղման նվազագույն ծախսերի հատուցումը, իսկ սոցիալական աշխատողների վարձատրությունը գրեթե համարժեք է նվազագույն ամսական աշխատավարձի չափին:

Այսպիսի իրողության պարագայում անհնար է հավաքական իմաստով սոցիալական աշխատանքը զերծ պահել արդյունավետության խնդիրներից և տարաբնույթ ռիսկերից: Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու վերջիններիս դրսևորման կոնկրետ դեպքերը և հետևանքները, որոնց համար պատասխանատվության տարբեր միջոցներ վերջերս կիրառում են միայն շարքային աշխատողների նկատմամբ: Իսկ այս համակարգի բարձրաստիճան պատասխանատուները, փաստորեն, իրենց պարգևատրում են ամեն ամիս՝ իրենց աշխատավարձի չափով: Նաև այս անարդյունք պարգևատրումներով է մսխվում սոցիալական աշխատողների աշխատավարձերի երկար սպասված բարձրացման և նրանց սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքների ապահովման առկա հնարավորությունը:

Ամփոփելով՝ սոցիալական աշխատողը պետք է առաջնային գնահատվի՝ իր աշխատանքի բարդությանը և հանրային կարևորությանը համարժեք: Իսկ սոցիալական աշխատանքի արդյունավետության բարձրացման համակարգային բարեփոխումները պետք է ոչ թե հետաձգվեն պոպուլիստական հայտարարությունների շղարշով, այլ պետք է դառնան սոցիալական պաշտպանության ոլորտի իրական ու առանցքային օրակարգ:

 

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930