Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Դասարան+դասական» թատերական կրթական ծրագրի առաջին՝ նախընտրական փուլին ներկա էր նաեւ Արայիկ Հարությունյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն էլ ազդարարեց ծրագրի մեկնարկը:
Նա ասաց, որ իրենց հերթական կրթամշակութային նախագծերից է եւ ավանդաբար մի քանի ամիսը մեկ իրականացնելու են նոր նախագծերի շնորհանդեսներ, որոնցից մեկն էլ աբոնեմենտային ծրագրով աշակերտների` թատրոն, համերգասրահ եւ թանգարան այցելելն է:
Ինչ վերաբերում է «Դասարան+դասական» թատերական կրթական ծրագրին, նախարարն ասաց, որ ավագ դպրոցի աշակերտները ծանոթանալու են թատերական ոլորտի ու վարպետների հետ, եւ այս ծրագրով իրենք փորձելու են լուծելու նաեւ մասնագիտական կողմնորոշման խնդիր:
«Երեխաները շուրջ 10 դասախոսություն են լսելու, եւ հնարավորություն են ունենալու իրենց գիտելիքները կիրառել գործնական պարապմունքների ժամանակ` ծանոթանալով, ինչու չէ, նաեւ թատրոնների վարման տնտեսությանը: Այսօր շատ քիչ մասնագետներ ունենք, որոնք պրոֆեսիոնալ կերպով են իրականացնում թատրոնների կառավարումը»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Նախարարը խոստացավ, որ «Դասարան+դասական» ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո 2020թ գարնանը նախագիծը կդառնա համապետական եւ կընդգրկի մարզերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ