«Մենք ակնկալում ենք, որ փաստացի կատարողականը կլինի տրիլիոն 440-ի շրջանակներում»,- այսօր 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա ասաց, որ հոկտեմբերին աննախադեպ ցուցանիշ ունեն ԱԱՀ-ի վերադարձման առումով, 30.6 մլրդ դրամ վերադարձրել ենք տնտեսվարողներին, որից 20 միլիարդը հին դեբետներն են:
Անանյանը նշեց, որ խաղային ոլորտը բերելու են արդյունքային հարկման դաշտ, ոչ թե պետտուրքով. «Եթե 357 մլրդ հարկային ծախս ունենք ԱԱՀ-ի գծով, ունենք 16.8 մլրդ ակնկալվող հարկ, որը չենք կարողանում ոլորտից բերել, պետք է ուսումնասիրենք ու տեսնենք՝ միգուցե գանք եզրակացության, որ շահույթը հարկենք խաղային բիզնեսի կամ խաղատնային գործունեության: Գործունեությունը ԱԱՀ-ով հարկելու ճանապարհով եթե գնանք, ոլորտի զարգացման առումով բավականին խոչընդոտներ կունենանք: Մենք ունենք ոլորտի շրջանառության աճ»:
ՊԵԿ նախագահն ասաց, որ արդեն պայմանավորվածություններ ունեն, խորքային փոփոխություններ անելու նախագիծ են բերելու ԱԺ: Նա ասաց, որ նախորդ գումարման ԱԺ-ում պայմանավորվել են, որ վարչարարության ցուցանիշը լինի ցածր, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը լինի բարձր:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց՝ ունեք 8 ռենտգեն սարքավորում` երկու սպասարկո՞ղ, տարեկան 350 մլն դրամ էր սպասարկումը, այս տարի 440 մլն, ծառայության գումա՞րն է բարձրացել՝ Անանյանը պատասխանեց. «Չէ, ունենք 16 ռենտգեն սարքավորում, սպասարկողները երկուսն են, ունենք չինական եւ ամերիկյան: Նախկինում արտաբյուջեից ենք գումարը տվել, մենք նաեւ այդ սարքավորումները ամերիկյան կառավարությունը միշտ օժանդակել է եւ նվիրատվություններ է ժամանակ առ ժամանակ մեզ տվել: Մենք հիմա 2020-ից սկսած ծրագիր պետք է անենք, ռենտգեն սարքավորումների սպասարկման փոփոխված իրավիճակ ենք ունենալու, մենք էլի նվերներ ենք ստանալու, պետք է սպասարկենք: Չգիտեմ երբ կտան, Ձմեռ պապիկի տեսքով չի, իհարկե: Իրենք հին սարքավորումները հանում են, նորն են տալիս, դա շատ մեծ նվեր է, իհարկե, բայց բերում է սպասարկման ծախս»:
Պապոյանը նաւ հետաքրքրվեց, թե կադրերից Անանյանը գո՞հ է, բավարարվա՞ծ է ու արդյոք նրանց աշխատավարձը թո՞ւյլ է տալիս, որ բոլոր պահանջները կատարեն ու կաշառք չվերցնեն: Անանյանը պատասխանեց՝ որ պահին բավարարված լինենք, նշանակում է մեզ տուն ուղարկելու ժամանակն է, չպետք է եղածով բավարարվեն. «Ավելի քան 800 հոգի աշխատանքից ազատվել է 2019-ին, դրա մի մասը՝ սեփական նախաձեռնությամբ, մի մասը՝ կրճատումների արդյունքում, բայց մոտ 60% էլ նոր աշխատուժ ենք ներգրավել, որոնք հիմնականում երիտասարդ կադրեր են եւ անփորձ: Այսինքն, սերնդափոխությունը ՊԵԿ-ում ու պետական կառավարման համակարգում ոչ միայն անխուսափելի է, այլ նաեւ իրական հաջողությունների է բերում: Կայացած մասնագետի պահել այս աշխատավարձով ու որդեգրած գործիքակազմով շատ ավելի բարդ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ