2020-ի բյուջեի նախագծի քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են: Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց. «Նախորդ գումարման ԱԺ-ի հետ համաձայնություն է եղել, գերատեսչություններն ընդունել են, որ պետք է ցուցանիշներ ավելացվեն: Հետո մենք նայում ենք, որ արդյունքի ցուցանիշները բացակայում են: Եղել են կադրային, կառուցվածքային փոփոխություններ, բայց դուք այն ժամանակ էլ եք եղել ֆինանսների նախարար, հիմա էլ եք ֆինանսների նախարար, ինչո՞վ է պայմանավորված, որ նախորդ գումարման ԱԺ-ի հետ պայմանավորվածությունները հիմա բյուջեում արտացոլված չեն»:
Ջանջուղազյանը պատասխանեց. «Ծրագրային ձեւաչափի անցումը ենթադրում է, որ խոսքը չի կարող վերաբերվել ճշգրիտ անցումային ցուցանիշներ սահմանելուն»: Նախարարն ասաց, որ եթե չեն ներկայացրել, ուրեմն դրա համար կա բացատրություն եւ պարզաբանում, ինչը կարող են քննարկել: Թունյանն արձագանքեց, որ խոսքը մոտեցման եւ ԱԺ-ի նկատմամբ վերաբերմունքի մասին է. «Կապ չունի, թե նախորդ գումարման ԱԺ-ում ով էր մեծամասնություն, հիմա՝ ով: Փորձագետները լուրջ աշխատել են դրա վրա ու եթե ես տեսնում եմ, որ աշխատանքը արտացոլված չի, աշխատանքը հարգել է պետք»:
Ջանջուղազյանն էլ պատասխանեց. «Չեմ կարծում, որ խոսքը հարգալից կամ անհարգալից վերաբերմունքին կարող է վերաբերվել: Ուղղակի մենք պետք է ընդունենք, որ քարին չի փորագրվում այս կամ այն պայմանավորվածությունը: Եթե հետո պարզվում է, որ միջոցառումն, օրինակ, նշանակալի չի կամ ամենանշանակալին չի այդ ծրագրային արդյունքին հասնելու համար, այն կարող է վերանայվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ