Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը, ինչպես երբեք, մոտ է Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. իսրայելցի փորձագետ

Նոյեմբեր 04,2019 12:54

Իսրայելը, ինչպես երբեք, մոտ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին Eadaily.com-ի հետ զրույցում հայտարարել է Թել Ավիվում տեղակայված Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:

«Կարծում եմ, որ Իսրայելը, ինչպես երբեք, մոտ է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Եվ հարցը ոչ միայն և անգամ ոչ այնքան Իսրայելի հարաբերությունների կտրուկ վատթարացումն է Թուրքիայի հետ, որը Եվրոպայի դաշնակից երկրից վերածվել է նրա ամենամոլեռանդ քննադատներից և հակառակորդներից մեկը: Հարցը, իմ կարծիքով, առաջին հերթին այն է, որ իսրայելցիները հասունացել են այդպիսի քայլ անելու ընկալմանը, և հանրության շրջանում լայն կոնսենսուս կա այդ հարցում: Երկրի այսօրվա նախագահ Ռեուվեն Ռիվլինը մեկ անգամ չէ, որ կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանութան ճանաչմանը, և Կնեսետի խոսնակ եղած ժամանակ էլ մասնակցել է 1915թ. ողբերգությանը նվիրված առաջին հատուկ նիստին»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ այսօր Ցեղասպանության փաստի շուտափույթ ճանաչման համախոհներ կան Իսրայելի քաղաքական դաշտի երկու ճամբարներում էլ: Ճանաչման օգտին են խոսում աջ «Լիկուդ» կուսակցության ազդեցիկ գործիչներ, այդ թվում Կնեսետի խոսնակ Յուլիա Էդելշտեյնը, նաև ձախամետ «Մերեց» և «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդները:

Ցինկերը հիշեցրել է, որ Իսրայելի Կնեսետը 2019թ. ապրիլից գտնվում է քաղաքական փակուղում և ոչ մի կերպ չի կարողանում իշխող կոալիցիա ձևավորել, և չի բացառվում երրորդ անընդմեջ ընտրությունների անցկացումը՝ գալիք տարվա գարնանը: Ուստի, նման պայմաններում փորձագետը հնարավոր չի համարում անցումային կառավարության և դժգույն գործող խորհրդարանի կողմից վճռական որոշումների կայացումը ռազմավարական նշանակություն ունեցող արտաքին քաղաքական և սոցիալ-տնտեսական հարցերով:

«Իհարկե, չի բացառվում, որ քանի դեռ երկիրը գտնվում է պերմանենտ ընտրական գործընթացում, ստեղծվի մի իրավիճակ, երբ ընտրողների ձայնի համար տարբեր կուսակցությունների առաջնորդներ առաջ քաշեն Ցեղասպանության ճանաչման հարցը: Դրանում դրական դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի դեսպանատունը, որի բացումը, ըստ Հայաստանի կառավարության հայտարարության, նախատեսվում է 2019թ. վերջին-2020թ. սկզբին»,- ասել է Ցինկերը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930