Հոկտեմբերի 31-ին Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իսկական տոն էր․ նշվում էր մեծանուն երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, նախկինում՝ թատրոնի բազմամյա գլխավոր դիրիժոր Յուրի Հայկի Դավթյանի 90-ամյակը։ Համերգը պատվել էին իրենց ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը։ Ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք մի քանի դրվագ մաեստրո Դավթյանի հարուստ ստեղծագործական կենսագրությունից․
Շուրջ 20 տարի Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, իսկ 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։
Նա ղեկավարել է ԽՍՀՄ մի շարք նվագախմբեր, համերգներով հանդես եկել աշխարհի մի շարք երկրներում՝ այդ թվում Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Իսպանիայում:
Կարդացեք նաև
Այս առիթով մեր զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը ասաց հետևյալը․ «Այսօր հիրավի պատմական երեկո է․․․Անչափ ուրա՛խ եմ, որ մեր սիրելի մաեստրո Յուրի Դավթյանը այս պատկառելի տարիքում առողջ է, և վստահորեն տիրապետում է դիրիժորական փայտիկին։ Առողջություն և երկար կյանք Յուրի Հայկովիչին։»
Այնուհետև շարունակեցինք զրուցել Կոնստանտին Օրբելյանի հետ։
-Մաեստրո Օրբելյան, թույլ տվեք սկզբից հարցնել Ձեր համերգի մասին Լիտվայում:
-Առիթը Լիտվայի նորընտիր նախագահ Գիտանաս Նաուսեդայի հանդիպումն էր երկրի բուհերի պրոֆեսորների հետ՝ մոտ տաս հազար հոգի։ Ես ղեկավարում էի իմ՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչներից էր մեր Օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը։
Դրանից հետո Մոսկվայում՝ ՌԴ մայրաքաղաքի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացած «Դմիտրի Խվորոստովսկին և ընկերները՝ երեխաներին» բարեգործական համերգում ղեկավարեցի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի նվագախումբը, որին մասնակցեցին աստղեր՝ Աննա Նետրեբկոն, Յուսիֆ Էյվազովը, Եկատերինա Գուբանովան, Էլդար Աբդրազակովը, իտալացի բարիտոն Լուկա Սալսին, ուրիշներ։
Համերգից ամբողջ հասույթը պետք է փոխանցվեր հօգուտ հիվանդ երեխաների։
Հետո վերադարձա Լիտվա՝ հանուն համերգի հիանալի թավջութակահար Ալեքսանդր Կնյազևի հետ, որին անցած տարի հրավիրել էի Երևան, այս անգամ կատարեցինք Անտոնին Դվորժակի համերգը։ Ընդհանրապես, հիմա աշխարհում երկու լավագույն թավջութակահար կա՝ Նարեկ Հախնազարյան և Ալեքսանդր Կնյազև․․․
– Իսկ երևանյան հանդիսականին ինչո՞վ եք պատրաստվում ուրախացնել:
-Նախ, հիմա բեմադրում ենք Ալեքսանդր Շոռի «Բյուրեղապակյա դղյակ» բալետի առաջնախաղը՝ Երաժշտությանը և արվեստին աջակցման եվրոպական հիմնադրամի օգնությամբ։ Նշե՛նք, որ անցած տարվա հունիսին այդ բալետն արդեն ցուցադրվել էր Երևանում, սակայն դա «իմպորտ» էր Մեծ թատրոնից։ Հիմա կարվում են կոստյումներ, պատրաստվում են դեկորացիաներ, որ այն ամբողջությամբ լինի «մերը»։
Միաժամանակ նոյեմբերի 6-ին Մոսկվայում՝ կոնսերվատորիայի մեծ դահլիճում համատեղ համերգ ունենք աշխարհահռչակ Հասմիկ Գրիգորյանի հետ, որին կնվագակցի տաղանդավոր երիտասարդ տենոր Պավել Պետրովը; ես կղեկավարեմ Ե․ Սվետլանովի անվ․ ՌԴ պետական սիմֆոնիկ նվագախումբը, մասնակցությամբ Կաունասի երգչախմբի, որը այս տարի նշում է իր հիսնամյակը և իր գլխավոր դիրիժոր Պյատրաս Բինգելիսի 80-ամյակը։
Հետո ես և երգչախումբը գալիս ենք Երևան, և նոյեմբերի 8-ին կատարում ենք Մոցարտի «Ռեքվիեմը»՝ մեր նվագախմբի և մեներգիչների մասնակցությամբ։
Զրուցեց Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆԸ