Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Գեւորգ Կոստանյանը բացահայտումներ արեց «Հաց բերողի» մասին

Նոյեմբեր 04,2019 14:00

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

– «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ Tert.am-ին տված հարցազրույցում այսպիսի ակնարկ էիք արել, որ նրա կալանավորմանը հաջորդ օրը հրաժարական եք տվել։ Ինչ-որ կերպ փոխկապակցվա՞ծ են այս իրադարձությունները:

– Ես այս մասին չեմ ուզում խոսել։

– Համադրեմ տեղեկությունը այն փաստի հետ, որ իբրեւ գլխավոր դատախազ՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ խոսեցիք այն մասին, որ ինքնակամ հանձնվելու դեպքում իրենք ազատվում են պատասխանատվությունից։ Մինչդեռ հետագայում նրանք ինքնակամ վայր դրեցին զենքերը եւ չազատվեցին։ Իսկ սա ինչ-որ կերպ կա՞պ ունի Ձեր որոշման հետ։

– Դա էլ չեմ ուզում մեկնաբանեմ։ Ես իմ հրաժարականի պատճառների մասին խոսել եմ։

– Ձեր հրաժարականը առողջական ինչ-որ խնդիրներով էիք պատճառաբանել:

– Փառք Աստծո, առողջ եմ։

– Անդրադառնանք «Հաց բերողի» առնչությամբ ձեր եւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանություններին։ Դրանց հետեւեց վերլուծություն, որ մատնացույց եք անում, ըստ էության, մասնավորապես ներկա գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի պատասխանատվությունը՝ կալանքի օրինականության ստուգման համար։ Իրո՞ք նպատակ ունեիք թիրախավորել գործող պաշտոնյային։

– Իմ հարցազրույցում որեւէ մեկին չեմ թիրախավորել։ Իմ նպատակը փաստեր արձանագրելն էր, եւ այնպիսի փաստեր, որոնք փաստաթղթավորված են։ Այնպես չի, որ դրանք ինչ-որ վերլուծության արդյունք են։

Ես երբեք անձանց չեմ թիրախավորում։ Երբեք։ Ինչպես միշտ՝ այս դեպքում եւս ընդամենը խոսել եմ փաստերի մասին։ Թե դրանք ի՞նչ քննարկման առարկա կդառնան, վերլուծությունների արդյունքում մարդիկ ինչ եզրակացության կգան՝ դա ինձ չի հետաքրքրում։

– Հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս ամենից հենց Արթուր Սարգսյանին առանձնացրեցիք։

– Միայն Արթուր Սարգսյանը չի։ Ես բազմիցս նման գործունեություն իրականացրել եմ՝ որպես Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչ։ Ուղղակի անհրաժեշտ չեմ համարել այդ ամեն ինչը հրապարակայնացնել, կողմնակից չեմ եղել այդպիսի հաղորդագրությունների, որովհետեւ համարել եմ, որ դա իմ բնականոն գործունեությունն է եւ պարտադիր չէ այդ մասին անընդհատ ի լուր բոլորի հայտարարել։

– Իսկ նման նախադեպեր եղե՞լ են։

– Իհարկե, շատ գործեր են եղել։

– Կարո՞ղ եք հիշատակել առանձնապես հնչեղ գործերի օրինակներ:

– Օրինակ, Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդանի գործը: Վարդան Ջհանգիրյանը, երբ որ կալանքի տակ էր՝ ուներ հիվանդություն։ Փաստաբանները այս դեպքում եւս դիմել էին Եվրոպական դատարան այն նույն պահանջով, ինչ Արթուր Սարգսյանի պաշտպանները, այսինքն, անհատական եւ հրատապ միջոցներ կիրառելու միջնորդությամբ։ Եվ այդ նույն թղթերը, երբ որ Եվրոպական դատարանից եկան՝ ինքս էլ տեսա, որ ակնհայտ հիվանդություն ունի կալանավորված անձը։ Ես էլի նույն ընթացակարգով այդ խնդիրը բարձրացրեցի եւ այն լուծում ստացավ։ Այսինքն, նույն ձեւի ինքը ազատվեց։

Հնչեղ էր նաեւ Վահան Շիրխանյանի գործը։

– Բայց Շիրխանյանը վերջիններից մեկն ազատ արձակվեց։

– Այո, գործի քննության ժամանակ Շիրխանյանի պաշտպանները դիմել էին Եվրոպական դատարան՝ հիվանդության պատճառով նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։

Եվ էլի նույն ձեւով, սահմանված նույն ընթացակարգերով այդ խնդիրը բարձրաձայնեցի: Եվրոպական դատարանից ստացվել էին հիմքերը եւ հավաքեցի նաեւ այլ փաստաթղթեր ու տեղեկություններ, եւ Շիրխանյանը տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց։

Այսպիսի դեպքերը շատ են, ուղղակի ես այդ մասին երբեք չեմ խոսել։

Իսկ ո՞րն էր անհրաժեշտությունը, որ «Հաց բերողի» մասին խոսեցի… Շատ անկեղծ ասեմ. երբ որ այս ընթացքում տեսա, որ Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ անընդհատ բարոյահոգեբանական ճնշումներ են գործադրվում «Հաց բերողի» հետ կապված՝ մեղադրելով նրան, ես ուղղակի ցանկացա այդ փաստերը ներկայացնել, որ մարդիկ հասկանան, որ Արփինեն իրականում լավ բան է արել:

– Փորձել է անել:

– Ու ստացվել է։ Եվրոպական դատարանից ստացա նյութերը, բարձրաձայնեցի, այսինքն՝ սկսեցի քննարկում արդարադատության նախարարի հետ։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն կատարեց, հետո դատախազի հետ խոսեց։ Արդյունքում հարցը լուծվեց: Եվ առաջին անգամ «Հաց բերողը» կալանքից ազատվեց հենց այդ գործունեության արդյունքում, այսինքն` անհրաժեշտությունը բացառապես դրանով է պայմանավորված։

Զրույցը վարեց

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ


Հ. Գ.
Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանն Արթուր Սարգսյանի առնչությամբ հստակ ուրվագծել էր որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։

  1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)
  2. Հսկող դատախազ եւ նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)
  3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երեւան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)
  4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):

 

«Առավոտ» օրաթերթ
02.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930