Անդրեյ Ղուկասյանն ասում է՝ բոլորին նույն ճակատագիրն է սպասվում. ազատվելու է այն տնօրեններից, որոնք յուրացումներ են թույլ տվել
Ամիսներ շարունակ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթը տեղի չէր ունենում. ամեն անգամ մարզպետարանի, համայնքապետարանի եւ համապատասխան նախարարության ներկայացուցիչները, որոնք դպրոցի կառավարման խորհրդի անդամներ էին, չէին ներկայանում մրցույթներին: Կառավարման խորհրդի մյուս անդամներից 2-ը դպրոցի մանկավարժներն են, 2-ն էլ՝ ծնողական կոմիտեից: Այս դպրոցի տնօրենի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածուն Լիլյա Հարությունյանն էր, որը 20 տարի այս դպրոցի տնօրենն է եղել:
«Առավոտի» հետ զրույցում Լիլյա Հարությունյանն ասում է՝ 4 մրցույթ է եղել եւ կառավարման խորհրդի անդամներից նույն մարդիկ 4 մրցույթին էլ չեն ներկայացել. «Մեր դպրոցի կանոնադրության մեջ գրված է, որ խորհրդի անդամը պարտավոր է պատշաճ կատարել իր պարտականությունները եւ պատշաճորեն ներկայանալ խորհրդի նիստերին: Օրենքով սահմանված է՝ այն մարմինը, որն առաջադրում է խորհրդի անդամին, պարտավոր է ապահովել անդամի ներկայությունը նիստերին եւ մրցույթին: Մարզպետի, քաղաքապետարանի, նախարարի ներկայացուցիչները չէին ներկայանում եւ չէին հիմնավորում, թե ինչու չեն գալիս: Նրանցից մեկն ասել է՝ չեմ ուզում, չեմ գալիս: Բայց ես գիտեմ, չեն գալիս, որովհետեւ մարզպետը դիրքորոշում ունի՝ այն տնօրենները, ում դեմ քրեական գործ է հարուցված, այլեւս չեն աշխատելու»: Լիլյա Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ գումարներ յուրացնելու: Հարությունյանն ասում է՝ 1-ին մրցույթից հետո, երբ խորհրդի որոշ անդամներ չեն ներկայացել մրցույթին, գնացել էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպման. «Հավանականությունը մեծ էր, որ ես կընտրվեմ, բարձր հեղինակություն ու վարկանիշ ունի դպրոցը, որը 20 տարի ղեկավարել եմ, մանավանդ որ այլ թեկնածու էլ չկար, գնացի մարզպետի մոտ: Նա ասաց, որ ունի դիրքորոշում ու չի փոխի այն: Մարզպետի ուղղորդմամբ այդ անդամները չեն եկել մրցույթներին: Մարզպետը կարող էր հանձնարարեր, եւ ես գիտեմ, որ նախարարի ներկայացուցիչը մեր ստեփանավանցին է, մարզպետի հետ մտերիմ է: Մարզպետին ասել էի՝ իմ դեմ բողոքը շինծու է, անմեղության կանխավարկած կա, մարզպետն ասաց՝ դիրքորոշումս չեմ փոխի»:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ներկայիս իշխանությունները դպրոցի իրենց համար անցանկալի տնօրեններից ազատվում են նախկին իշխանության մեթոդներով. նախկինում նույնպես, կառավարման խորհրդի՝ պետական կառույցի ներկայացուցիչները չէին ներկայանում մրցույթներին, մինչեւ այն չէր կայանում, ու նոր մրցույթ էին հայտարարում, իրենց ցանկալի թեկնածուին անցկացնում: Հիմա ՀՀԿ-ական Լիլյա Հարությունյանի դեմ կիրառվում են ՀՀԿ-ական մեթոդները:
Կարդացեք նաև
«Ես եղել եմ ՀՀԿ-ի, այսպես ասած, ներկայացուցիչ, բայց ասեմ՝ որպես ՀՀԿ-ի անդամ ընդունված չեմ եղել, իրենց ոչ մի խաղերի մեջ, ոչ մի նախընտրական կեղծիքների մեջ չեմ եղել, ընտրական հանձնաժողովներում երբեւիցե չեմ ընդգրկվել, այսինքն՝ կամակատար չեմ եղել», -ասում է Հարությունյանը: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս եք հաջողացրել 20 տարի տնօրեն մնալ, պատասխանեց. «Մեծ դժվարությամբ, ու հենց դրա համար, որ անաչառ եմ եղել, ուղիղ 5 տարի առաջ էլի խնդիր էր ընտրվելը: Հիմա էլ կուսակցական եմ, դիմում չեմ գրել, դուրս չեմ եկել, բայց կուսակցական գործերի մեջ չեմ: Նախկին իշխանությունների հետ էլ եմ խնդիր ունեցել, չեմ եղել ընտրակաշառքների մեջ, իմ հանգստի հաշվին եմ աշխատել, ես էն ժամանակ սպիտակ ագռավի կարգավիճակում եմ եղել»: Որպես իր խոսքերի ապացույց, Հարությունյանը պատմում է՝ հեղափոխության օրերին ինքը թույլ է տվել աշակերտներին ու աշխատակիցներին մասնակցել ցույցերին, ինքն էլ ակտիվ է եղել: Իր դեմ քրեական գործն արդյոք հիմք չէ՞, որպեսզի մարզպետը չցանկանա Հարությունյանն աշխատի, ասում է. «Քրեական գործն ուղղակի առիթ է իրենց համար»: Հարությունյանը պատմում է, որ քրեական գործը հարուցվել է դպրոցի նախկին վարորդի բողոքի հիման վրա, վարորդին գործից ազատել է տնօրենը, ասում է՝ լավ չէր աշխատում. «Վարորդն էլ ասել է՝ դե տղուս ընդունի վարորդ, ինձ էլ իրա տեղը՝ դպրոցի պահակի: Մերժեցի, տղան վարորդական իրավունք չուներ: Ու ասաց, որ բողոք կգրի իմ դեմ, որ տարիներ շարունակ տղայի փոխարեն ինքն է ստորագրել ու աշխատավարձ ստացել: Բայց ես չեմ իմացել այդ մասին, 5 միլիոն դրամի մասին է խոսքը»:
Թե ինչո՞ւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ներկայացուցիչը չէր ներկայանում մրցույթներին, փորձեցինք պարզել նախարարությունից: Փոխնախարար Լուսինե Առաքելյանը ոչինչ չասող պատասխան է տվել. նա հղում անելով օրենքին, պատասխանել է. «Խորհրդի անդամ` ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի նիստերին «ներկա չլինելու» հարցը կարգավորվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջով՝ պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի եւ կրթության արդյունավետության, կատարել խորհրդի՝ իրեն ներկայացրած` լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են դպրոցի կանոնադրական նպատակներից: Նույն օրենքի՝ 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերը:
Հայտնում եմ, որ կառավարման խորհրդի անդամների՝ նիստին չներկայանալու պատճառների մասին պարզաբանումները ստանալուց հետո, լրացուցիչ կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն»: Հարցումն ուղարկել էինք հոկտեմբերի 9-ին, ստացել՝ հոկտեմբերի 16-ին: Երեկ նախարարությունից գրավոր տեղեկացրել են. «Նախարարի կողմից առաջադրված «Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամի փոխարեն առաջադրվել է անդամության նոր թեկնածու»:
Իսկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ անդրդվելի է իր դիրքորոշման մեջ. մեզ հետ զրույցում պնդում է՝ Լիլյա Հարությունյանը չպետք է աշխատի որպես տնօրեն:
Ըստ մարզպետի, հիմա ձեւավորվել է նոր խորհուրդ, նոր անդամներով եւ նոր մրցույթ պետք է լինի, մարզպետարանի ներկայացուցիչներն էլ փոխվել են, կարգն է այդպես. եթե 3 անգամ չի լինում մրցույթ, խորհուրդը ցրվում է եւ նոր խորհուրդ ձեւավորվում: Մարզպետն էլ չկարողացավ ասել, թե ինչու մարզպետարանի ներկայացուցիչները չէին ներկայանում մրցույթին: Մեր հարցին՝ ձեր հանձնարարությա՞մբ չեն ներկայացել, մարզպետը ոչինչ չասաց. «Բայց անձամբ իմ կարծիքն այն է, որ նպատակահարմար չէ՝ Լիլյա Հարությունյանը պաշտոնավարի, որովհետեւ քրեական գործ կա եւ ինքը մեղքն ընդունել է, 2 միլիոն դրամ փոխհատուցել է դպրոցին եւ պետությանը հասցված վնասից: Ես ամիսներ առաջ ստացել եմ դատախազությունից եւ քննչական կոմիտեից միջնորդագիր, նշված է, որ նա մոտ 6 միլիոն դրամից 2 միլիոնը փոխհատուցել է:
Այն տնօրենը, որը նույնիսկ մեկ դրամ է գողացել, վնաս է պատճառել պետությանն ու դպրոցին, չի կարող որպես տնօրեն պաշտոնավարել եւ դաստիարակել մեր սերունդներին, դա բացառվում է»: Արդյոք նրա ՀՀԿ-ական լինելը դեր է խաղացել. մարզպետն ասում է. «Ես տեղյակ չեմ ինչ կուսակցության անդամ է, չի էլ հետաքրքրում»: Մարզպետը նաեւ տեղյակ չէ՝ նոր թեկնածուներ կա՞ն, չկա՞ն:
Իսկ նախկին իշխանության մեթոդները կիրառելու մասին մեր հարցից, մարզպետը վիրավորվեց, ասում է. «Չեմ կիսում այդ տեսակետը, որ նախկին մեթոդներն են կիրառվում: Եվ ընդհանրապես, ինձ նախկինների հետ համեմատելը անձնական խիստ վիրավորանք է, եւ կխնդրեմ չհամեմատել: Ես ունեմ խորհրդում 2 անդամ, իմ կարծիքն են արտահայտում եւ ոչ ավելին: 2 ձայնի իրավունքով, օրենքով ես կարող եմ միջամտել խորհրդի աշխատանքներին: Չենք կարող թույլ տալ, որ դպրոցում կամայականություններ լինեն կամ հանցագործները զբաղեցնեն այդ պաշտոնը, մնացած անդամներն ազատ են իրենց դիրքորոշումն արտահայտելու, լսելու մյուս թեկնածուներին»:
Պարզվում է՝ Լոռու մարզում շատ են դպրոցի տնօրեններ, որոնց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված. այս մասին մարզպետն է ասում:
«Ստեփանավանում 3-րդ դպրոցի տնօրենն էլի քրեական գործով անցել է, եւ ապացուցվել է մեղքը, ինքն ընդունել է, փոխհատուցել է վնասը, գործը կարճվել է: Էլի մրցույթ է եղել, ինքը հաղթել է, եւ ես նրան ազատել եմ աշխատանքից: Ինքը վիճարկել է դատարանում, դատարանը որոշել է, որ մարզպետը ճիշտ էր, ես անվստահության հիմքով էի ազատել աշխատանքից: Մյուս տնօրեններին սպասվում է նույն ճակատագիրը. այն տնօրենները, որոնք անցնում են քրեական գործով եւ իրենց մեղքն ապացուցվում է: Ցավոք, այդպիսիք շատ են, բայց ընթացքում են քրգործերը, կավարտվի՝ իմ մոտեցումը կցուցաբերեմ, դրանք էլ յուրացման դեպքեր են»:
Ստեփանավանի թիվ 2 դպրոցում, ըստ ամենայնի, ամեն ինչ կարվի, որպեսզի մարզպետի ցանկալի թեկնածուն տնօրեն դառնա: Ղուկասյանը, սակայն, մեզ վստահեցնում է՝ բացառում է, որ ինքը կբանակցի նախարարի եւ համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, որպեսզի իր ուզած թեկնածուն հաղթի. «Բայց ես նորմալ եմ համարում, որ ունենամ ցանկալի թեկնածու եւ խորհրդի 2 անդամների միջոցով փորձեմ տնօրեն դառնա իմ ուզած թեկնածուն, դա այն մեխանիզմն է, որը օրենքով ինձ տրված է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.11.2019