Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես առողջ կնոջը նրա լուռ բողոքից հետո Բաղրամյան-26-ից տեղափոխեցին հոգեբուժարան

Նոյեմբեր 04,2019 13:00

Ա. Խաչատրյանի դեմ Երեւան քաղաքի դատարան է դիմել փետրվարի 15-ին Ավանի հոգեբուժարանը, միջնորդությամբ՝ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումը հոգեբույժի մոտ փոխարինել ստացիոնար բուժմամբ պահանջով, այսինքն՝ հիվանդանոցային:

45-ամյա կինը՝ Ա. Խաչատրյանը, չամուսնացած, բարձրագույն կրթությամբ (ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը), աշխատել է թաղապետարաններից մեկում, որպես եկամուտների հավաքագրման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ:

Մինչ դատարանում նրա հետ իմ զրույցը (հերթական անգամ նիստը հետաձգվել էր-Ռ.Մ.) նա պատմեց, թե ինչու եւ ինչպես է հայտնվել «հոգեբուժարանում»՝ երկու տարի երկու ամիս` 29.05.2015-01.08.2017թթ.:

«Ես դուրս էի եկել Բաղրամյան-26 անարդարությունից դրդված, արդարության համար, ինձ անհիմն ազատել էին աշխատանքից, ինչպես նաեւ 2012թ. մարտի 12-ին ինձ անհիմն դատապարտել էին պայմանական ազատազրկման, գործը գտնվում է ներկայումս ՄԻԵԴ-ում, բայց ընթացքից տեղյակ չեմ»,-ասում է նա:

Ա. Խաչատրյանը նաեւ հավելեց, որ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, եւ անշահախնդիր աշխատել է ընտրական տեղամասերում, փաստորեն. «հետագայում հասկացա, որ ոչ ճիշտ կուսակցության մեջ եմ հայտնվել, մարտին դուրս եմ եկել փողոց, վայր դնելով անդամատոմսս»:

«Առավոտի» հարցին՝ ի՞նչ հետեւեց փողոց դուրս գալուց հետո, Ա. Խաչատրյանն ասաց. «Իմ հարցերը լուծելու, արդարությունը վերականգնվելու փոխարեն՝ վարչական շինծու գործեր սկսեցին սարքել իմ դեմ, ընդհուպ շառուշուռ անել, թե հոգեկան հիվանդ եմ, որպեսզի փողոց դուրս չգամ»:

29.05.2015թ. առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, գնացել է սուպերմարկետ գնումներ կատարելու, այնտեղ թաղային տեսուչ Ի. Արզումանյանը եւ մեկ այլ ոստիկան կանգնել են կողքին եւ ասել՝ բաժին պետք է գնան, չմեկնաբանելով: Զանգել է ոստիկանություն եւ 80-ն անց թոշակառու մորը՝ տեղյակ պահել:

«Գնացինք ոստիկանության բաժին, տեսա, որ շտապօգնության բրիգադ մոտեցավ եւ ինձ տարան, թե ուր՝ չգիտեմ, հետո հասկացա, որ տարել են Ավանի հոգեբուժարան»,-ասում է Ա. Խաչատրյանը:

Հարցիս, թե սուպերմարկետում ինչ էր պատահել, որ կանչել էին ոստիկանություն, Ա. Խաչատրյանը պատասխանում է. «Աշխատակիցները չհասկացան էլ, ինչ պատահեց, ես էլ ագրեսիա ցույց չտվեցի, գնացի հետները, հասկանալու՝ ինչումն է խնդիրը»:

«Բժիշկները սրսկեցին, չզննեցին, քննիչի կողմից 20.05.2015թ. որոշումը առձեռն ստացա  08.06.05.2015-ին: Այդ որոշումը բողոքարկվել է գլխավոր դատախազին եւ տարածքի դատախազին, առաջարկել եմ անձամբ գալ մեր տուն, համոզվել, որ տեսանելի ջրի արտահոսք չկա, եւ հոգեկան հիվանդ էլ չկա, ինչի մասին ես բարձրաձայնում եմ»,-ասաց նա:

ՀՔԾ-ի 04.04.2015թ. որոշումով բացառվել է ջրի արտահոսքն ու նրա դիտավորությունը, բնակարանը չոր էր, խողովակները չոր ու անվնաս: Նշեմ՝  այդ գումարները կենսաթոշակառու մորից պահվում է մինչ օրս:

Ա. Խաչատրյանին, ի դեպ, երկու անգամ, դատարանի որոշմամբ, դատահոգեբուժական փորձաքննության են ենթարկել:

«Առաջին փորձաքննությանը երկու օր հարցերին եմ պատասխանել, բողոքարկել եմ, որոշումը 5-օրյա ժամկետում, փորձագետներին ասացի, որ փողոց եմ դուրս եկել, դրա համար եմ հայտնվել այստեղ: Երկրոդ փորձաքննությանն ընդհանրապես մի հարցի էլ չեմ պատասխանել, փորձագետին ասել եմ՝ ձեր հիվանդությունն ինչու եք գրել ինձ վրա: Հասկացա, որ անմեղսունակ եմ ճանաչվել, ու նորից հայտնվեցի հոգեբուժարանում»,-ասում է նա: Ապա շարունակում.  «Մայրս մանկաբույժ է, եւ ես երբեք չեմ ունեցել հոգեկան խնդիրներ»:

«Սովետաշենում առաջին տպավորությունս էր՝ հարբած մարդկանց հոսք է գալիս քեզ վրա… սկսում են քեզ շոշափել: Սկսեցի իրենց հետ խոսակցության մեջ մտնել, ինչի համար են այդտեղ: Սովետաշենում մեկն ասաց՝ մորն է սպանել, մեկն ասաց՝ ենթարկվել է սեռական բռնության, մեկը փորձել էր անձնական հողի վրա ինքնասպան լինել… հետո սկսեցի ճշտել, ինչքան ժամանակ են այդտեղ մնում, մեկն ասաց՝ տասներկու, հինգ տարի, զարմացա՝ համակերպվել են այդ կարգավիճակին: Նրանք իրականում հոգեկան հիվանդներ էին: Առաջին օրը դաժան ծեծի ենթարկեցին, թեւերս կապեցին, վիրավորում էին, նվաստացնում, հայհոյում, չէին թողնում զուգարան գնալ, ասում էին՝ տակդ… լուսադեմին բաց են թողել, մորս արգելեցին ինձ մոտ գալ, քանի որ ես հոգեբուժարանից դատարանի որոշումը բողոքարկեցի: Հասկացա, որ հայտնվել եմ հանրությունից փակ, պատժիչ, բոլոր առումներով վտանգավոր հիմնարկում, չեմ հասկանում, թե ոնց կարող եմ դուրս գալ: Իսկ Ավանում մայրս ամեն Աստծո օր գալիս էր ինձ մոտ, կերակուր է բերել, իրենց սնունդից չեմ օգտվել: Միայն լողացել եմ, հոգեկան հիվանդների հետ չեմ էլ շփվել, դա երեւի օգնեց, որ դիմակայեմ այդ անմարդկայնությանը: Իմ գործով գործի են դրվել վճարովի հարեւանները, որոնք կապված էին ոստիկանների հետ: Իմ դեմ կատարվածը մինչ օրս կրում է նախապես ծրագրված  եւ կազմակերպված քաղաքական պատվեր եւ պատվիրատուն էլ եղել է համայնքային ոստիկանությունը եւ թաղային տեսուչը»:

Ի դեպ, բոլոր ոստիկաններն ազատվել են աշխատանքից:

Ա. Խաչատրյանի դեմ այս տարվա ապրիլի տասնութին նշանակվել էր առաջին դատական նիստը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի մոտ: Մինչ օրս նշանակված յոթ նիստերից երեք նիստ է «բացվել», սակայն քննություն չի սկսվել տարբեր պատճառներով. մասնավորապես՝ դատարան չի ներկայացել հանրային պաշտպանը, գրավոր պատճառաբանություն էլ չկա, սկզբում օրինական ներկայացուցիչներն էին հրաժարվում ներկայանալ, հետո դատախազը, որը փոխարինող չունի, վերապատրաստման գնաց, արձակուրդ, հիմա էլ դատավորն է արձակուրդում:

Ա. Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին, ՄԻՊ-ին,  անգամ դատական ատյաններին՝ «չեն զբաղվում, պատասխան չկա, գործը վարույթ չի ընդունվում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930