Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Լիտվայի դեսպանը Կոմիտաս եւ Անուշ տիկնիկներ գնեց

Նոյեմբեր 04,2019 12:00

Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում, նրա թանգարանի հարեւանությամբ ժողովրդական վարպետ, տիկնիկագործ Անահիտ Աթոյանը յուրատեսակ ցուցասրահ է բացել լքված մեքենայի մեջ:

Այնտեղ իր ստեղծած թեմատիկի ձեռագործ տիկնիկներն են ցուցադրվում:

Ցուցասրահում հպարտորեն տեղավորվել են նաեւ Հովհաննես Թումանյանն ու Կոմիտասը, Քաջ Նազարը, Անուշն ու մյուսները:

Ժողովրդական վարպետն ասում է, որ ցուցասրահ ստեղծելու գաղափարը պատահականորեն է ծագել: Երիտասարդ տարիքից տիկնիկներ է գործում, վերջին տարիներին է որոշել դրանք «տանիքի» տակ առնել:


Իսկ այս տարի մեքենա-ցուցասրահում Կոմիտասի ու Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանների շնորհիվ նրանց շունչն է զգացվում: Միացրած ձայնարկիչից կամ Կոմիտաս է հնչում, կամ Սոս Սարգսյանի թումանյանական ասմունքը:


Անահիտ Աթոյանն ասում է, որ շատ հաճախ են զբոսաշրջիկներ գալիս իր ցուցասրահ: «Օրինակ, վերջերս Լիտվայի դեսպանն էր ընտանիքով այցելել: Իրենք անմիջապես Անուշ եւ Կոմիտաս տիկնիկներ վերցրին: Դեսպանը նույնիսկ Կոմիտաս երգեց, ու ես շատ հուզվեցի»,-պատմեց ժողովրդական վարպետը: Հավելեց, որ հաճախ են մարդիկ Կոմիտասի ու Թումանյանի տիկնիկը գրկում, որ լուսանկարվեն ու հուզվում են:


Պարզեցինք, որ սովորական տիկնիկը մեկ շաբաթում է գործում, իսկ կերպարային մեծ տիկնիկների համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Ասում է՝ ամեն տիկնիկը գործելիս հուզվում է, ասես հոգի է դնում նրանց մարմիններում: Ի տարբերություն փոքրերի, մեծ տիկնիկները չի վաճառում, ասում է` անգին են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Նարեկ Ավագյանի

«Առավոտ» օրաթերթ
02.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել