Հարցազրույց կրոնագետ, գրող Դավիթ Սամվելյանի հետ
– Ընթերցողին ծանոթ են ձեր «Լուսե երազ» բանաստեղծությունների, «Նա եւ Նրա» արձակ բանաստեղծությունների եւ նովելների ժողովածուները, «Արտագաղթած կարոտ» արձակ բանաստեղծությունների, էսսեների ու պատմվածքների ժողովածուն, «Ռոդենի ձմեռը» պատմվածքների ժողովածուն։ Օրերս հանդես եկաք «հակաՔԱՂԱՔԱԿԱՆ» պատմվածքների «հավաքածուով», որի կիզակետում դարձյալ մարդն է։ Բայց, եթե նախորդ ժողովածուներում ստեղծագործությունները զուտ մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի ու զգացմունքների, ներքին մղումների մասին են, ապա նոր գրքում շեշտադրված է մեր քաղաքական դաշտը։ Ի՞նչը դրդեց ձեզ դիմել նոր շերտի։
– Փորձել եմ ինչ-որ կերպ բացառել մեր առօրյայում իշխող քաղաքականացված ապրելակերպը։ Ամենօրյա հետաքրքրությունների շրջանակը պետք է լցնել ոչ թե պարապ խոսքերով (նկատի ունի քաղաքականության շուրջ անդադար զրույցները,- Ս.Դ.), այլ շոշափել, վեր հանել թեմաներ, որոնք կարեւոր ու մնայուն արժեքներով կնպաստեն մարդկանց մտավոր ու հոգեւոր աճին։
Տեսեք, ոչ միայն վերափոխվել է մեր քաղաքը, այլ վերափոխվել են քաղաքացիները։ Երեւանից վերջին շրջանում լիքը մարդիկ հեռացել են, լիքը նոր մարդիկ էլ են եկել։ Փոխվել է մեր քաղաքի մթնոլորտը, դիմագիծը։ Գրքիս հերոսներն այլ արժեհամակարգ կրող մարդիկ են, քան նրանք, ովքեր առավոտից իրիկուն պարզապես ապրում են քաղաքականությամբ եւ դարձել են դրա քարոզիչները։
Կարդացեք նաև
-«հակաՔԱՂԱՔԱԿԱՆ»-ում առաջին հայացքից կարծես բողոք չկա, բայց տողատակերում նույնիսկ առանձին մեկ-երկու դեպքերում այն ակնհայտ է։
– Բողոքն ավելի շատ հասարակական պատկերացումների, առանձին դեպքերում ապրելակերպի ու գաղափարների դեմ է, քան ինչ-որ քաղաքական ուժի կամ իրավիճակի։
– Մեկ-երկու օրինակ կբերե՞ք։
– «Թռիչք դեպի անորոշություն» պատմվածքում ցուցարարներն են, որոնք աղաղակում են, բարձրացնում լոզունգներ, որոնց կրողը չեն։ Օրինակ, ցուցանակներում հանդիպում ենք «Մշակույթը մեր ազգի դիմագիծն է, չփորձեք այն աղճատել» կամ «Մայր բնությունը սիրել է պետք, այլապես այն վրեժ կլուծի»…
– Վերջին շրջանում իսկապես ականատեսն ենք բնության հանդեպ մեր, մեղմ ասած, անթույլատրելի վերաբերմունքին, բայց թույլ տվեք չհամաձայնել մշակութային ձեր մտատանջությանը…
– Նայեք ձեր շուրջը, բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, պայքար է գնում արժեքների եւ անարժեք երեւույթների միջեւ։ Չգիտես ինչու, անարգելք ընդունվում ու տարածվում են մշակութային այնպիսի չակերտավոր արժեքներ, որոնք պարզապես ամուլ են… Հավատացած եմ ու վստահ, որ մշակութային գործիչների գերակշիռ մեծամասնությունը համամիտ կլինի ինձ հետ։ Ամեն օր, ամեն վայրկյան, չգիտես որտեղից ու ինչ ճանապարհներով, ստեղծվում են ընդամենը մեկօրյա կյանք ունեցող «մշակութային» տարրեր…
– Ձեր գրքում, այդուհանդերձ, ներկա է ՍԵՐԸ։
– Իրավացի եք։ Գրքիս առաջին շերտը մեր քաղաքում ծնվող եւ քաղաքում մեռնող սերերի մասին է, ավելի ճիշտ՝ սիրո տարբեր հոգեվիճակների։ Օրինակ, հենց քաղաքին տրվող ու դրժվող խոստումների, քաղաքի հանդեպ սիրո եւ այդ նույն քաղաքը օգտագործելու, քաղաքից հեռանալու ու քաղաքին ամուր թելերով կապված հիշողությունների մասին է։
– Որպես կրոնագետ ի՞նչ կարծիքի եք՝ այսօր «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ուսումնական ծրագրից դուրս թողնելու մասին։
– Սա այն խնդիրն է, որի լուծումը միակողմանի չպե՛տք է կայացվի։ Եթե ասենք՝ միտում կա, ապա դա միանշանակ դատապարտելի է։ Իսկ եթե կան ինչ-ինչ խնդիրներ, ուրեմն կան դրանց լուծումները՝ նույնպես։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.11.2019