Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ողջ աշխարհում նոր սերունդն ըմբոստացել

Նոյեմբեր 04,2019 10:55

Չիլի, Հոնկոնգ, Լիբանան, Լոնդոն, Բարսելոնա․ 2019 թ-ին մենք ականատես ենք եղել ողջ աշխարհում զանգվածային փողոցային ցույցերի։ Jam-news-ը ներկայացնում է  The Guardian-ում Ջեք Շենքերի հոդվածը։

Ի՞նչ են պահանջում ցուցարարները

Յուրաքանչյուր առանձին դեպքում ցույցերը բռնկվել են տարբեր պատճառներով։

Չիլիում առիթը մետրոյի երթևեկության վճարի բարձրացումն էր։ Լոնդոնում փողոց էին դուրս եկել էկոակտիվիստները։ Հոնկոնգում՝ մարդիկ, որոնք մտահոգված են այդ ինքնավարության իրավունքների նկատմամբ կոմունիստական Չինաստանի ոտնձգություններով։ Բարսելոնայում ցուցարարները պահանջում էին դադարեցնել անջատողականների առաջնորդների հետապնդումը։

Վերջին անգամ ցույցերի նման բռնկում նկատվել է այս տասնամյակի սկզբին, երբ տեղի էր ունենում «արաբական գարունն» ու Occupy շարժումը։

Պահանջները տարբեր են, էությունն՝ ընդհանուր

Որքան էլ գլոբալ բողոքի պահանջները տարբեր են, ընդհանրություններ կան։

Առաջին հերթին, դա սոցիալական ցանցերի դերն է։ Հենց դրանք են թույլ տալիս ցուցարարներին արագ և զանգվածաբար ինքնակազմակերպվել վառ արտահայտված առաջնորդների և մշտական կառույցների բացակայության պայմաններում։

Երկրորդ հերթին, ակնհայտ է, որ սա նոր սերնդի բողոքն է։ Սերունդ, որը մեծ կյանք է մտել 2008 թ-ի գլոբալ տնտեսական ճգնաժամի փուլում և մինչև հիմա ապրում է՝ դրա հետևանքները կրելով։

Ինչպե՞ս է 2008թ-ի ճգնաժամն ազդել ներկայիս բողոքի վրա

2008թ-ի ճգնաժամի ուղղակի հետևանք էր ողջ աշխարհի երիտասարդների համար կենսական հեռանկարների կտրուկ նվազումը։ Տնտեսական հնարավորությունների և սոցիալական վերելակների բացակայությանը գումարվել է հնարավոր բնապահպանական աղետի վախը։ Դա մի սերունդ է ծնել, որին միաժամանակ բնորոշ են հուսահատություն և վճռորոշություն։ Այդ պատճառով էլ Հոնկոնգում, Բեյրութում և Սանտյագոյում չի կրճատվում ցուցարարների թիվը, որոնք չեն վախենում դուրս գալ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառող ոստիկանության դեմ։

Մյուս կողմից, այդ ճգնաժամը խաթարել է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ինչպես ավտորիտար, այնպես էլ ժողովրդավարական երկրներում։ Ողջ աշխարհի էլիտաների համար շատ ավելի դժվար է դարձել արդարացնել իրենց իշխանությունը բնակչության աչքերում։

Ցուցարարների գլխավոր նպատակը

«Մեզ պետք չեն մանր զիջումներ և ողորմություն, – ահա, թե ինչ են կրկնում երիտասարդները, որոնք ցույցի են դուրս գալիս ամենատարբեր երկրներում, – մեզ բացարձակ այլ համակարգ է պետք»։

Առավել վառ կերպով այս դիրքորոշումը ձևակերպված է Չիլիի ցույցերի ամենապոպուլյար կարգախոսում՝ «Խոսքը երեսուն պեսոյի մասին չէ, այլ երեսուն տարվա» (երեսուն պեսոն մետրոյի երթևեկության գնի բարձրացման չափն է, որը հուզումների ֆորմալ առիթ է դարձել; երեսուն տարին՝ այն ժամկետն է, որի ընթացքում ձևավորվել է ներկայիս անարդար պետական կառուցվածքը)։

Մենք ապրում ենք պատմության այն հազվադեպ պահերից, երբ փոխվում են մարդկության գոյության գլոբալ կանոնները, կարծում է The Guardian-ի սյունակագիր Ջեք Շենքերը։ Եվ երիտասարդ սերունդը չի դադարելու բողոքել, քանի դեռ իր ուզածին չի հասել, որովհետև զգում է, որ իր պահանջներն արդար են։

Jam-news/ The Guardian

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Նոր սերունդը միշտ էլ բողոքելու է կյանքում առկա երևույթներից, իսկ հին դերունդը միշտ էլ բողոքելու է նոր սերնդից՝ դա դեռև հին եգիպտական պապիրուսում էր արձանագրվել: Ուղղակի այդպես է «կառուցված» հասարակությունը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930