Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է եզդի ժողովրդի արժանավոր զավակը՝ Միրզա Սլոյանը

Նոյեմբեր 03,2019 23:54

Տեղեկատվական հոսքը տխուր լուր է շրջանառում. Գերմանիայի հիվանդանոցներից մեկում բարդ վիրահատությունից հետո վատթարացել է Միրզա Սլոյանի առողջական վիճակը և մահացու ելք ունեցել: Ստացված լուրը ավելի քան դաժան է… Հիվանդությունը գլուխ էր բարձրացրել դեռ ամռանը: Գնալով Գերմանիա՝ բժշկական ստուգման՝ ասել էին պետք է շտապ վիրահատվել: Պատասխանել էր՝ կվերադառնամ, երբ Ակնալճի եզդիական սրբատեղիում բացված կլինի Տաուսե Մալակի և 7 հրեշտակների տաճարը։

Սեպտեմբերի 29-ին տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ կայացավ աշխարհի ամենամեծ, 29 մետր թռիչք ունեցող, մարմարակերտ, մեկ մեծ և յոթ փոքր գմբեթներ ունեցող եզդիական տաճարի օծման արարողությունը։ Այստեղ պետք է նշել, որ հայաստանյան հանրությունը Միրզա Սլոյանին գիտի որպես Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղիի հիմնադիր և բարերար, ով 7 տարիների ընթացքում կառուցել է 2 տաճար, հուշարձանային համալիր և կրթամշակութային կենտրոն: Իսկ ամեն տարի սեպտեմբերի 29-ին այստեղ նշվում է սրբատեղիի օրը՝ վերածվելով ժողովրդական տոնախմբության:

Այս տարվա սեպտեմբերի 29-ին տոնախմբության ժամանակ ուրախ ու երջանիկ էր նա, սիրով ողջունում էր աշխարհի տարբեր երկրներից եկած իր հայրենակիցներին, ընդունում նրանց շնորհավորանքները և ջերմ մաղթանքները: Ինքն էլ ելույթ ունեցավ՝ կարևորելով հայ-եզդիական անխախտ բարեկամությունը։ Ավելացրեց, որ կուզենար, որ այս սրբատեղին  դառնար երկրորդ Լալըշ և դեպի իրեն ձգեր համայն աշխարհի եզդիներին ինչպես տոնակատարության այս օրը։ Սիրով դիմավորեց Հայաստանի ազգային ժողովի նախագահին,նրա հետ մասնակցեց Եզդիների ազգային հերոս Դավրիշե Ավդիի ձիարձանի և Շանգալի եզդիների ցեղասպանության (2014թ.) հուշարձանի բացմանը, տաճարի օծմանը։

Միրզա Սլոյանը իր ելույթում ընդգծեց հետևյալը. «Մեծացել եմ հայության սրբավայր Էջմիածին քաղաքում: Այստեղից է վաղ հասակից հետաքրքրությունս կրոնի ու հավատքի նկատմամբ: Տարիների ընթացքում մեր մեծերից լսեցի ու սովորեցի մեր ազգի պատմությունը, տեղեկացա մեր կրոնի ու ավանդույթների, Իրաքում գտնվող մեր սրբավայրերի, Միջագետքի մեր պատմական հայրենիքի մասին: Այսպես ծնվեց հայոց բիբլիական հողի վրա սրբատեղի կառուցելու գաղափարը, որը մեզ՝ Հայաստանում բնակվող եզդիներիս մեր ինքնությունը ճանաչելու լիարժեք հնարավորություն կընձեռի: Հիմա կարծես թե արդեն հանգիստ եմ,քանի որ հիմնական երազանքս ու նպատակս իրականություն են դարձել։ Այստեղ դեռ նոր արձաններ են դրվելու, հանգստի գոտիներ են ստեղծվելու, գործելու է կրթամշակութային կենտրոնը»։

Նա անընդհատ տարիների ընթացքում այստեղ միայն զարգացում էր տեսնում և իրականացնում։ Կարծես մոռացել էր, որ Մոսկվայում էր ապրում ու այնտեղ էլ գործեր ուներ։ Ակնալճի սրբատեղին իր գործունեության հիմնական վայրն էր դարձել։ Օդանավից իջնում էր ու շտապում այստեղ, քանի որ պետք է տեղյակ լիներ ու տեսներ, թե ինչպես է քարը քարի վրա դրվում կամ ինչպիսին պետք է լինեն նոր ծաղկանոցները, ծառերը և կանաչ տարածքները։ Նրա համար մանրուք ու երկրորդական որևէ բան չկար։ Եվ պատահական չէր, որ նա ելույթում ներողամտություն հայցեց շինարարներից չափից ավելի պահանջկոտ ու բծախնդիր լինելու համար։ Բայց նա գիտեր, թե ինչու էր այդպես վարվում, քանի որ  կառուցում էր տաճար նաև ապագայի համար։ Միրզա Սլոյանը  սրբատեղիում և’ նախագծող էր, և’ ճարտարագետ, և’ շինարար, և’ խորհրդատու։ Ցանկանում էր, որ սրբատեղին ավելի արագ կայանար և դառնար իսկական հոգևոր ու կրթամշակութային կենտրոն։ Իր ազգի նվիրյալն էր. հայ ժողովրդի հետ եղբայրության և բարեկամության ամենացայտուն կրողը, այդ ամենի իրական արտահայտողը։Եվ պատահական չէր,որ նա սրբատեղիի հուշարձանային համալիրը անվանեց «Հայ և եզդի ժողովուրդների բարեկամության»՝ տեղադրելով դրա խորհրդանիշ հուշարձանը, ինչպես նաև եզդիների արժանավոր զավակների՝ Ջհանգիր աղայի և Ուսուբ Բեգի կողքին՝ նրանց լավագույն բարեկամների՝ Անդրանիկ զորավարի և Կոմիտաս վարդապետի արձանները։

Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ սրբատեղիում տեղադրվեց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի հուշարձանը։ Նրա աչքից ոչինչ չէր վրիպում, դեռ ավելին, անընդհատ մտքեր էր հուշում. նա չմոռացավ եզդի ժողովրդի արժանավոր դստերը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադյա Մուրադին և նրա կերպարով կերտվեց Շանգալի ցեղասպանության զոհերի հուշարձանը։

Մարդկային լավագույն հատկանիշները ուներ՝ հասնում էր կարիքի, դժվարության մեջ գտնվողին, ոչինչ չէր մոռանում, խոստացածը՝ գործ էր, մեծ էր սերը և երախտագիտությունը Հայաստան աշխարհի նկատմամբ։ Նա կյանքից հեռացավ բազում ծրագրեր ու նպատակներ կիսատ թողած, որը վստահ եմ` փոխանցվելու է իր զավակներին ու թոռներին։ Եվ պատահական չէ, որ նա առաջին հերթին հենց նրանց էր սերմանում այն արժեքային համակարգը,որին դավանում էր ինքը և վստահ էր՝ դրա միջոցով է հնարավոր պահպանել ազգային լինելիությունը և ինքնությունը։ Իր ելույթում նա նաև ընդգծեց հետևյալը. «Հանրահայտ ճշմարտություն է, որ 21-րդ դարի մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու ուղին մեր ազգային միակամությունն է և բոլորիս աջակցությունը ազգապահպանման սրբազան գործին: Վստահեցնում եմ, որ այս նպատակին հասնելու իրական գրավականը փառահեղ Արարատների հովանու ներքո ծվարած, մեզ հարազատ ու թանկ դարձած այս սրբատեղին է, քանզի Հայաստան աշխարհը, որպես մեր հայրենիք մշտապես լիցք ու եռանդ է ներարկում, որ շարունակենք մնալ կյանք պարգևող արևի արժանավոր զավակներ»:

Միրզա Սլոյանի մասին կարելի է և պետք է շատ խոսել ու գրել, բայց հիմա, երբ դեռ մայր հողին չենք հանձնել նրան, կուզենայի խորը վշտակցությունս ու ցավակցությունս փոխանցել եզդի ժողովրդին, իմ մտերիմ ու հարազատ ընկերոջ՝ Միրզա Սլոյանի, մերձավորներին ու բարեկամներին,նրա հայ և այլազգի ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր այսօր սգում են բոլորիս մեծ կորուստը: Վստահ եմ, որ բոլորս ենք զգալու նրա պակասը, քանի որ Միրզա Սլոյանի  հետ յուրաքանչյուր շփում մարդկային փոխհարաբերությունների յուրօրինակ դաս էր  և փորձառություն։ Նա մեր ժամանակներով էր ապրում, բայց ավելի շատ հայացքը հառում էր դեպի ապագան՝ ինչպես իր կառուցած մարմարակերտ տաճարը վեր խոյացող ու դեպի արևը սլացող 8 գմբեթներով: Տաճարի հարևանությամբ էլ նա իր հավերժական հանգիստը կգտնի:

Եղբայրական վշտակցությամբ ու սիրով՝

Սերգո ԵՐԻՑՅԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930