Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնական հակաբիոտիկներ կամ թե ինչու դեղատուն շտապելուց առաջ արժե մի լավ ուսումնասիրել սառնարանի պարունակությունը

Նոյեմբեր 03,2019 23:00

Եղանակները ցրտելուն պես խիստ արդիական է դառնում տարատեսակ մանրէների դեմ պայքարը, քանի որ հայտնի է՝ մրսածության հետևանքով կարող է թուլանալ իմունային համակարգը, իսկ վերջինիս թուլացումն էլ կարող է հանգեցնել տարատեսակ բակտերիաների ու վիրուսների ակտիվացմանն ու առողջական խնդիրների առաջացմանը։ Սակայն դեղատուն շտապելուց ու հակաբակտերիալ դեղամիջոցներ գնելուց առաջ արժե հիշել, որ բնությունը հոգացել է տարբեր վարակներից պաշտպանող հզոր միջոցների մասին, որոնք առավել քան հասանելի են մեզնից յուրաքանչյուրին։

Հիշենք, թե որոնք են բնական հակաբիոտիկները, որոնք օգտագործելով սննդում՝ կարող ենք կանխարգելել թե՛ շնչառական, թե՛ այլ հիվանդությունների զարգացումը։

Բնական հակաբիոտիկները բազմաթիվ բաղադրամասերից են կազմված, ինչի շնորհիվ բակտերիաները չեն կարողանում դրանց դեմ իմունիտետ ձեռք բերել, ի տարբերություն դեղագործական հակաբիոտիկների, որոնք գնալով ավելի ու ավելի անպիտան են դառնում մանրէների դեմ պայքարում։

Անգամ երեխային է հայտնի, թե հակաբակտերիալ ինչպիսի հզոր ազդեցությամբ են օժտված սոխն ու սխտորը․ դրանք պայքարում են ոչ միայն մանրէների, այլև վիրուսների, սնկերի, անգամ մակաբույծների դեմ։

Սակայն կան այլ բազմաթիվ մթերքներ, որոնք օժտված են նմանատիպ ազդեցությամբ։ Այդպիսիք են՝

  • Կծու պղպեղը,
  • մանանեխը,
  • ծովաբողկը,
  • լոռամրգին,
  • կանաչ թեյը,
  • կոճապղպեղը,
  • դարչինը,
  • խնձորի քացախը,
  • թթվեցրած կաղամբը և առհասարակ թթու դրած բանջարեղենը,
  • կիտրոնը,
  • մածունը,
  • սև պղպեղը և այլն։

Կարմիր կծու պղպեղն իր բուժիչ հատկություններով լիովին կարող է մրցել սխտորի հետ։ Այն շատ  օգտակար է լնդերի և ատամների հետ կապված խնդիրների դեմ պայքարում։ Օրինակ կարելի է պատրաստել կարմիր կծու պղպեղով ու սպիրտով թուրմ՝ առանց ջերմային մշակման, և այդ թուրմը քսել լնդերին կամ դրանով ողողել բերանի խոռոչը։ Հասկանալու համար, թե ինչ հարաբերակցությամբ պետք է պատրաստել թուրմը, առաջնորդվեք լնդերի թեթև ծակոցի զգացողությամբ։

Մանանեխի սերմերը մանանեխի յուղ են պարունակում, որն օժտված է հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային հատկություններով։ Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս՝ եթե մկանային ջղակծկում է առաջանում, լեզվի վրա մի գդալ մանանեխ դրեք ու կուլ տվեք։ Իսկ հարբուխի դեպքում շատ լավ են օգնում ոտքերի՝ մանանեխով վաննաները։

Ծովաբողկը փորձված միջոց է հայմորիտի դեպքում։ Բերանի մեջ պահեք մեկ քառորդ գդալ թարմ քերած ծովաբողկ այնքան ժամանակ, մինչև ծովաբողկի համն անհետանա։ Ծովաբողկի եթերային յուղերը կփափկացնեն խոռոչներում կուտակված լորձն ու այն կհոսի դեպի կոկորդ։ Ծովաբողկը ցանկալի է ներառել սննդակարգում, եթե կան խնդիրներ թոքերի հետ, ինչպես նաև հազի, ասթմայի, արթրիթի, ճիճուների առկայության դեպքում։ Միայն թե ցանկալի է օգտագործել թարմ պատրաստված ծովաբողկը, քանի դեռ այն հարուստ է եթերային յուղերով։

Լոռամրգին հայտնի է որպես հզոր միջոց միզապարկի բորբոքման դեմ պայքարում, այն կանխարգելում է երիկամներում քարերի առաջացումը, օգնում ազատվել հարբուխից ու գրիպից, իսկ վերջին հետազոտական տվյալները նաև խոսում են վերջինիս հակաքաղցկեղային հատկությունների մասին։

Կանաչ թեյի բաղադրամաս հանդիսացող կատեխինները պաշտպանում են վիրուսներից ու ճնշում գրիպի վիրուսներին։ Ուստի այս եղանակին ցանկալի է ավելացնել կանաչ թեյի օգտագործումը։ Կանաչ թեյը նաև օգնում է մի շարք խնդիրների դեպքում՝

  • թեթևացնում է ալերգիայի ախտանշանները,
  • նվազեցնում ասթմայի դրսևորումները,
  • ամրապնդում է իմունային համակարգը,
  • նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը,
  • օգնում է թունավորումների ժամանակ,
  • կարգավորում խոլեսթերինի մակարդակը,
  • պայքարում ճարպակալման դեմ,
  • ամրապնդում է հիշողությունը։

Կոճապղպեղ – հետազոտություն է կատարվել, որի շրջանակներում համեմատել են կոճապղպեղի թուրմի և ստաֆիլոկոկի ու ստրեպտոկոկի դեմ պայքարող 3 հակաբիոտիկների ազդեցությունը։ Կոճապղպեղը գերազանց արդյունք է ցուցաբերել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ եթե չկան բժշկական կոնկրետ ցուցումներ, ապա կոճապղպեղի օգտագործումը գերադասելի է հակաբիոտիկների օգտագործումից։ Կոճապղպեղը արդյունավետ է, երբ կա․

  • սրտխառնոց,
  • ճիճուներ,
  • բորբոքում,
  • ստամոքսի այրոց,
  • ճառագայթում,
  • անառողջ լնդեր
  • պոդագրա և այլն։

Սակայն կոճապղպեղն ունի նաև հակացուցումներ․ այն ուժեղացնում է դեղամիջոցների ազդեցությունը։ Ուստի եթե դեղամիջոց եք ընդունում, ապա կոճապղպեղն օգտագործեք զգուշությամբ։

Դարչինը նույնպես կարող է հպարտանալ հակաբակտերիալ հատկություններով, այն նաև բնական կոնսերվանտ է։ Հատկապես ուժեղ հակամանրէային ազդեցություն ունի դարչինի յուղը, որի եթերային յուղերը, սակայն, շնչելու դեպքում կարող են գրգռել շնչուղիների թաղանթները։ Նշենք նաև, որ դարչինի յուղը կարող է գրգռիչ ազդեցություն ունենալ մաշկի վրա, ուստի խորհուրդ է տրվում այն զգուշությամբ օգտագործել։

Խնձորի քացախը մեր տատիկների նախընտրած միջոցներից մեկն է, որի դերն այսօր էլ չարժե թերագնահատել։ Այն շատ լավ համադրվում է տարբեր թարմ աղցանների հետ՝ հոգալով նաև առողջության մասին։

Քացախը նաև շատ լավ միջոց է՝

  • եղունգների սնկերի բուժման համար,
  • արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար,
  • քաշի նվազեցման համար,
  • գորտնուկների դեմ պայքարում և այլն։

Սակայն քացախը չարժե երկար ժամանակ օգտագործել, քանի որ այն ոսկորների փխրունություն է առաջացնում։ Քացախը նաև փոխազդում է դեղամիջոցների հետ․ դա նույնպես արժե հաշվի առնել։

Հարբուխի դեպքում շատ օգտակար է թթու դրած կաղամբի հյութը։

Թթու դրած կաղամբն ինքնին չափազանց արժեքավոր մթերք է, քանի որ թարմ, ակտիվ պրոբիոտիկների հարուստ աղբյուր է։ Պրոբիոտիկներով հարուստ են նաև թթու դրած վարունգը, լոլիկը և այլն։ Դրանք առկա են նաև կաթնամթերքի, մասնավորապես կեֆիրի, մածունի, նարինեի մեջ։

Սև պղպեղ․ աղացած սև պղպեղի, շագանակագույն շաքարավազի ու կարագի խառնուրդը լավ օգնում է ձգձգվող հարբուխի դեպքում։ Պղպեղը տաքացնում է մարմինը, բարելավում արյան շրջանառությունը, նվազեցնում է հոդերի բորբոքումը, խթանում մարսողությունը։

Սև թեյին ավելացրեք աղացած սև պղպեղ, դարչին, մեխակ ու հիլ․ կստացվի օրգանիզմը թարմացնող «տոնիկ», որն օգնում է մարսողական խնդիրների դեպքում, մաքրում է արյունը, խթանում իմունային համակարգն ու գործում որպես հակաճիճվային միջոց։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930