Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև․ հերթականը տասնյակների մե՞ջ, թե՞ առաջինը քաղաքական հասունությունից հետո

Նոյեմբեր 03,2019 16:57

Հայոց Մեծ Եղեռնից ավելի քան մեկ դար անց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Կոնգրեսի ստորին պալատի կողմից թիվ 296 պատմական փաստաթուղթը ընդունվեց 405 կողմ և 11 դեմ ձայներով:

Հայ հասարակության արձագանքը, սակայն, առաջվա պես բուռն ու հիացական չէր: Այն համեստ էր ու չափավոր: Մամուլն ու սոցցանցերը չհեղեղվեցին տոնական հաղորդումներով, մեծ երախտագիտության ու հիացմունքի բացականչություններով ու ծափահարություններով: Եղան իհարկե պոզիտիվ հրապարակումներ, շնորհակալական խոսքեր, այդ թվում՝ պետության ղեկավարի ու ԱԳ նախարարի կողմից: Բայց մամուլի ու հասարակության արձագանքը զուսպ էր ու հավասարակշիռ:

Թե փորձագիտական-մասնագիտական շրջանակները, թե հենց հասարակությունը շատ լավ հասկացան և գնահատեցին փաստը, որ որքանով էլ կարևոր և ողջունելի է աշխարհի թիվ մեկ գերտերության Խորհրդարանի պալատի կողմից մեր պատմական ողբերգության ճանաչումը (իրականում՝ վերահաստատումը), այնուհանդերձ այդ բանաձևի ընդունումը՝ հակառակ նիստին կոնգրեսականների պաթետիկ ելույթների, շատ անուղղակի աղերս ունի մարդասիրության, արդարության վերականգնման և պատմական ճշմարտության հաստատման հետ, այլ պարզապես «որպես գործիք» հերթական անգամ օգտագործվում է միջազգային հարաբերություններում սեփական պետության քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար: Հերթական անգամ մեր ժողովրդի ողբերգությունը որպես «մանրադրամ» օգտագործվել է այլոց քաղաքական խնդիրները լուծելու համար: Սա, բնականաբար, չի կարող հիացմունքի կամ հրճվանքի տեղիք տալ: Մենք սա հասկացել ենք արդեն թե՛ որպես պետություն, թե՛ որպես նաև քաղաքականապես հասուն հասարակություն, որի «գլխով» արդեն շատ բան է անցել վերջին ավելի քան երեսուն տարում:

Այնուհանդերձ, հասկանալն ու իրականությանն առանց վարդագույն ակնոց նայելը, կարծում եմ, գործի կեսն է: Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար վիճակ է: Հարկ է, որ հասկանալուն ու ըմբռնելուն հաջորդեն այս ոլորտում այլևս նոր մոտեցումներն ու նոր մարտավարությունը՝ այլոց քաղաքական և աշխարաքաղաքական շահերի խորը ըմբռնում և հաշվառում, սեփական պետության ու ժողովրդի շահերի և նպատակների հետ համադրում և զուգորդում, սեփական նպատակների և խնդիրների լուծման ռազմավարության և հայեցակարգի մշակում, քայլերի և գործողությունների սթափ, հաշվենկատ և հետևողական իրագործում: Քաղաքականության մեջ պատրանքները կործանարար են, հուզականությունն ու ավելորդ պաթոսը՝ խանգարող հատկանիշներ: Հարկ է աշխատել, աշխատել հետևողական և անընդհատ, պատրաստվել և լինել պատրաստ՝ շահերի զուգորդման հարմար առիթին սեփական հայտը ներկայացնելու, սեփական շահերը հետապնդելու առումներով:

Բանաձևի ընդունումը, իհարկե, պատեհ միջազգային քաղաքական զարգացումների արդյունք է: Բայց արդյո՞ք մենք կունենայինք նման տարողունակ և բովանդակային առումով հարուստ փաստաթուղթ, եթե չլիներ Ամերիկայի հայկական կազմակերպությունների տասնյակ տարիների հետևողական և համակարգված աշխատանքը, փաստաթղթի քննարկման, մշակման և համաձայնեցումների երկարարատև գործընթացի կազմակերպումը:

Մեզ ծայրահեղ տհաճ և անչափ ցավալի է այն փաստի ընդունումը, որ Հայոց ցեղասպանության հարցը այլևս մեր հարցը չէ, այն մեր տիրապետումից և ազդեցության շրջանակներից վաղուց դուրս է եկել: Մեր ժողովրդի պատմական մեծ ողբերգությունը վաղուց վեր է ածվել «մանրադրամի», միջազգային հարաբերություններում սեփական քաղաքական շահերի սպասարկման յուրօրինակ «գործիքի», և փաստն այն է, որ այս գործընթացների վրա մենք այլևս չունենք որևէ էական ազդեցություն….

Բայց արդյո՞ք չունենք ընդհանրապես…

Սերոբ Անտինյան

Ինչ են տալիս ճանաչումները. ընդունված փաստաթղթերի պատմական և քաղաքական նշանակությունը:

Վերոգրյալի առաջին տպավորությունը կարող է լինել, որ Հայաստանի պետությունն այս ամենում անելիք չունի միջազգային քաղաքական գործընթացների վրա իր ունեցած բավականին փոքր ազդեցության պատճառով: Մյուս կողմից՝ հայկական լոբբիստական կազմակերպությունների ազդեցության շրջանակներն են սահմանափակված տվյալ երկրի ազգային ու պետական շահերով:

Հաջորդ մտայնությունն այն է, որ տարբեր երկրների կողմից նախորդ դարի կեսերից սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իրականում որևէ շոշափելի օգուտ չի տվել, սահմանափակվել է հիմնականում հռչակագրային բնույթի փաստաթղթերով և եղել է աննպատակ: Մինչդեռ Թուրքիան հաջողությամբ շարունակում է ժխտողականության և Ցեղասպանության ուրացման իր տասնամյակների հետևողական քաղաքականությունը:

Այստեղ իհարկե կա որոշակի ճշմարտություն, բայց դա, բնավ, այդպես չէ ամբողջապես:

Իրականում բազմաթիվ երկրների կողմից ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստաթղթերը (բանաձևեր, որոշումներ, օրենքներ) բացառիկ կարևոր միջազգային իրավական ակտեր են: Այս առումով, դրանք կարևոր քաղաքական և միջազգային դիվանագիտական գործիք են մեր պետության և Հայ սփյուռքի ձեռքին միջազգային հարաբերություններում թե՛ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականության, թե՛ այդ ոճրագործության պատմական փաստի վերահաստատման և թե՛ Թուրքիայի ժխտողականության դեմ իրականացվող քաղաքականության համար:

Նախ, դրանք պետությունների հստակ իրավաքաղաքական գնահատականներն են տեղի ունեցած իրադարձություններին, որոնք միջազգային իրավունքի (այդ թվում՝ միջազգային մարդասիրական) անբաժան մասն են:

Երկրորդ, այդ փաստաթղթերի մեջ քիչ չեն օրենքի կամ որոշման իրավական կարգավիճակ ունեցողները: Իսկ դրանք տվյալ պետության համար պարտադիր իրավական ուժ և հետևանքներ ունեցող և գործողություններ առաջ բերող ակտեր են, որոնք իմպերատիվ կերպով ստիպում են տվյալ պետության կառավարություններին իրականացնել քաղաքականությունը (խոսել և գործել) փաստաթղթում ամրագրված սկզբունքներին, նորմերին և դրույթներին համապատասխան:

Երրորդ, Հայոց ցեղասպանությունն ընդունած և դատապարտած յուրաքանչյուր պետություն նեղացնում է միջազգային հանրության տիրույթում Թուրքիայի վարած ագրեսիվ ժխտողականության քաղաքականության սահմանները, թույլ չտալով կամայականորեն տարածել ցեղասպանության ժխտման և ուրացման իր գործողությունները աշխարհով մեկ: Այս առումով օրենքի գործողության բարձրագույն մակարդակն իհարկե Ցեղասպանության ժխտման քրեականացումն է, ինչին հասել են հրեաները և ինչին պիտի հասնենք մենք, եթե ցանկանում ենք իրապես հասնել Ցեղասպանության միջազգային համընդհանուր ճանաչման (այդ թվում՝ Թուրքիայի կողմից):

Անհրաժեշտաբար նշեմ, որ այս հարցում վերջին տարիներին արձանագրած անհաջողությունները կամ ոչ բարենպաստ զարգացումները երբեք և ոչ մի դեպքում չպետք է հուսալքեն մեզ և հետ պահեն այս ուղղությամբ հասցեական և հետևողական աշխատանքները շարունակելուց: Խոսքս, մասնավորապես, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց դատական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2013 թ. դեկտեմբերի 17-ին կայացրած վճռի մասին է, որով Հայոց ցեղասպանության ժխտումը թուրք ազգայնականի կողմից մեկնաբանվել էր որպես խոսքի ազատության դրսևորում… Իրական արդարադատության դեմ մեղանչող ևս մի որոշում էր Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վճիռը՝ հակասահմանադրական ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեորեն պատժելու մասին օրենսդրական դրույթը:

Պատմական արդարության վերականգնման ճանապարհը լեցուն է խութերով և դժվարություններով: Բայց մենք պիտի անցնենք այդ ճանապարհը և հետևողականորեն հասնենք նրան, որ Հայոց ցեղասպանության ժխտման և ուրացման յուրաքանչյուր փորձ արժանանա համարժեք  քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի: ՄԻԵԴ-ի որոշումը առնվազն արդարադատություն չէ և, իհարկե, որևէ աղերս չունի մարդու իրավունքերի պաշտպանության հետ: Դժվար է պատկերացնել համանման արդյունք աշխարհի որևէ անկյունում Հրեական հոլոքոստի ժխտման դեպքում:

Վերջապես չորրորդ, բանաձևերում և որոշումներում արտացոլված դրույթները՝ Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ կրթության, հանրային իրազեկության միջոցառումների խրախուսման վերաբերյալ բացառիկ կարևոր են տարբեր պետությոններում պատմական ճշմարտության հաստատման, պատմական հիշողության մշտարթուն պահելու, երիտասարդ սերնդի մոտ պատմական փաստերի ուսուցանման և իրական պատկերացումների ձևավորման հարցում: Այս ամրագրումները ուղղակիորեն հնարավորություն են ստեղծում ոչ միայն տվյալ պետության տարածքում առանց խոչընդոտ և լայնորեն լուսաբանել պատմական իրողությունները, ազատորեն խոսել դրանց մասին, կազմակերպել միջոցառումներ, ցուցահանդեսներ, հրապարակումներ և այլն, այլև  գործուն միջոցներ ձեռնարկել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը պետությունների կրթական ծրագրեր ներառելու ուղղությամբ:

Այսքանով հանդերձ փաստենք, որ աշխարհի ավելի քան երեսունհինգ պետությունների և յոթ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման շուրջ ութ տասնյակ փաստաթղթերը իրենց պատմական և իրավաքաղաքական կարևորությունը և շոշափելի ազդեցությունը ստանում են (կարող են ստանալ) դրանց ճիշտ և նպատակային կիրարկման դեպքում միայն: Դրանք, ըստ էության, միջազգային քաղաքական և իրավական գործիքներ են, որոնց ճիշտ և հասցեական կիրարկումից է կախված արդյունքը: Եվ հենց այստեղ հսկայական գործ ունեն անելու թե մեր պետությունը՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, թե մեր սփյուռքյան համայնքները՝ ի դեմս իրենց կառույցների և կազմակերպությունների՝ որպես տվյալ պետությունների լիիրավ քաղաքացիներ և քաղաքական դերակատարներ:

Ընդունված բանաձևի իրավական և քաղաքական ազդեցության շրջանակները

Հարկ է արձանագրել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաստաթուղթը Բանաձև է: Այն, ի տարբերություն օրենքի կամ որոշման, չունի կատարման իմպերատիվ ուժ կամ բովանդակություն, չի առաջացնում գործողությունների պահանջ կամ պարտադրանք: Սակայն այն ինքնին կարևոր ակտ է՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ հստակ ու աներկբա իրավաքաղաքական դիրքորոշում և կարող է ու պետք է լիարժեքորեն և նպատակային կենսագործվի:

Սա նշանակում է, որ այն, իբրև ԱՄՆ ներկայացուցչական մարմնի շատ հստակ և որոշակի դիրքորոշում, կարող է դրվել Հայոց ցեղասպանության մասին քաղաքական ելույթների, հրապարակախոսության, իրականացվող հրապարակային միջոցառումների և հասարակական-քաղաքական գործունեության այլ տեսակների հիմքում: Այս ամենը հսկայական դաշտ է բացում Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական եղելության հանրահռչակման գործում բազմաթիվ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների լայն և ակտիվ գործունեության համար: Նման միջոցառումների և ակցիաների անցկացման պարագայում չկա իրավական որևէ խոչընդոտ պետական որևէ մակարդակում՝ նահանգային, քաղաքային կամ շրջանային:

Բանաձևը հնարավորություն է տալիս պետական տարբեր մակարդակներում աշխատող մեր բարեկամ պաշտոնատար անձանց առավել ազատ և անկաշկանդ իրականացնել Հայաստանին ու հայերին ուղղված աջակցության իրենց գործունեությունը, հայանպաստ որոշումների կայացումը: Անշուշտ, փաստաթուղթը լավ գործիք է նաև թուրքական ժխտողականության դեմ պայքարում:

Փաստաթղթի բովանդակությունը և հնարավորությունները

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաստաթուղթը լինելով Բանաձև և ունենալով, ըստ էության, հռչակագրային նշանակություն, այնուհանդերձ բավականին հետաքրքիր և տարողունակ բովանդակություն ունի:

  1. Նախ, ի տարբերություն շատ այլ երկրների, որոնց ընդունած համանման փաստաթղթերում Հայոց ցեղասպանության իրագործման համար նշվում է հիմնականում 1915 թվականը, այս Բանաձևում հստակ ամրագրված են ցեղասպանության իրագործման ժամկետները (1915-23թթ.), որով փաստվում է այդ ոճրագործության տևական, հետևողական և նպատակային իրագործման փաստը, ինչը ուղղակի հավաստում է դրա ծրագրված և կազմակերպված լինելը:
  2. Նույն նախադասության մեջ նշված է այդ ժամանակաշրջանում Ցեղասպանության իրագործումը Օսմանյան Կայսրության կողմից: Սա կարևոր միջազգային իրավական արձանագրում է, որը ուղղակիորեն կասկածի տակ է դնում քեմալական Թուրքիայի՝ որպես միջազգայնորեն ճանաչված սուբյելտի (պետության) 1921 թվականին ունեցած իրավապայմանագրային հարաբերությունները Ռուսաստանի հետ (Մոսկվայի, Կարսի պայմանագրեր և այլն):
  3. Բանաձևում անդրադարձը «ցեղասպանությունը վերապրած քրիստոնյաներին փրկելու» ԱՄՆ պատմական անցյալին մատնանշում է այդ ոճրագործության հստակ ազգային-կրոնական ուղղվածությունը, որը տասնամյակներ շարունակ իր մերժողական քաղաքականության շրջանակներում հերքել է Թուրքիան՝ «դեպքերը» ներկայացնելով որպես Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած «համատեղ ողբերգություն»:
  4. Բանաձևում շատ կարևոր արձանագրում է 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման փաստը, ինչպես նաև Նախագահ Ռ. Ռեյգանի 1981թ. ապրիլի 22-ի հայտարարությունը և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից 1975 և 1984 թվականներին ընդունած բանաձևերը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սա, ըստ էության, վերահաստատում է, որ ԱՄՆ պաշտոնապես և ամբողջապես արդեն ճանաչել է ցեղասպանության փաստը թե այդ պետության կառավարության, թե Նախագահի և թե խորհրդարանի կողմից:
  5. Փաստաթղթում խոսվում է ոճրագործության այդ տարիներին Նախագահ Վուրդրո Վիլսոնի խրախուսմամբ բարեգործական կազմակերպության կազմակերպության ստեղծման մասին, որը 1915-30թթ. հանգանակել է շուրջ 116 մլն ԱՄՆ դոլար: Նշված է, որ այդ գումարը ներկայիս արժեքով կազմում է մոտ 5 մլրդ դոլար: Սա ինքնին կարևոր արձանագրում է և կարող է ունենալ շատ գործնական իրավական կիրառություն ցեղասպանության հետևանքով ունեզրկված հայության գույքի և դրամական միջոցների գնահատման, հաշվարկման և ներկայիս արժեքով դրանց արտահայտման առումներով: Նման մի գործընթաց անհրաժեշտաբար տեղի ունեցավ «Նյու Յորք լայֆ ինշուրանս» (New York Life Insurance Co.) ապահովագրական կազմակերպության դեմ ցեղասպանության զոհերի իրավահաջորդների հավաքական հայցի քննարկման ժամանակ: Դատական այդ վեճում Լոս-Անջելեսի դատարանը 2005թ. բավարարել էր հայցը և պարտավորեցրել էր ապահովագրական ընկերությանը 2300 ապահովագրական վկայագրերով (պոլիսներով) վճարել 20 միլիոն դոլարի հատուցում: Ըստ որում կորսված դրամական միջոցների գնահատումը ներկայիս արժեքային արտահայտությամբ կատարվել էր ավելի ցածր հաշվարկային գործակիցներով, քան տեղ է գտած այս բանաձևում, ինչը նույնպես արժևորում է խնդրո առարկա բանաձևը:
  6. Վերջապես, բանաձևում խոսվում է Հայոց ցեղասպանության` որպես Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի սահմանման և «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի ստեծման գործում իբրև օրինակ և իբրև հիմնարար իրադարձության ունեցած դերի ու նշանակության մասին, զուգահեռներ անցկացվում Հրեական հոլոքոստի տարիներին արված քաղաքական հայտարարությունների համատեքստում:
  7. Բանաձևում կարևոր է հղումը «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքին, որով սահմանվում է «ԱՄՆ ազգային շահը» այս համատեքստում, «կառավարության մակարդակով իրականացվելիք պաշտոնական քաղաքականությունը, դիվանագիտական արձագանքը, արդյունավետ օգնությունը և համապատասխան անցումային արդարադատական միջոցառումներին աջակցությունը` ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվությոնը»: Ըստ էության Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործընթացներն ուղղակիորեն կապվում են այս հարցերում ԱՄՆ վարած պաշտոնական քաղաքականության և իրականացելիք ռազմավարության հետ, ինչն ամրագրված է օրենքով և ունի պարտադիր կատարման ուժ ՄՆ կառավարության համար: Այս դրույթը մեծ հնարավորություններ կարող է առաջացնել պահանջատիրության միջազգային իրավական փաթեթի պատրաստման հարցում ԱՄՆ-ից խորհրդատվական և մասնագիտական աջակցության հայցման գործընթացներում:
  8. Բանաձևում ուղղակիորեն արձանագրվում է Միացյալ նահանգների պարտավորությունը մերժել Հայոց ցեղասպանության ժխտման որևէ գործընթացին կամ միջոցառմանը ներգրավվելը կամ որևէ կերպ առնչվելը, ինչպես նաև ցեղասպանության վերաբերյալ կրթական կամ հանրային իրազեկման բոլոր տեսակի գործընթացների հնարավոր խրախուսումը: Վերջինիս կարևորության մասին արդեն նշվել է վերոգրյալում:

Բանաձևի պատմական և քաղաքական նշանակությունը

Աներկբա, նման հարուստ բովանդակությամբ և հասցեական ուղերձներով փաստաթուղթն ունի շատ կարևոր պատմա-քաղաքական նշանակություն: Նախ, այն գալիս է համալրելու և հարստացնելու անցյալ դարի կեսերից մինչ այժմ ընդունված շուրջ ութ տասնյակ նմանատիպ ակտերը: Որպես քաղաքական ակտ, բանաձևի ընդունումը աշխարհի խոշորագույն գերտերության ներկայացուցչական մարմնի կողմից կարևոր ազդակ է այս խնդրում և, աներկբա, նոր թափ է հաղորդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Այն որպես միջազգային քաղաքականության գործիք կարող է լիարժեքորեն օգտագործվել քաղաքական և դիվանագիտական բազմաթիվ հարթակներից:

ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների դերը

Արդեն նշվեց, որ փաստաթղթի բովանդակությունը շատ հարուստ է, համապարփակ, ընդգրկուն և ըստ էության թիրախային ձևակեպումներով: Փաստաթուղթը անցել է տարիների քննարկումների (այդ թվում՝ կոնգրեսականների, սենատորների, կառավարության ներկայացուցիչների հետ), մշակումների, համաձայնեցումների երկար ու դժվարին ճանապարհ: Հղկվել են բազմաթիվ ձևակերպումներ, դրանք ուղղակիորեն կապվել են Ամերիկայի պատմության հետ, խարսխվել եղերական այդ ժամանակաշրջանում ԱՄՆ ունեցած դերի, ազդեցության, իրականացրած քաղաքական, դիվանագիտական և հումանիտար գործունեության վրա, ցեղասպանությունից ի վեր ՄՆ կառավարության և պառլամենտի կողմից Հայոց ցեղասպանության փաստի բազմաթիվ ճանաչումների վրա, ինչը դարձրել է բանաձևը իրապես ընկալելի ու հասկանալի ամերիկյան քաղաքական վերնախավի համար:

Փաստաթղթի՝ նման հարուստ բովանդակությամբ և նպատակային ձևակերպումներով ընդունվելու փաստը աներկբա վկայությունն է ԱՄՆ հայկական լոբբիստական կառույցների և հայկական կազմակերպությունների, և մասնավորապես՝ Ամերիկայի հայկական համագումարի (AAA) և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA)  հետևողական և համակարգված աշխատանքի մասին:

Իհարկե բանաձևի ընդունման իրական հիմքերը արդի աշխարհքաղաքական զարգացումներն ու գործընթացներն են: Եվ Միացյալ նահանգները մշտապես առաջնորդվել և առաջնորդվելու են սեփական պետության շահերով: Բայց աշխարհքաղաքական և պատմական պատեհ առիթը շատ ճիշտ օգտագործելով՝ սփյուռքի մեր հայրենակիցները կոնգրեսական իրենց համախոհների օգնությամբ հրապարակ բերեցին արդեն պատրաստի, լրամշակված և հայ ժողովրդի շահերը լիարժեք արտահայտող այդ փաստաթուղթը, որն ընդունվեց ամբողջապես, ձայների ճնշող մեծամասնությամբ:

Հայոց պահանջատիրության հիմնախնդիրը

Հայ Դատի և Հայոց պահանջատիրության վերջնանպատակը, կարծում եմ, Թուրքիայի կողմից իր պատմական անցյալի հետ ճշմարտացի առերեսվելն է, իր գործած մեծ ոճիրը ընդունելն ու ճանաչելն է, ապաշխարելն ու, վերջնարդյունքում՝ հայ ժողովրդին համապարփակ և ամբողջական փոխհատուցում տրամադրելն է:

Այս միտքը որքան էլ ներկայումս թվա ուտոպիստական, ոչ ռեալ կամ ժամանակավրեպ, իրավունք չունի երբեք լքել ոչ մի Հայի, եթե նա ունի հիշողություն, ազգային և անձնային արժանապատվություն, և որոշել է ապրել, զարգանալ, կառուցել Հայրենիք, պետություն: Եվ եթե մեր պատմական հողերի վերադարձի իրավունքի (խոսքը միջազգային իրավունքի մասին է, չնայած՝ ուժն է միշտ ծնում այն) և հնարավորության հարցերը խորը և համակողմանի քննարկումների հարկ ունեն, ապա դրամական (գույքային և ֆինանսական) հատուցման խնդիրները ցեղասպանված մեր ժողովրդի ժառանգներին շատ իրական, առարկայական են, ավելին՝ չափման ու հաշվարկների ենթակա: Այս հարցերի շուրջ քննարկումներն ու իրական գործընթացները օր առաջ նախաձեռնելը հրամայական են, ցեղասպանված և ունեզրկված մեր հայրենակիցների ժառանգների գույքի և ունեցվածքի հատուցման պահանջի համապատասխան իրավական փաթեթների պատրաստումը՝ օրակարգային:

Հայոց պահանջատիրության միջազգային իրավական մեծ փաթեթի պատրաստումը բազմաթիվ քննարկումների և կարծիքների բախման հանգուցակետ է: Այն իրապես հսկայածավալ և աշխատատար գործ է` անկնալվող արդյունքների և հաջողության դժվար կանխատեսվող հանգրվանով: Խնդրո առարկայի հետ կապված առկա է պատմական, իրավական և փաստաթղթային ահռելի ժառանգություն: Մեծաքանակ փաստեր տարբեր պետությունների ու կազմակերպությունների արխիվներում են (այդ թվում` դրանց զգալի մասը` Թուրքիայի): Այնուհանդերձ հայաստանյան և սփյուռքյան մեր մասնագետները, փորձագետները հարկ է որ ձեռնամուխ լինեն այս գործընթացի շուտափույթ մեկնարկին: Հարկ է, որ պետությունն այս հարցում ունենա հստակ ձևակերպված նպատակ, կայուն դիրքորոշում և ցուցաբերի վճռական նախաձեռնողականություն:

Որպես վերջաբան

Աշխարհքաղաքական գործընթացները ներկայիս բարդ ու անհանգիստ աշխարհում և եռացող տարածաշրջանում շատ բազմաշերտ ու անկանխատեսելի են: Դրանք կանխատեսելը, արագ կողմնորոշվելն ու համարժեք արձագանքելը չափազանց բարդ է փոքր, սեփական խնդիրների մեջ խճճված երկրի համար: Դրանց վրա իրապես ներազդելը՝ անհնար:

Եվ նույնիսկ այս պարագայում հարկ է ունենալ Հայ դատի և Հայոց պահանջատիրության (Ցեղասպանության ճանաչումը այս մեծ հիմնախնդրի շատ կարևոր, բայց և այնպես` մեկ բաղադրիչն է) հստակ ռազմավարություն և գործողությունների ծրագիր, մշակել ճիշտ մարտավարություն և կանխատեսել սցենարները: Հարկ է պատրաստ լինել իրադարձությունների հնարավոր տարբեր զարգացումներում սեփական հայտը, պահանջը, իրավական փաթեթը պատմական ճիշտ պահին ճիշտ տեղում ներկայացնելու, սեփական պետության ու ժողովրդի շահերը հետևողական հետապնդելու համար:

Մեր պետության նավը աշխարհքաղաքական համընթաց քամիներին մեծ առագաստով պիտի արձագանքի, հակընթացներին` ամուր խարիսխով: Սա է ներկա ալեկոծվող օվկիանոսում նպատակին հասնելու միակ գրավականը:

 

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ, ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930