«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նոյեմբերի 1-ին գրառում էր կատարել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը հանվել էր: Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, Մելիքյանի փոխանցմամբ, չի վերացրել ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույց իրականացնելու արգելքը:
Ռուբեն Մելիքյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արգելքը նոյեմբերի երեքի դրությամբ պահպանվում է: «Նախ կուզենայի շեշտել, որ սա ընդհանրական խնդիր է: Իսկ Արսեն Բաբայանի պարագայում հարցի բարձրաձայնումը կնպաստի ընդհանրական խնդրի լուծմանը: Սա հստակ պատժիչ նպատակներ է հետապնդում: Կարծում եմ՝ պետությունն ունի հնարավորություններ՝ այս քաղաքականությունը փոխելու: Բացատրությունը կարող է լինել հետեւյալը. եթե վերահսկողություն սահմանելու պատշաճ մեխանիզմներ չկան, հեռախոսազրույցի թույլտվությունը կնշանակի, որ անձը կարող է ցանկացածի հետ հեռախոսազրույց ունենալ: Բայց ես վստահ եմ, որ կան տեխնիկական բոլոր հնարավորությունները՝ ապահովելու, որպեսզի հեռախոսազանգը կատարվի որոշակի պարբերականությամբ՝ միայն ընտանիքի անդամների հետ »,-նշեց իրավապաշտպանը:
Հավելենք, որ հեռախոսազրույցի արգելքի պահպանման վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի կատարման եւ իշխանության յուրացման օժանդակելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ