Այս նամակագրության լուսանկարն օրերս հրապարակել էր «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը՝ նշելով, որ ընտանիքի անդամները շների ոհմակի հարձակումից են փրկվել: Միջադեպի վերաբերյալ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանն Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում նախ տեղեկացրեց, որ օգտատիրոջ ահազանգին անմիջապես արձագանքել հնարավոր չէ, եւ զբաղվածությունը, հատկապես՝ Կենդանաբանական այգու դեպքերը հաշվի առնելով, ահազանգին արձագանքելու են երկուշաբթի. աշխատակիցների խումբը կլինի Կենտրոն վարչական շրջանում եւ զննություն կիրականացնի.
«Օգտատերն ահազանգել է՝ չգիտես ինչու պատկերացնելով, թե ահազանգից րոպեներ հետո խնդիրը պետք է լուծվի: Ամեն նման ահազանգի դեպքում մենք կապ ենք հաստատում ահազանգողի հետ, այցելում տարածք, փորձում բռնել կենդանուն, հետո կատարել մեր գործառույթը՝ ստերջացում, պատվաստում եւ բացթողում: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ մենք արագ արձագանքում չունենք, մենք նման ծառայություն չենք, այլ Քաղաքապետարանի՝ կենդանիների գլխաքանակի կարգավորում եւ կենդանիների վտանգավոր հիվանդությունների կանխարգելում իրականացնող ծառայությունը: Այլ է հարցը, որ մենք ինքներս հանրային անվտանգության բաղադրիչ էլ ենք ներառել. եթե, օրինակ, կենդանին մարդու կյանքին սպառնացող վտանգավոր հիվանդություն ունի, նա չի վերադարձվում տարածք»:
Դառնալով միջադեպին՝ Հարություն Առաքելյանը նախ շեշտեց, որ շան «ագրեսիվ վարք» հասկացությունը հարաբերական է. «Առաջնահերթ խնդիրն այն է, որ բնակիչների մեծամասնությունն իր տարածքներում եւ բակերում չի ուզում տեսնել թափառող կենդանիների: Եվ կապ չունի՝ նրանք ստերջացվա՞ծ են, թե ոչ: Եթե շները ստերջացվում են, ոհմակ հիմնականում չեն կազմում: Օրինակով նշեմ. որեւէ բակում ապրում են չորս կենդանիներ, որոնց մենք ստերջացնում ենք եւ վերադարձնում տարածք: Նրանք շարունակում են սնվել եւ ապրել նույն վայրում, եւ, բնական է, որ կարող են իրար հետ նաեւ շրջել եւ ցրվել…բայց չենք կարող ասել, թե նրանք ոհմակ են կազմել եւ մարդկանց վրա հարձակվելու պատճառ ունեն: Եթե կենդանիները սնվում են նույն տեղից, չի բացառվում, որ նրանք խմբով գնում են սնվելու եւ վերադառնում: Եթե շների խմբում նրանց մի մասը ստերջացված է, մյուսը՝ ոչ, ստերջացվածին այլեւս չի «հետաքրքրում» չստերջացվածը, իսկ չստերջացվածին հետաքրքրում է կեր հայթայթելը»:
Հարություն Առաքելյանի բնորոշմամբ՝ սովորաբար, երբ բնակիչներն ահազանգում են ենթադրյալ ագրեսիվ կենդանիների մասին, պատճառն այն է, որ կամ պարզապես նրանց չեն ուզում տեսնել, կամ կենդանիներն ունեն վարքաբանական խնդիրներ, որոնց պատճառով հարձակման հնարավոր դեպք կարող է գրանցվել. «Ամեն դեպքում, ահազանգողներից մանրամասն հետաքրքրվում ենք դեպքի մասին: Եթե հարձակվել-կծել է, տուժողները բժշկական թուղթ են ներկայացնում: Վերջերս դեպք էր եղել: Բնակիչն ասել էր, որ շունը կծել է: Շանը ստերջացրինք: Մեր մոտ եղած ժամանակահատվածում նա բավականին հանգիստ վարքագիծ է դրսեւորել: Օրեր անց ավելի հանգիստ էր: Վերադարձրինք տարածք եւ դիտարկում արեցինք: Կենդանին փոխել էր վարքագիծը: Այդ տարածքից էլ չունեցանք ահազանգ հարձակման մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ