Լրահոս
Օրվա լրահոսը

Թաբուլե

Նոյեմբեր 03,2019 11:32

Միջինարեւելյան այս աղցանը վաղուց արդեն ընդունված եւ սիրված է հայկական խոհանոցում: Թեեւ ինչպես սննդի օբյեկտներում, այնպես էլ հայաստանցի տանտիրուհիների պատրաստած թաբուլեն այնքան էլ նման չէ իր օրիգինալ տարբերակին, քանի որ չափից դուրս շատ բլղուր եւ տոմատի մածուկ է պարունակում:

Այս տարբերակը, որ առաջարկում եմ, ավելի նման է բնօրինակին, միայն թե ես ավելացնում եմ հոնի անկորիզ չիր (կամ՝ լոռամրգի չիր, կամ չորացրած բարբարիս), ինչը չկա բաղադրատոմսում, սակայն, վստահեցնում եմ, շատ համեղ է ստացվում:

Անհրաժեշտ մթերքները

Խառը կանաչի- 1 կապ

Թարմ անանուխ (նանա)- 10 ճյուղ

Կանաչ սոխ- 10 ճյուղ

Լոլիկ- 2 հատ խոշոր

Վարունգ-2 հատ

Մանր բլղուր- 1-1,5 ճաշի գդալ

Համեմունքներ (աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, սումախ)- ըստ ճաշակի

Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ

Կիտրոն-1 հատ

Հոնի անկորիզ չիր-1 ճաշի գդալ (կարող եք փոխարինել նույնքան չորացրած բարբարիսով կամ լոռամրգի չրով, կամ կարող եք ընդհանրապես չգցել, եթե չունեք առաջարկածս տարբերակներից որեւէ մեկը)

Պատրաստման եղանակը

Կանաչիները եւ բանջարեղենները շատ լավ լվանալ, չորացնել: Հոնի չիրն ու բլղուրը նույնպես լվանալ: Այս երկուսն էլ լվանալու համար բավական է լցնել փոքրիկ ցանցի մեջ եւ մեկ րոպեով պահել հոսող սառը ջրի տակ:

Լոլիկն ու վարունգը կտրատել մանր խորանարդաձեւ: Սոխը, անանուխը եւ խառը կանաչին շատ մանր կտրատել: Կիտրոնը լվալ, մանր քերիչով կեղեւը քերել (միայն դեղին մասը, տակի սպիտակ թաղանթին չհասնեք, այլապես շատ դառը կլինի), ապա մեջտեղից կիսել եւ երկու կտորներից էլ հյութն ամբողջությամբ հանել:

Աղցանամանի մեջ լցնել մանրացրած կանաչին, կտրատած բանջարեղենը, կիտրոնի քերած կեղեւը, կիտրոնի հյութը, բլղուրը, հոնի չիրը, համեմունքները, ձիթայուղը: Լավ խառնել, համտեսեք, եթե կարիք ունի հավելյալ ձիթայուղի կամ աղի, ավելացրեք:

Կարող եք մատուցել ոչ միայն աղցանամանի մեջ լցրած, այլեւ՝ հազարի տերեւների մեջ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930