Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի հեղափոխությունը դրախտ չբերեց, բայց վերացրեց ճակատագրապաշտությունը. The New York Times

Նոյեմբեր 03,2019 10:00

The New York Times-ի սյունյակագիր Ռոջեր Քոհենը նոյեմբերի 1-ի իր սյունյակում անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը՝ նկատելով, որ Հայաստանի անարյուն հեղափոխությունը դրախտ չբերեց, բայց վերացրեց ճակատագրապաշտությունը: «Բեռլինի պատը կործանած ոգին դեռ գոյություն ունի» վերտառությամբ հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

30 տարի առաջ ընկավ Բեռլինի պատը: Զինվորներից մեկը բացեց դարպասը, Խորհրդային կայսրությունը տապալվեց, ավելի քան 100 միլիոն մարդ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ազատագրվեց, բաժանված մայրցամաքը միավորվեց, և հայտարարվեց պատմության ավարտը:

Ինչպես գնահատել իրավիճակը 1989թ. նոյեմբերի 9-ից երեք տասնամյակ հետո: Աղքատությունը նվազել է, կյանքի տևողությունն ավելացել: Մարդկանց տեղափոխության համար սահմանները վերացել են: Արհեստական բանականությունը սկսել է խելացի բաներ ստեղծել: Չինաստանը բարձրացել է, բարձրացել է նաև ծովերի մակարդակը: Միացյալ Նահանգները, հարվածների ենթարկված և վիրավոր, փորձարկեց «կառավարվող անկում», և ի վերջո, կատաղի հուսահատությամբ երկրի բարձրագույն պաշտոնում ընտրեց շատախոս մի խաբեբայի: Այդ ամենով պատմությունը, սակայն, չի ավարտվել, այլ ուղեկցվում է ազգայնականության, քսենոֆոբիայի և նեյթիվիզմի նոր ալիքով:

Նավթին փոխարինելու է եկել ջուրը: Պլուտոնիումին փոխարինում է ինֆորմացիան: Նոր Արմագեդոն է դարձել կլիման: 1990-ի այն խոսակցությունները, թե աշխարհում լիբերալ ժողովրդավարությունն անդառնալի է, վերածվել է ավտոկրատ աշխարհի մասին կանխատեսումների:

Փոխվել են մեծ բաներ և փոքր բաներ: Իմ դժգույն ֆուտբոլային ակումբը՝ Չելսին, գնել է ռուս օլիգարխ և իր միլիարդների հաշվին հաղթանակներ բերել նրան: Երբեք չէի մտածի, որ կոմունիզմի անկումը կարող է ուղղակիորեն ազդել իմ տրամադրության վրա: Եվ այստեղ, Հայաստանում, հզոր Հայաստանի ողբերգության, արտագաղթի, վերաիմաստավորման և գոյատևման սագան նոր շրջադարձ է ստանում:

Խորհրդային միությունը տապալվել է: Հայաստանի Հանրապետությունը 1991թ. անկախություն է ստացել: Այն ստացել է ամենավատ կտորը այն իրական տարածքից, որ զբաղեցնում էր հազարամյակների իր պատմության ընթացքում, բայց դա էլ վատ չէ:

Հայաստանում յուրաքանչյուր գրասենյակում Արարատ լեռան նկարն է՝ հայերի հարատևության, հպարտության, հայրենիք վերադառնալու և հայոց ցեղասպանության տառապանքների խորհրդանիշը:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, արհամարհելով Թուրքիայի՝ արդեն ծանոթ նախազգուշացումները, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Նախագահ Բարաք Օբաման երբեք այն հանրային կերպով չընդունեց, չնայած որ խոստացել էր, երբ 2008թ. թեկնածու էր: Ռեալ պոլիտիկը հաղթեց նրա սկզբունքներին:

Թուրքիան, որը պնդում է, թե հայերին մորթելու ծրագրված արշավ չի եղել, Հայաստանի միակ խնդիրը չէ: Ընկեր Ստալինը սիրում էր խաղալ ազգությունների և սահմանների հետ: Տասնամյակներ անց, դա հանգեցրեց բախման Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Խորհրդային Միությունը փլուզվել էր: Վեճը մոտ 25 տարի առաջ վերածվեց վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի: Այսօր Հայաստանի սահմանն Ադրբեջանի հետ փակ է: Նրա սահմանը Թուրքիայի հետ էլ է փակ: Բաց են միայն Վրաստանի և Իրանի հետ սահմանները:

Չնայած դրան, Հայաստանը գտա բարձր տրամադրությամբ: Ի՞նչ են նշանակում ֆիզիկական սահմաններն այսօր: Հայաստանի մոտ 3 միլիոն քաղաքացիները մշտական կապի մեջ են բազմամիլիոնանոց հայերի հետ սփյուռքում, որոնք փող են ուղարկում տուն: Ունենալով տեխնոլոգիաների ամուր ճյուղ՝ Հայաստանն իրեն դիրքավորում է որպես ստարթ-ափ երկիր: Ավելի շուտ առաջ է նայում, քան հետ:

Երկրում 2018թ. տեղի ունեցած անարյուն հեղափոխությունը դրախտ չբերեց, բայց վերացրեց ճակատագրապաշտությունը: Մարդիկ այնպիսի զգացողություն ունեն, որ ունեն ազատություն՝ փորձելու այն, ինչ ցանկանում են:

Կոռուպցիայի և քավորսանիկության դեմ շաբաթներ տևած ցույցերը տապալեցին Հայաստանի հին քաղաքական վերնախավը, այնպես, ինչպես Բեյրութում, Բաղդադում և Սանտիագոյում վերջին շաբաթների շատ ավելի զանգվածային ցույցերը տապալեցին կամ սասանեցին կառավարությունները Լիբանանում, Իրաքում և Չիլիում:

1989-ի ոգին ոտնակոխ չի արվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից: Մարդիկ օրենքի գերակայությունը գերադասում են կամայական ձերբակալություններից: Հենց դրա համար են նրանք դուրս եկել Հոնկոնգի փողոցներ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ինձ հետ զրույցում ասում է, որ հին համակարգերը հիմա էլ չեն աշխատի: «Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, քանի որ կյանքի կեսից ավելին վիրտուալ է»,- ասել է նա: Մի քանի տարին մեկ ընտրությունների միջոցով գործող ժողովրդավարության գաղափարը հնացած է: Նա Հայաստանն անվանում է «առաջին լաբորատորիաներից մեկը», որը կարող է գտնել «վարվելակերպի նոր կանոններ» աշխարհի համար, որտեղ ցանկացած անհատ ունի ձայն, որն «ամեն օր փորձարկում է և արտահայտում»:

Հայոց ցեղասպանության և Թուրքիայի ժխտողականության վերաբերյալ Սարգսյանն ասում է. «Ճանաչում ես մի բան է, որ սխալ ես արել կյանքում, ընտանիքում, ընկերների հետ, ճանաչումը ուժ է: Դա թուլություն չէ: Եթե ընդունենք, որ Թուրքիան ճանաչել է Հայոց ցեղասպանություն, դա կլինի ճանաչում այն փաստի, որ Թուրքիան հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է»:

1989թ-ի անանցողիկ դասերից մեկն էլ այն է, որ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա: Անգամ եթե մի օր Թրամփի Սպիտակ տունը այն գտնի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930