Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո չափազանց շատ բան է փոխվել: Ոմանց համար դեպի վատն է փոխվել, ոմանց համար՝ դեպի լավը: Արդարություն ու արդարադատություն ակնկալողներն ու փնտրողները կարող են համարել, որ դեպի լավն է փոխվել. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի ու մյուսների կալանավորումներն ու դատավարությունները դրա հիմքերը լիովին տալիս են: Այդ նույն հիմքերով հեղափոխությունից ու նոր Հայաստանի հիմնադիրներից դժգոհելու ու բողոքելու պատճառ ունեն հակահեղափոխականներն ու նախկին իշխանությունների կողմնակիցները. նրանք, ովքեր նախկինների ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք լավ են ապրել՝ սոցիալապես ու ամեն տեսակետից. ի տարբերություն ժողովրդի մեծ մասի:
Ցանկացած մարդ ծարավ է արդարության եւ արդարադատության: Երբ որեւէ հանցագործի դատում ու դատապարտում են, արդարասեր ու արդարամիտ մարդիկ իրենց լավ ու բավարարված են զգում: Բայց գալիս է մի պահ, որ երկրի քաղաքացին ցանկանում է, որ իր երկիրը ոչ միայն հանցագործների ու չարագործների համար վատ լինի, այլ նաեւ շարքային քաղաքացիների, ինչպես նաեւ անձամբ իր համար լավ, հարմարավետ, բարգավաճ ու լուսավոր: Երբ մարդու քաղաքական ու հեղափոխական կրքերը հագենում ու սպառվում են, քաղաքացին ու մարդ արարածը սկսում է նաեւ անձամբ իր կյանքի ու իր սոցիալական խնդիրների մասին մտածել: Գործազուրկը մտածում է, որ ինքն էլ մի օր բոլոր նորմալ մարդկանց պես աշխատանք ու աշխատավարձ կունենա: Ցածր կենսաթոշակ ստացողը մտածում է, որ կգա մի օր, որ իր կենսաթոշակն էլ կգոհացնի ու կբավարարի իրեն մարդավայել ու նորմալ ապրելու համար: Եվ այլն, եւ այլն: Կարճ ասած, Նիկոլի հետեւից ու Նիկոլի հետ «քայլ արած» հեղափոխական զանգվածն արդեն սկսում է մտածել, որ իրենց արած քայլը պիտի որ քայլ լիներ դեպի հարմարավետ ու բարեկեցիկ կյանք: Բազմաթիվ ու բազմազան փաստեր կան, որ դա, ավաղ, առայժմ այդպես չէ:
Ողջ աշխարհն է ընդունում, որ մենք մշակութային ու զանազան այլ առումներով միանգամայն արժանավոր ժողովուրդ ենք եւ, բնականաբար, արժանի ենք արժանավայել ու բարեկեցիկ կյանքով ապրելու, եւ հիմա, երբ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթել է, հաղթանակած հեղափոխականները տեսնում ու մի ավելորդ անգամ համոզվում են, որ եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի անխտիր բոլոր հանցագործներն ու մեղավորները դատապարտվեն ու կալանավորվեն, էլի բավարար չի լինի, որպեսզի Հայաստանի Հանրապետություն կոչվող երկրի քաղաքացին բարեկեցիկ ու արժանավայել կյանքով ապրի:
Բարեկեցիկ ու արժանավայել կյանքով ապրելու ցանկությունը յուրաքանչյուր մարդու ու մահկանացուի՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, եւ այդ իրավունքին հասնելու համար ցանկացած քաղաքացի անում է այն ամենը, ինչ կախված է իրենից եւ իր կարծիքով նպաստում է այդ նպատակին հասնելու համար. հեղափոխականը համոզված է, որ հեղափոխության վերջնական հաղթանակն իրեն ու բոլորին կապահովի բարեկեցիկ ու արժանավայել կյանքով. հակահեղափոխականն, ընդհակառակը, ճիշտ հակառակ կարծիքին է. հակահեղափոխականը համոզված է, որ եթե հեղափոխականների դեմները չառնես ու սանձերը մի լավ չքաշես, մեր կյանքը չի կարգավորվի:
Կարդացեք նաև
Մի խոսքով՝ մեր կյանքի ու մեր ապագայի մասին հեղափոխականների ու հակահեղափոխականների կարծիքներն ու պատկերացումներն ընդհանուր ոչինչ չունեն, եւ եթե հեղափոխականներն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որ իրենց հեղափոխությունը «թավշյա» ստացվի, հիմա դժվարանում են նույնը անել, որովհետեւ հետհեղափոխական այս շրջանում հակահեղափոխականներն ավելի վճռական են պայքարում, որպեսզի «Իմքայլականներն» ու Նիկոլականները վերջնական ու գլոբալ հաղթանակի չհասնեն, եւ «թավիշի» իմաստով մոտավորապես նույնը կարելի է ասել հեղափոխականների եւ հատկապես ծայրահեղական հեղափոխականների ու «Իմքայլականների» մասին. այն, ինչ կատարվեց ծայրահեղականների կողմից «Հայելի» կայքի դեմ, ոչ մի կերպ հնարավոր չի տեղավորել թավշյա հեղափոխության շրջանակներում: Հատկապես «Իմքայլականներն» ու հեղափոխականները պիտի հասկանան, որ հայոց վերջին հեղափոխության կարեւորագույն բաղադրիչը «թավիշն» էր, եւ «թավիշի» բաղադրիչի պահպանումը նաեւ ներկա ու հետագա հաջողությունների գլխավոր բաղադրիչն ու գրավականն է:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
01.11.2019