Նոյեմբերի 1-ին, Կոտայքի մարզում հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու՝ 29-ամյա Փայլակ Հայրապետյանի նկատմամբ:
«Որեւէ կասկած չունենք, թե ով կարող էր անել, կասկածներ, եթե ունենանք էլ, ոչ թե լրատվամիջոցներին, այլ իրավապահներին կհաղորդենք»,- Aravot.am-ին ասաց մահափորձի ենթարկված 29-ամյա Փայլակ Հայրապետյանի հորեղբայրը՝ «Վերածնունդ-Հայրապետյան» ընկերության նախագահ Հայրապետ Հայրապետյանը:
Նրա խոսքով, եղբորորդին չի ֆիքսել ո՛չ մահափորձ իրականացնողին, ո՛չ էլ մեքենան, որից արձակվել են կրակոցները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրապետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա: Կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Փայլակ Հայրապետյանը չի տուժել:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը չհայտնեց, թե կրակոցների ժամանակ իր եղբորորդին մեքենայում միայնակ է եղել, թե՝ ոչ, նա ասաց՝ այս պահին չի կարող մանրամասներ հաղորդել, միայն վստահեցրեց, որ եղբորորդին թշնամիներ չունի, այլ անձանց հետ ֆինանսական խնդիրներ՝ նույնպես:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի