Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Նոյեմբեր 02,2019 21:14

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14, ԳԼՈՒԽ 15, ԳԼՈՒԽ 16, ԳԼՈՒԽ 17, ԳԼՈՒԽ 18, ԳԼՈՒԽ 19

ԳԼՈՒԽ 20

Սիրո և մահվան միջև

Մառախլապա՜տ, մառախլապա՜տ օրեր…

Ինչ-որ տեղ, լքված ստվերների վրա օրորվում էր մենավոր թռչունը։

Եվ հոգնել էին ծառերը աշնան քամիներից, և մարդկանց մահու չափ ձանձրացրել էր անձրևների լացը։

Ահա այսպիսի մի օր էր, հավանաբար՝ կիրակի, երբ մոխրագույն մի «Շևրոլետ» կանգնեց Ալեքսանդր Գոմեսի տան առաջ։ Կապիտանը որևէ այլ գործ չուներ՝ բուխարու կրակը բորբոքելուց զատ, իսկ ձանձրույթ հաղթահարելու ճիգերն արդեն խիստ ձանձրացրել էին նրան։ Մեքենայից իջնողը երիտասարդ, բարետես կին էր։ Սև, աշնանային անձրևանոցն ու լայնեզր գլխարկն առանձնահատուկ ընդգծում էին նրա երևելի հմայքը, իսկ մուգ ապակիներով ակնոցը խորհրդավորության շուք էր հաղորդում։

– Է՜յ, տանն ո՞վ կա,- բղավեց կինը՝ բակ բերող դռնակին մոտենալով։

Ձայնը շփոթմունք առաջացրեց մի պահ, քանզի կապիտանն իսպառ մոռացել էր հյուր ընդունելու գաղափարը։ Պատուհանից դուրս նայելով՝ Ալեքսանդրը հաճույք ստացավ կնոջ գեղեցկությունից, ապա կապար հոսեց ծնկներն ի վար, ոտքերը ծանր կոճղերի պես մեխվեցին հատակին, և նա կորցրեց խոսելու ունակությունը։

Ավգուստա…

Երջանկությունն ու սարսափը ապտակեցին միաժամանակ, և Ալեքսանդրը հանկարծ հասկացավ, որ այտերն այրվում են կաս կարմիր կրակով։

– Էհե՜ե՜ե՜յ,- կրկին բղավեց կինը,- տնատե՛ր, որտե՞ղ ես։

Կապիտանը դուրս եկավ, մոտեցավ ցանկապատին՝ հայացքը թաց խոտից չկտրելով, բացեց անհիշելի ժամանակներում պատրաստված դռնակն ու գլուխը բարձրացրեց վերջապես։ Նրանք հայտնվեցին դեմ առ դեմ, ընդամենը մեկ քայլի վրա, և Ավգուստան հանեց ակնոցը։ Նրա դուրեկան դեմքը սրվել, հագեցել էր մի տեսակ թափանցիկ գունատությամբ, որն իր վրա տառապանքի դրոշմ ուներ։ Խաժ աչքերում կարոտ կար, վախ կար ու տարակուսանք, և բազմաբովանդակ այդ աչքերում փարոսի պես ճառագում էր սերը։

– Դու ինձ ինչպե՞ս գտար,- ի վերջո խոսեց Ալեքսանդրը՝ դեռևս չհավատալով, թե սա կարող է զուտ իրականություն լինել։- Տուն գնանք, այլապես կզոհվենք այս տեղատարափից։

– Հրաշալի կացարան ունես։ Բուխարի և մենություն… Երկինք ու աշնան բույրեր… Դրախտ է։

Անձրևանոցն ու գլխարկը մնացին նախամուտքում, իսկ նրանք տեղավորվեցին կրակի մոտ, դեմ-դիմաց բազկաթոռների վրա։

– Հիմա ասա, ինչպե՞ս գտար ինձ,- հարցը կրկնեց Ալեքսանդրը,- հասցես իմացողներ չկան, անգամ հեռախոսահամարս եմ կոծկել, որպեսզի…

– Իսկ իմ մասին չէի՞ր մտածել…

«Թերևս ուրիշ բանից պիտի խոսեի,- ինքն իրեն կշտամբեց Ավգուստան,- միանգամից ասացի գլխումս եղածը, բայց ոչինչ, թող այդպես լինի։ Չէ՞ որ եկել եմ, որպեսզի մեկընդմիշտ հասկանամ, թե ինչպես է շարունակվելու իմ չշարունակվող կյանքը»։

– Հիմա թեյ կբերեմ, վիսկի ու քաղցրավենիք։ Ոտքերդ մեկնիր կրակին ու աշխատիր ոչ մի բանի մասին չմտածել։ Լսիր լռությունն ու կազատագրվես հոգնածությունից, որ կրնկակոխ հետապնդում է քաղաքաբնակ մարդուն։

Ավգուստան ենթարկվեց լռելյայն, փակեց աչքերն ու հանկարծ հասկացավ, թե ինչ ծանր է խոնջանքի բեռն իր ուսերին։ Փայտը մոխրանում էր ճարճատյունով, իսկ անձրևի լացն օրորոցային երգ էր։ Խոհանոցից ձայներ էին լսվում, բայց դրանք մի տեսակ հաճելի ու տեղին էին։ Ալեքսանդրը շարժվում էր անաղմուկ, կնոջ անդորրը պահպանելով, իսկ բաժակներն ու ափսեները չէին զրնգում։ Կարծես անձայնությունից էր հառնում այս հյուրասիրությունը։

Լրագրասեղանն Ավգուստայի բազկաթոռին մոտեցնելով՝ Ալեքսանդրը վիսկի լցրեց ու ինքն էլ տեղավորվեց հարմարավետ։

Սենյակում թեյի բուրմունք էր տարածվել։

– Եվ այսպես,- ձեռքերը շփելով՝ ասաց Ալեքսանդրը,- խմենք այս հանդիպման համար։ Իսկապես զարմացրիր, Ավգուստա։ Ինչ ասես կմտածեի, բայց որ կգտնես ինձ ու կգաս՝ երբեք մտքովս չէր անցել։

Կարծես չուզենալով՝ Ավգուստան վերցրեց բաժակն, ու նրանք պարպեցին ոգելից հեղուկով լեցուն իրենց գավերը։ Եվ դարձյալ գլուխ բարձրացրեց լռության իշխանությունը, իսկ բառերն ուժասպառվեցին։ Թվում էր՝ այլևս չկան հարցեր, ու չկա պատասխան ստանալու ակնկալիք։ Ներքին այս բավարարվածությունն, իհարկե, պայմանավորված էր սիրելի մարդու ներկայությամբ, և նրանք ոչինչ այլևս չէին ցանկանում, և չկար աշխարհում որևէ այլ անկյուն՝ փայտաշեն այս կացարանից զատ։ Ու հանկարծ, դեմքն ափերի մեջ թաղելով՝ Ավգուստան հեկեկաց անզուսպ՝ մերկ ուժասպառության մեջ կորցնելով իր բոլոր հույսերի և իր բյուր հուսախաբությունների լացը։

– Ներիր, Ալեքսանդր, ի սեր Աստծո, չգիտեմ, թե հետս ինչ է կատարվում։

– Մտքերը նյութականանում են գործողությունների մեջ,- ասաց կապիտանը,- իսկ ձեռնատ հույզերն ի վերջո շոշափելի են դառնում։ Եվ մենք հասկանում ենք, որ դեմքն ի վար գլորվող հույզն անցողիկ է, իսկ հուսախաբությունները համ ունեն, քանզի աղի են արցունքները։- Ալեքսանդրը խիստ պերճախոս մի ժեստ արեց օդի մեջ՝ ակամա մտաբերելով հիվանդանոցի ճերմակ իրականությունն ու անիծյալ այն ակնթարթը, երբ բուժքույրն իր ոտնաթաթն էր մոտեցնում հատակին՝ առաջին քայլն անելու համարձակություն պահանջելով, իսկ աչքերում թրջվում էր վախը։- Լավ կլինի խոսենք կատարյալ ազնվությամբ, այլևս ոչինչ չթաքցնելով։ Կարծում եմ, բոլոր ճշմարտություններն այս սեղանին փռելու համար առանձնահատուկ խիզախություն չի պահանջվի։

– Ալեքսա՜նդր… Դու չպետք է հեռանայիր փախուստ նախընտրող մարդու պես։ Չէ՞ որ մենք լռության մատնեցինք ճշմարտություններ, որոնք ալեկոծում էին մեր սրտերը, և հետագա հանդիպում պայմանավորվեցինք։ Ուրեմն ո՞ւր կորար՝ անգամ հրաժեշտի բառեր խնայելով։

– Իսկ դու ինձ ինչպե՞ս գտար,- կրկին հարցրեց Ալեքսանդրը։- Ի դեպ, թեյը սառչում է։

Հրավերին հետևելով՝ Ավգուստան կում արեց բաժակից, թեև սա, ըստ էության, բնազդական գործողություն էր, պահն ինչ-որ շարժումով լցնելու անհրաժեշտություն։

– Կարծում ես՝ փնտրե՞լ եմ քեզ։

– Իհարկե՛։

– Այո, փնտրել եմ,- հառաչանքով հաստատեց կինը,- օրեր շարունակ… Ապրել եմ չհասկացված լինելու վախով, չունենալով ինքս ինձ հաղթահարելու ուժը։

Կիսավարտ այս խոստովանությունը լսելով՝ Ալեքսանդր Գոմեսը սրտի ցավ ունեցավ։

– Հովհաննես Կանայանի՞ն ես գտել ինչ-որ հրաշքով։

– Հովհաննես Կանայա՞ն,- զարմացավ կինը։- Ոչ, չգիտեմ խոսքն ում մասին է։ Յոթ ամսվա որոնումներս ավարտվեցին երջանիկ պատահականությամբ։ Այստեղ բողոքի ցույց եղե՞լ է։

– Այո, եղել է։- Հիմա էլ կապիտանն էր ապշել։

– Հեռուստաընկերություններից մեկը կարճ հաղորդագրությամբ անդրադարձավ այդ իրադարձություններին լուրերի թողարկման ժամանակ։ Նրանք դատապարտում էին անարդար վերաբերմունքը, որն այսօր առկա է հասարակության թերևս բոլոր խավերում։ Քո սարսափազդու դեմքն էլ մի պահ հայտնվեց հեռուստաէկրանին։ Հետո ես գտա լրագրողին, ու հասցեդ իմանալու հնարքս հաջողվեց։ Իսկ Հովհաննես Կանայանն ո՞վ է։

– Այս տունը նրանից եմ գնել՝ չնչին գումարով։ Իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկը։

Քամին տերևներ էր ծեփում պատուհանի ապակիներին, իսկ հազարաթել կայծակները խելագարվում էին ստեպ-ստեպ։

Ինչ-որ տեղ, լքված ստվերների վրա օրորվում էր մենավոր թռչունը։

– Իսկ Թերեզա՞ն,- խուլ ձայնով հարցրեց կինը։

– Թերեզան՝ ի՞նչ,- պատասխանեց կապիտանը՝ հարցը հակադարձելով։

– Մի քանի անգամ կնոջդ տեսել եմ պատահաբար։ Գիտե՞ս, մոլորվածության շուք կար նրա կերպարանքում։ Անցնում էր մանր, անվստահ քայլերով, իսկ Միքայելը պարզապես գնում էր մոր ետևից։ Նրան ավելորդ տեսա անակնկալ այդ իրականության մեջ։

– Հետո՞։

– Հետո՝ ոչինչ։ Եթե ինձ կոպտելու ես, Ալեքսանդր, ես կարող եմ և գնալ։

Անախորժության ակնթարթը նրանց բաժանեց մի պահ, հեռացրեց անսահման՝ տարածության մեջ անհասանելի դարձնելով, և Ալեքսանդր Գոմեսն անիծեց իր կյանքն ու ծննդյան օրը։ Կապիտանը փայտ գցեց բուխարու մեջ, ածուխները բորբոքեց կրակխառնիչով և թափանցիկ ըմպանակն Ավգուստային մոտեցնելով՝ ասաց.

– Դե լավ, խմենք հաշտության համար։

Նրանցից յուրաքանչյուրը գիտեր անշուշտ, որ սպիրտը սահմաններ կջնջի, և ապա կգտնվեն բառեր, որոնք երբեմն տանջամահ են լինում բանականության զնդաններում։

– Ասա ինձ, խնդրեմ, Ալեքսանդր, դու ի՞նչ ես ուզում և ինչպե՞ս կբացատրես անակնկալ հեռացումդ, որն ընդամենը փախուստ է և ոչ այլ մի բան։

– Իսկ քեզ չի՞ թվում, Ավգուստա, որ լուն ուղտ ես դարձնում։ Այո, բաժանվել եմ Թերեզայից, իսկ Նյու Յորքի կյանքը զզվեցրել է իսպառ։ Ահա և գյուղ եմ տեղափոխվել, սրա մեջ ի՞նչ կա անհասկանելի։

Բազկաթոռից վեր կենալով՝ Ավգուստան մոտեցավ պատուհանին։ Նա պատկերացրել էր հազար ու մի իրավիճակներ, բայց նման հիմար խոսակցություն չէր կանխատեսել երբեք։

«Հիմա կշրջվեմ և ընդամենը մի քանի բառով կասեմ ողջ ճշմարտությունը։ Սակայն ինչպե՞ս։ Ես չեմ ապրի,- մտածում էր կինը խորը դառնությամբ,- չեմ ապրի, եթե մերժում ստանամ նրանից։ Բայց սա է իմ միակ և վերջին օրը, և մեր փոխհարաբերությունները պիտի պարզաբանվեն հենց հիմա, չափազանց ցանկալի այս օրվա մեջ»։

«Ես խենթանում եմ քեզ համար, Ավգուստա,- մտածում էր Ալեքսանդր Գոմեսը՝ պատուհանի մոտ կանգնած կնոջը զննելով։- Ա՜հ, ի՜նչ գեղեցիկ է նա, և ի՜նչ նուրբ են նրա դիմագծերը։ Իմ կյանքը դեռ շարունակվում է, սեր իմ, որովհետև չունեմ քեզանից բաժանվելու քաջությունը, բայց և քեզ մոտենալու իրավունքը չունեմ»։

Երկնքում ծուռուձիգ կայծակներ հայտնվեցին, և հազարածալ թուխպը բառաչեց ցավից։

Ավգուստան վերադարձավ։ Նրա աչքերը, խորը ապրումներ պարունակող նրա աչքերը շողում էին արտասովոր փայլով։

– Ալեքսանդր,- ասաց կինը՝ կապիտանին ընդհուպ մոտենալով,- ահա արդեն քանի ժամ այստեղ եմ, բայց մենք չենք խոսում, այլ զբաղված ենք ջուր ծեծելով։ Իսկ պատճառը պարզ է։ Ընդամենը մի բան կա ասելու, և չկան այլ ճշմարտություններ։ Ալեքսանդր… Ես սիրում եմ քեզ։

Այս խոստովանությունը ամենամեծ վախն էր, որ երբևէ ունեցել էր կապիտան Գոմեսը։ Նա գիտե՛ր… Գյուղում ապրելու որոշում ընդունելիս, գնալ-կորչելու և ամեն բան գրողի ծոցն ուղարկելու որոշում ընդունելիս նա գիտեր, որ իր կյանքը կվերջանա այնժամ, երբ տիեզերքում կհնչեն երիցս ցանկալի այս բառերը։

– Ավգուստա,- շշնջաց կապիտանը՝ կնոջ աչքերի մեջ նայելու համարձակություն չունենալով,- նստիր, խնդրեմ։

– Ոչ,- ընդդիմացավ կինը,- ես պատասխան եմ ուզում։ Յոթ ամիս շարունակ որոնել եմ քեզ և դո՛ւ ես եղել իմ քաղցր ու մղձավանջային երազների երազը։ Ես ուզում եմ այն պատասխանը, որ կրծում է սիրտդ, և որից խուսափում ես համառորեն։ Ասա ինձ, Ալեքսանդր, դիվական ի՞նչ մտքեր են փոթորկվում գլխիդ մեջ։ Չէ՞ որ սեր էիր խոստովանում անխոս՝ ինքդ քեզ դեմ գնալով, երբ վիսկի էինք խմում իմ տանը և մեռած ամուսնուս էինք կենդանացնում մեր զրույցներում։ Ես հավատում եմ նախախնամությանը, հավատում եմ, որ աշխարհում կա ակնթարթային և հավիտենական սեր։

Ալեքսանդրի մազմզոտ այտերն իր ափերի մեջ վերցնելով՝ Ավգուստան սուզվեց նրա աչքերի մեջ։

Եվ մառախուղ իջավ գարշահոտ ճահիճների վրա, և գնդակահարված գերիների հառաչանքներ լռեցին։ Կարճահասակ մի ստվեր դուրս պրծավ սենյակի անկյունից։ Նա թիթեղ հատելու մկրատ ուներ ձեռքին, իսկ առաստաղից թափվող լույսի մեջ հարաբաց ակնաբիբեր էին լողում։

– Վերջապես եկավ տասներորդ մատը կտրելու երկար սպասված օրը,- քրքջաց ճիվաղն ու կապիտանին մոտենալով՝ շարունակեց,- հետո կանցնենք ձեռքերի մատներին։

Եվ կար մի կին, որ խճճվել էր, ու չէր գտնվում փշալարերից ազատվելու հնարը։ Հագուստները ծվեն-ծվեն թափվում էին մարմնից՝ բյուր ճանկռվածքներ մերկացնելով, իսկ կինը փրկում էր ծծկեր իր երեխային։ Ծծկերը մշմշում էր կնոջ գրկում՝ ժամանակ առ ժամանակ կուրծքը ծծելով, իսկ կնոջ վերքերից արնահոսում էր սեր։

– Ոտնաձայներ լսո՞ւմ ես,- շշնջաց մացառներում ծպտյալ զինվորը՝ շուրթերն ընկերոջ ականջին մոտեցնելով։

– Վիետնամցի պարտիզաննե՞ր…

– Ոչ, եղբայրս, սրանք Աստծո՛ ոտնաձայներն են։

Եվ ձուլվեց մառախուղը ժահաբույր ճահիճներին, և փշաքաղվեց Ալեքսանդր Գոմեսը՝ Ավգուստայի հպումը ճանաչելիս։ Նրանք ծնկեցին միաժամանակ, և թվում էր՝ թուխպն է իջել խրճիթի տանիքին, իսկ ապակիները խավարին ձույլ բիբեր են։

– Ահա հողաթումբն է մեր միջև,- վերջապես խոսեց կապիտանը՝ Ավգուստայի աչքերը համբուրելով։- Տեսնո՞ւմ ես քլունգն ու բահերը։ Այս հողաթումբը խաչակնքված է հավիտենական իմ երդումով, իսկ այս ձեռքերը չեն կարող մոտենալ քեզ, քանզի ամուսնուդ մահն են սրբացրել։ Ես չեմ կարող գրկիս մեջ փայփայել սերն ու մահը միաժամանակ, հասկացի՛ր սա, Ավգուստա։ Ուստի ներիր ինձ, խնդրում եմ։

– Ես չեմ ապրի առանց քեզ։- Կինը չէր հեծկլտում ու չէր կոտրատում ձեռքերը։ Այնինչ նրա կատարյալ գեղեցկությունը ծերանում էր րոպե առ րոպե։

– Այսօրվա ողբերգությունը վաղը կարող է և ծիծաղելի լինել, սեր իմ։ Բարձրացնենք հրաժեշտի բաժակները։

Եվ Ալեքսանդր Գոմեսն ընդունեց ոգելից թույնի իր բաժինը՝ շիշը շուրթերին մոտեցնելով։

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել