Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. «Պետք է բացառենք, որ իշխանափոխությունը տեղի ունենա փողոցից»

Նոյեմբեր 02,2019 16:24

Այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համաժողովում նրա անդամները կողմ քվեարկեցին կուսակցության ստեղծմանը: Այնուհետ կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ներկայացրեց իրենց խորագիրն ու իր ելույթում ասաց՝ կուսակցության ռազմավարությունը 20 տարվա է. «Մտնում ենք քաղաքական դաշտ, որովհետեւ հասկանում ենք, որ այսօր մեր երկրի շուրջը ձեւավորված է մի միջավայր, որն իր մեջ պարունակում է ե՛ւ վտանգներ, ե՛ւ հնարավորություններ: Եվ սրանց ներքո մեր առաքելությունն է ապահովել ՀՀ- ի եւ հայության անվտանգությունը, պայմաններ ստեղծել մեր երկրի լիարժեք կենսագործունեության համար»:

Այս կուսակցությունը,  Չալաբյանի խոսքերով՝ փորձելու է առաքինությունը բերել կենտրոնական դերի. «Քաղաքականությունը պետք է լինի մաքուր, որպեսզի վստահություն ներշնչի»:

Չալաբյանն ասաց՝ Հայաստանը պետք է լինի ազատ երկիր, մարդը չպետք է լինի կաշկանդված արհեստական կապանքներով կամ պետության անհեթեթ ճնշմամբ՝ ուժային մարմիներով եւ այլն:

«Մեր անկախության պատմությունը միեւնույն ժամանակ նաեւ անարդարության պատմություն է: Չենք ուզում ոչ ոքի մեղադրել, ի տարբերություն այսօրվա իշխող քաղաքական ուժի, որն այսօր անընդհատ մեղավորներ է փնտրում, մենք համարում ենք, որ այն անարդարությունը, որ կա մեր հասարակության մեջ, մեր հասարակության օբյեկտիվ հիվանդությունն է, եւ բոլորս պետք է բուժենք այդ հիվանդությունը»,-ասաց Չալաբյանը: Նա նշեց՝ այս մեր երկրի անվտանգության մարտահրավերը ծայրահեղ կրիտիկական է, ուստի անհրաժեշտ է հզոր պետություն եւ հզոր բանակ ունենալ դրանց դիմակայելու համար. «Պետք դիմակայենք նաեւ հիբրիդ պատերազմներին»:

Չալաբյանի ներկայացմամբ՝ իրենք վերափոխման կուսակցություն են.«Մենք հեղափոխական չենք: Մենք ողջունել ենք մեր ժողովրդի անցյալ տարվա ընդվզումը, բայց մենք  գտնում ենք, որ հեղափոխությունը լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ, այդ վտանգներին անընդհատ ականատես ենք լինում, վերջը չենք տեսնում: Մեր նպատակը հեղափոխությունը, կտրուկ ջարդը չէ, մեր սկզբունքը էվոլյուցիոն վերափոխումն է»:

«Ազգային օրակարգ» կուսակցության, ինչպես Չալաբյանն ասաց, երեք բլոկներն են՝ ազգային պետությունը, մրցունակ տնտեսությունը եւ առողջ հասարակությունը:

Ազգային պետությունն այն պետությունն է, ըստ Չալաբյանի, որը խարսխված է ազգային արժեքների վրա, բայց նաեւ հստակ գիտակցում է ազգային շահը, նախաձեռնող է այդ շահն աշխարհում առաջ մղելու եւ իրացնելու համար. «Մյուս կողմից մենք կարծում ենք, որ պետությունը տնտեսության մեջ մեծ անմիջական դերակատարում չպետք է ունենա: Մենք ազատ տնտեսության կողմնակից ենք եւ համարում ենք, որ պետության դերը տնտեսության մեջ կարգավորող է, ոչ թե անմիջական մասնակցի տեսքով: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները, որ մեր ժողովրդի 2/3-րդն ապրում է երկրից դուրս, մենք կարծում ենք, որ պետությունը պետք է կարողանա ոչ միայն սեփական տարածքում ազգային շահը ձեւակերպի, այլեւ՝ համախմբի հայաստանակենտրոն ողջ հայությանը, կարողանա համազգային երկխոսության միջոցով: ձեւակերպել ազգային շահն ու իրացնել»:

Ըստ Չալաբյանի, պետությունը որպեսզի լինի ազգային, պետք է առնվազն լինի արդյունավետ. «Կարեւորագույն խնդիր է, որպեսզի կարողանանք դուրս գալ հետխորհրդային ժամանակաշրջանից, երբ մեր պետությունը իմիտացիոն էր, թաղված էր կոռուպցիայի մեջ ու իր գործառույթները չէր կարողանում իրականացնել: Սա երկար խնդիր է, ի տարբերություն շատերի, մենք կախարդական փայտիկ չունենք, եւ գտնում ենք, որ դրան պետք է գնանք հետեւողականորեն: Առաջիկա տարիներին պետք է կարողանանք ստեղծել պետություն, որը կոմպակտ է, որն իր գործառնությունները շատ հստակ է պատկերացնում, կա քաղաքական մակարդակում տարբեր թեւերի հավասարակշռում, որում ժողովրդավարությունը համադրվում է պետության ռազմավարական  խորության հետ: Այսինքն մենք ժողովրդավարության պայմաններում կարողանում ենք իշխանություն փոխել, քաղաքական կուրս փոխել, բայց պետության խորքում կան բոլոր այն կարեւոր մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր իրականացնել անխափան»:

Չալաբյանի խոսքով. «Մենք այսուհետ պետք է բացառենք, որ իշխանափոխությունը տեղի ունենա փողոցից, դա պետք է տեղի ունենա քաղաքական պայքարի, ազատ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորմամբ: Դրա համար մի քանի կարեւոր տարրեր՝ սահմանադրական բարեփոխումներ, Ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենսդրության բարեփոխումներ, վարչական բարեփոխումներ, հակակոռուպցիոն պայքար ՏԻՄ մարմինների ազատության աստիճանի բարձրացում, նաեւ բարեվարքությանը խրախուսող մեխանիզմներ»:

Արտաքին քաղաքական տեսլականի մասին խոսելով, Չալաբյանն ասաց՝ ՌԴ-ի մեր ռազմավարական գործընկերությունը պետք է շարունակվի եւ զարգանա փոխշահավետ տարբերակով, այդ թվում Հայաստանի համար շահավետ, որովհետեւ անցյալում այս գործընկերությունը միշտ չէ, որ եղել է փոխշահավետ. «Եղել են փոխադարձ դժգոհություններ, եղել են այնպիսի պահեր, երբ կամ Ռուսաստանը կամ մենք համարել ենք, որ մյուս կողմը իրեն մինչեւ վերջ  որպես գործընկեր չի դրսեւորում, սակայն դա  արտացոլումն է երկու երկրների ինչ-որ իմաստով քաշային տարբերությունների:Եվ որքանով մեծանա մեր սեփական կշիռը, այդքանով մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք արդյունավետ քաղաքականություն իրականացնել մեր կարեւորագույն ռազմավարական գործընկերոջ հետ»: Նրա դիտարկմամբ նաեւ պետք է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, նաեւ Իրանի, Հնդկաստանի հետ:

«Ինչ վերաբերում է մեր երկու հարեւանների հետ պատմական հակամարտության հանգուցալուծմանը՝ այն մոտ չէ, հանգուցալուծումը կլինի, երբ կարողանանք ստեղծել տարածաշրջանում հզոր պետություն եւ ուժեղի դիրքից խոսել, թույլի դիրքից չենք կարող մեր խնդիրները լուծել,լավագույն դեպքում կարող ենք ստատուս-քվոն պահել,բայց սա էլ վիճելի է»:  Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է կարողանանք հասնել խելամիտ, էական փոխհատուցման հայ ժողովրդի  ցեղասպանության եւ հայրենազրկման դիմաց, որը պետք է ընդունվի ամբողջ հայ ժողովրդի կողմից. «Այն պետք է լինի շոշափելի, մենք պետք է հասկանանք, որ այդ փոխհատուցումը հնարավորություն է բացում խաղաղ գոյակցության համար: Մինչեւ այդ փոխհատուցումը տեղի չի ունեցել, մենք չպետք է գնանք որեւէ միակողմանի զիջումների: Նախկին իշխանությունների մոտեցումը, որ կարելի է գնալ հայ-թուրքական համագործակցության՝ առանց նախապայմանների, մենք չենք ընդունում: Մեզ համար այդ նախապայմանը գոյություն ունի, դա փոխհատուցումն է, որը մեր ժողովուրդը կընդունի, մենք գնալու ենք դրան ոչ ագրեսիվ ճանապարհով»:

Սփյուռքին անդրադառնալով էլ ասաց, որ պետք է սփյուռքի ներսում պետք է  ձեւավորվի կայուն, կուռ Հայաստանակենտրոն սփյուռք, ինչի համար պետք է հայրենադարձության եւ այլ  ծրագրերն ու գործիքակազմն է:

Տնտեսության մասին էլ Չալաբյանն ասաց՝ իրատեսական է 20 տարում քառապատկել  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, դրա համար պետք է տնտեսական տարեկան աճը լինի 7%:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930