Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքագիտություն. համառոտ հանրագիտական բառարանը»՝ ընթերցողի սեղանին

Նոյեմբեր 02,2019 15:45

Քաղաքագետ, բանասեր, փիլիսոփա Անժելա Մնացականյանի «Քաղաքագիտություն. համառոտ հանրագիտական բառարանն» արդեն ընթերցողների սեղանին է:

Բառարանը ներառում է ավելի քան 1300 եզրույթ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Նպատակն է աջակցել քաղաքագիտության զարգացող ոլորտների՝ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, քաղաքական պատմության և տեսության ոլորտների հասկացական համակարգի, տարբեր լեզուներից փոխառված եզրույթների համարժեք հայերեն տարբերակների ընտրության և գործածման հստակեցմանը: Գիրքը նախատեսված է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների, թարգմանիչների, լրագրողների, ուսանողերի, քաղաքականությամբ, քաղաքական պատմությամբ և փիլիսոփայությամբ զբաղվողների, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների համար:

Aravot.am-ի հետ զրույցում հանրագիտական բառարանի հեղինակ Անժելա Մնացականյանն ասաց, որ այսպիսի գիրք ստեղծելու հիմնական առիթն ուսանողների հետ հարաբերվելն էր. «Միշտ խնդրում էին, որ այդ կարևոր եզրույթները մեկնաբանենք, որ իմանային՝ ինչի մասին է խոսքը: Եվ դա նույնպես հիմք դարձավ հետագայում այս աշխատանքը կատարելու համար: Այժմ սա մեծ նվեր կլինի հատկապես այն ուսանողներիս համար, որոնք ժամանակին խնդրում էին բառարան գրել: Սկզբում չէի պատկերացնում այդ դժվարությունը: Երևի մեկ հատորից ավելի կրճատել ենք: Ես շնորհակալ եմ իմ ուսանողներին, որոնք հիմա արդեն դարձել են բառարանագետներ. իրենք ինձ խորհուրդներ տվեցին»:

Անժելա Մնացականյանը գիրքը հրատարակել է սեփական միջոցներով, այն կարելի է ձեռք բերել բոլոր գրախանութներում: Հեղինակի փաստմամբ՝ հիմա մեր հասարակությունում բոլորն են առնչվում քաղաքականությանը, ուստի հանրագիտական բառարանն օգտակար է հանրության լայն շրջանակների համար: Բովանդակության մասին հեղինակը մանրամասնեց. «Այստեղ ընդհանրապես չկան կենսագրականներ, ինչը բառարաններում հաճախ է հանդիպում, չկան գրքերի վերլուծություններ: Սա ոչ թե քաղաքագիտական բառարան է, այլ քաղաքագիտության հանրագիտական աշխատանք»:

Անժելա Մնացականյանը պատմեց, թե օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում լսել է բոմոնդ բառը և մտածել՝ ինչո՞ւ բոմոնդ և ոչ հայերեն տարբերակը՝ վերնախավ: Բառարանում այս բառն էլ է ներառված:

Քաղաքագետը նշեց, թե օրինակ՝ էստոպել բառի բովանդակությունը երբեմն կամ միտումնավոր կամ չիմանալով՝ ինչպես են փոխում. «Բուն իմաստը բառի չիմանալը կամ միտումնավոր անտեսելն է: Կոնտրասիգնատուրա բառի սխալ մեկնաբանումը (քաղաքական հեռահար նպատակների համար օգտագործելը) հիմք հանդիսացավ նաև սահմանադրական փոփոխությունների համար»:

Աշխատությունը բարձր են գնահատել նաև ոլորտի մասնագետները: Գրքի մասին տարբեր կարծիքներ կան, օրինակ, որ այն ոչ միայն քաղաքագիտական աշխատություն է, այլ դուրս է գալիս միայն մեկ ոլորտի սահմաններից և ներթափանցում տարբեր գիտական ոլորտներ, կարծիքներ կան, որ այն ոչ միայն մասնագիտական գրականություն է, այլև կդառնա շատերի սեղանի գիրքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Victoria Hakobyan says:

    Սիրելի Տաթև Հարությունյան,

    Անչափ շնորհակալ ենք այս շատ կարևոր և ուրախալի լուրի համար: Հուսանք, որ Հայաստանի գիտական հասարակությունը ինչպես նաև տիկին Անժելա Մնացականյանի Հայաստանյան ուսանողները բարձր կգնահատեն նախատեսակը (նախատիպը) չունեցող Քաղաքագիտության այս Հանրագիտական Բառարանը:

    Հատուկ շնորհակալութուններ Ձեր լրագրողական արհեստավարժ աշխատանքի համար՝

    Տիկին Ա. Մնացականյանի այժմ ԱՄՆ-ում բնակվող նախկին ուսանողներից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930