Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Իշխանությունը գործադրության մեջ է դրել ռեպրեսիվ գործիքակազմ՝ խախտելով իրավական, բարոյական հնարավոր բոլոր կարմիր գծերը»

Նոյեմբեր 02,2019 13:51

«Ազգային օրակարգ» կուսակցության ծնունդն արժանիորեն հասունացրել են հասարակական-քաղաքական գործիչներ, անհատներ, որոնք այս քաղաքական  ուժի ակունքներում են, ովքեր իրենց հրապարակային խոսքում, հանրային խոսույթում երկրի քաղաքական անցուդարձում տեսակետ են արտահայտել, դիրքորոշում են հստակեցրել, սկզբունքներ եւ կարմիր գծեր սահմանել՝ դրանով իսկ հիմնավորելով եւ փաստելով իբրեւ արժեքներ եւ սկզբունքներ դավանող քաղաքական ուժի գոյության իրավունք»,- այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքերով՝ «Ազգային օրակարգ»-ը իր պաշտոնական ծնունդն ու հայտն է ներկայացնում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը դիմադրում է լրջագույն մարտահրավերների թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում. «Երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է մի վարքագիծ, որի արդյունքում երկրում գնալով խորանում է ներազգային անհամերաշխության անդունդը, թունավորվում է երկրի հոգեբանական մթնոլորտը: Գիտացաբար թե անգիտակցաբար արշավանք է սանձազերծվել մեր ինքնությունն ամբողջացնող եւ կերտող արժեքների նկատմամբ: Իշխանությունը գործադրության մեջ է դրել ռեպրեսիվ գործիքակազմ՝ խախտելով իրավական, բարոյական հնարավոր բոլոր կարմիր գծերը, ներառյալ՝ երկրի սահմանադրական ինստիտուցիոնալ կառույցը: Սկզբունքների, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, գործողությունների եւ վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը վտանգում են եւ սպառնալիք են մեր ազգային շահի համար: Բնական է, սրանք մարտահրավերների, միեւնույն ժամանակ հանձնառությունների, պատասխանատվությունների լուրջ եւ ծանր բեռ է նորաստեղծ կուսակցության համար»:

Սաղաթելյանը նշեց՝ Դաշնակցությունն ազգային դաշտում աշխատելու ահռելի փորձ եւ կենսագրություն ունի եւ հասցրել է «Ազգային օրակարգ»-ի հիմադիրների հետ գործընկերության դրական փորձ կուտակել. «Մեզ միացնում է հայոց պետականության նկատմամբ պատասխանատվությունն ու ազգային ընդհանրությունները, իմ կարծիքով՝ միացնում է նաեւ մեր պետության ներկա մարտահրավերները»: Սաղաթելյանը ՀՅԴ-ի անունից ողջունեց այս կուսակցության հիմնադրումը, բարի երթ մաղթեց եւ համոզմունք հայտնեց, որ այս նորաստեղծ կուսակցությունը հայ կուսակցությունների պատմության մեջ արժանապատիվ էջեր կարձանագրի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930