«Մենք ստեղծում ենք ազգային, աջակենտրոն կուսակցություն»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկից առաջ: Չալաբյանը նշեց՝ մեկ է տարի է, ինչ հիմնվում է կուսակցությունը, եւ արդեն ներկայացրել են իրենց տեսլականն ու սկզբունքները, համակիրներին կոչ են արել կուսակցության գաղափարախոսության շուրջ:
Ո՞ր դաշտում են գործելու. ընդդիմադիր, թե՞ իշխանական, Չալաբյանն այս առնչությամբ նշեց՝ ամեն կուսակցություն, կախված այն բանից, թե ընտրողներն իրենց ինչ քվե են տալիս, ինչ-որ պահի կարող է լինել ընդդիմություն, ինչ-որ պահի էլ՝ իշխող կոալիցիայի մաս կամ կոալիցիայի ղեկավար ուժ. «Այս պահին մենք, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում եւ դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը: Սակայն սա չի նշանակում, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում ենք ընդդիմադիր լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա: Մեր նպատակը չէ դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է գալ իշխանության եւ որպես այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագրերը: Մենք չենք սպասելու, որ դառնանք իշխանություն, այլ մեր ծրագրերը սկսելու են իրականացնել՝ լինելով նաեւ ընդդիմություն»:
Չալաբյանը հաջորդ ընտրություններին կուսակցության մասնակցության մասին էլ ասաց՝ դեռ 4 տարուց ավելի ժամանակ կա, կանխատեսում չարեց. «Երբ կգա ընտրությունների ժամանակը, կորոշենք՝ ինչ ձեւաչափով ենք մասնակցելու»:
Կուսակցության համահիմնադիրը վստահեցրեց՝ նախկին եւ ներկա իշխանություններից «Ազգային օրակարգը» նույն հեռավորության վրա է, եւ որպես աջակենտրոն կուսակցություն, կարող են համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք եւս կենտրոնամետ են, ունեն ազգային հստակ ուղղվածություն ունեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ