Այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ելույթում այս կուսակցության մասին ասաց, որ հույս ունի` այն կարեւոր դեր կխաղա Հայաստանի քաղաքական դաշտում:
Մանուկյանի խոսքով. «Կուսակցություններն առաջանում են պայքարների ժամանակ: Ես կարծում եմ՝ առջեւում շարունակվելու է պայքարն իրական ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու, որը ժամանակակից է, արդիական է, բայց միեւնույն ժամանակ խարսխված է մեր ազգային արժեքների վրա, եւ դատարկ դաշտը լցվելու է նոր եւ հզոր կուսակցություններով: Իմ կարծիքով՝ «Ազգային օրակարգ»-ն այդպիսի կուսակցություն է դառնալու»:
Հանրային խորհրդի նախագահը կուսակցության ներկայացուցիչներին դիմելով՝ նկատեց՝ եթե կարծում են, որ միայն կազմակերպչական աշխատանքով կկարողանան ինչ-որ մարդկանց ներգրավել ու հետագա ընտրություններում դերակատարություն ունենալ, սխալվում են:
ՀՀ նախկին վարչապետը նկատեց՝ քաղաքականությունն անընդհատ պայքար է, ինչը դժվար գործ է. «Այդ պայքարի ժամանակ քեզ մոտ առաջանում են հակառակորդներ: Շատ հզոր պետք է լինես, որ թույնով եւ ատելությամբ չլցվես հակառակորդների նկատմամբ: Եթե մի օր հաջողվի, որ դուք գաք իշխանության, ձեզ մյուս վտանգն է սպառնում, որ կարծեք, թե դուք ամենախելոքն եք, ամենակարողն եք: Եվ քանի որ դուք մտածում եք պետության մասին, ժողովրդի մասին, կարող եք երբեմն օրենքները խախտելով դա անել եւ վերցնել բանաձեւը, թե նպատակն արդարացնում է միջոցները: Ձեզ դժվարին ճանապարհ է սպասվում, այդ ճանապարհը պետք է անցնել պատվով, հարգանքով ե՛ւ ձեր, ե՛ւ մյուսների նկատմամբ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ