Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Այն միտքը, որ նկատի է ունեցել Սերժ Սարգսյանը 2014 թ․, սխալ մեկնաբանվեց, գուցե սխալ ձեւակերպվեց եւ դարձավ բեռ նրա հետագա քաղաքական գործունեության վրա. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2019 11:42
արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանը, որ դեռ 2 տարի առաջ տղամարդավարի խոստացել էր, որ այլեւս չի հավակնելու երկրի ղեկը ստանձնելուն, բայց կարճ ժամանակ անց որոշումը փոխեց ու դարձավ վարչապետ, խրոխտ հայտարարեց, որ ինքը երբեք իր որոշումները չի փոխում։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, մինչ ՀՀԿ նախագահի բուն հայտարարություններին անդրադառնալը, նախ հարցրինք՝ ի վերջո, ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը։

– Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը որոշում փոխող չէ։ Ի՞նչ եք կարծում, ես՝ որպես քաղաքացի, ինչպե՞ս կարող եմ հավատալ մի մարդու խոսքերին, որի որոշում փոխելու ամենաթարմ օրինակներից մեկն այն էր, որ նա տարիներ առաջ հայտարարեց, որ ինքն այլեւս չի հավակնելու երկրի ղեկին, բայց հետո դարձավ վարչապետ։

– Ասեմ՝ ինչպես․ եկեք քննադատական անալիզի ենթարկենք այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, եւ այն, ինչի հետ Դուք փորձում եք կապել Ձեր անհավատությունը։ Նա 2014 թ․ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ ասաց, որ չի հավակնում դառնալ վարչապետ։ Դա որոշում չէր, նա ասաց, որ չեմ հավակնում դառնալ վարչապետ։ Ես ընդունում եմ, որ այն միտքը, որ նկատի է ունեցել Սերժ Սարգսյանը 2014 թ․, սխալ մեկնաբանվեց, գուցե սխալ ձեւակերպվեց եւ դարձավ բեռ նրա հետագա քաղաքական գործունեության վրա։ Ես ընդունում եմ դա, որ այն միտքը, որ նա ուզում էր հասցնել, գուցե ավելի պարզ բառերով, երկիմաստություն չենթադրող եւ տարակարծությունների ու մանիպուլյացիաների տեղ չթողնող նախադասություններով ու ֆրազներով կարելի էր ասել։ Որովհետեւ Սերժ Սարգսյանն այն ժամանակ որոշում չուներ, որ չի առաջադրվելու։ Եվ այստեղ որոշում չի փոխվել, եւ նրա՝ երկու տարի առաջ ասած խոսքն ուժի մեջ է։

– Այդ դեպքում ինչպե՞ս հավակնեց, եթե չէր հավակնում։ Պարոն Աշոտյան, որքան էլ փորձեք Դուք, Գեւորգ Կոստանյանը եւ մյուսները բացատրել, «կռուտիտ» անել, ինչպես ասում են, միեւնույն է, հասարակությունն ունի հստակ մոտեցում, որ Սերժ Սարգսյանը, խոստանալով, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, դրժեց իր խոսքը։

– Սերժ Սարգսյանն ասաց, որ չի հավակնում, եւ եթե անգամ հավակնեց, դա իր որոշման փոփոխության մասին չի խոսում։ Նա չի որոշել, որ չպիտի առաջադրվի ու հետո որոշել է, որ պիտի առաջադրվի։

– Իսկ գուցե դուք՝ նրա թիմակիցնե՞րդ եք որոշել, որ առաջադրվի։

– Դա էի ուզում ասել՝ դա եղել է կուսակցական որոշում։ Այո, ես ընդունում եմ, որ եղել է կուսակցական շրջանակների կողմից նախագահի վրա առաջադրվելու որոշում կայացնելու ազդեցություն, այդ թվում՝ ընդունում եմ իմ մեղքի բաժինը կամ իմ ներազդեցության բաժինը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930