Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի ռեժիսորը Բեռլինում ներկայացրել է Ռուսաստանը եւ առաջին մրցանակ շահել

Նոյեմբեր 02,2019 12:00

 Հարցազրույց Գալուստ Ներսիսյանի հետ

– Վերջերս Բեռլինում 17-րդ անգամ անցկացվող թատրոնի երիտասարդ ռեժիսորների Friedrichstadt միջազգային փառատոնում, մասնակից 9 երկրի արվեստագետներից, ժյուրին՝ գլխավորությամբ հանրահայտ Պետեր Շտայնի, առաջին մրցանակը շնորհեց ձեզ։ Մեկ բայց կա, դուք ներկայացրել եք Ռուսաստանի Դաշնությունը …

-Հեղինակավոր այս փառատոնի ձեւաչափը հետեւյալն է. ժյուրիի անդամները մինչ փառատոնը՝ տարբեր երկրներում իրենց ընտրությամբ դիտում են ներկայացումներ, հետո նոր կայացնում որոշում, թե ո՞ր ռեժիսորները պետք է մասնակցեն փառատոնին։ Այս անգամ այցելել էին 9 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա, Ավստրիա, Ռուսաստան, Մոլդովա եւ այլն ու, բնականաբար, դիտել բեմադրություններ։ Փառատոնի մեկնարկից 2 ամիս առաջ կազմակերպիչները տեղեկացնում են իրենց կողմից ընտրված ռեժիսորին, որ վերջինս մասնակցության համար ներկայացնի իր աշխատանքները՝ թատերային էսքիզների, կոլաժների տեսքով։ Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, դիտել էին Ռուսաստանի Գորկու անվան դրամատիկական թատրոնում տարիներ առաջ իրականացրած եւ մինչ օրս խաղացանկում տեղ գտած Ֆրանսուազ Սագանի «Ձիերը» բեմադրությունը։ Նույն թատրոնում իրականացրել եմ նաեւ Ալեքսանդր Գրինի «Ալ առագաստները»։

«Կարմիր առագաստներ»

 – Փառատոներին մասնակցությունից հետո սովորաբար լինում են առաջարկներ։ Համոզված ենք, որ դուք, որպես առաջին մրցանակակիր, առաջարկ ստացած կլինեք։

– 3 երկրից՝ Ավստրիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, ունեցա առաջարկներ։ Առայժմ այսքանը։

– Մինչ դուք Բեռլինում էիք,  կոնկրետ ինտերնետային մամուլից տեղեկացանք, որ  մերժել եք «Գուբերսկի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզրուկովի հրավերը։ Ավելին, այդ առիթով Բեզրուկովը հրավիրել էր ասուլիս, որի ժամանակ հերքում էր մամուլում շրջանառվող լուրերը, իբր իր եւ հայաստանցի ռեժիսորի միջեւ տարաձայնություններ կան, նույնիսկ մամուլում գրվել էր, թե դուք քաշքշել եք միմյանց…

– Ոչ մի կոնֆլիկտ չի եղել Սերգեյ Վիտալովիչի հետ։ Մենք բարեկամներ ենք, լավ հարաբերություններ ունենք։ Պարզապես ապատեղեկատվություն էր տարածված, որը ինձ եւ Բեզրուկովի համար հաճելի չէր։

«Ուղղակի Ֆրիդա»

– Գիտենք, որ ձեր՝ ռեժիսորի ոչ միայն կարիերան, այլեւ ուսումը «ռուսաստանյան» է, թեեւ Հայաստանում էլ  եք իրականացրել մի քանի ներկայացումներ…

– Ուսանել եմ Մոսկվայի Լենկոմի թատրոն-ստուդիայում, Մարկ Զախարովի արվեստանոցում։ Ավարտելուց հետո գործուղվեցի Ուկրաինա, որտեղ Փոքր դրամատիկական թատրոնում բեմադրեցի «Սեւաստոպոլ» ներկայացումը, որի սցենարը վերցված է մի քանի հեղինակների գործերից։ Այս աշխատանքս այսօր էլ «ապրում» է։ Ուսանել եմ նաեւ Երեւանի թատերական ինստիտուտում, Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում եւ առաջին ուսանողն էի, ում պատիվ ընձեռվեց դիպլոմային աշխատանք իրականացնել պետական թատրոնում։ Կապանի Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրեցի Օստրովսկու «Ամպրոպը»։

– Ձեզ հանդիպում ենք հիմնականում որպես մոնոներկայացումների ռեժիսոր։ Մեր թատրոններից որեւէ հրավեր չե՞ք ստացել։

– Ոչ, չեմ ստացել։

«Սեւաստոպոլ»

 – Գուցե դուք ներկայանաք։

– Կարծում եմ, որ ռեժիսորին պետք է թատրոնը հրավիրի, այլ ոչ թե ռեժիսորը ինքը դռնեդուռ ընկնի իրեն ներկայացնելով։ Այդուհանդերձ, փորձել եմ, ներկայացել գրեթե բոլոր երեւանյան թատրոններում, ինչն այլեւս երբեք չեմ անի։

– Հետաքրքիր է՝ ի՞նչ պատճառաբանություններով են մերժում։

– Տարբեր։ Մի տեղ ներկայացրածս պիեսը, իբր, հնացած է, մյուսում՝ գումար չկա…

«Պարֆումեր»

– Բայց օրերս Հայաստանի թատերական գործիչների միությունում պրեմիերա ունեք։

– Պետական թատրոններում դեռեւս բեմադրություն չիրականացնելը, դեռ չի նշանակում՝ ձեռքները ծալած նստել։ Երեւանում բեմադրել եմ Լեւանդովսկու «Ժաննա դը Արկը»։ Մեր իրականությունում առաջին անգամ հանդես եկա մուլտիմեդիա բեմադրությամբ՝ «Կոմիտասի ստվերները», որին հաջորդեց «Ուղղակի Ֆրիդան»։ Այս տարի գարնանը հանդիսատեսի դատին հանձնեցի Պատրիկ  Զյուկինդիի «Պարֆումերը»։ Նոյեմբերի 7-ին Թատերական գործիչների միության դահլիճում  թատերասեր հանրությունը կդիտի Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը»։ Ունեմ տաղանդավոր գործընկերներ, որոնց հետ հաճույքով աշխատում եմ։ Հենց «Կամելիազարդ տիկինը» բեմադրության առիթով համագործակցել եմ հիանալի արվեստագետների հետ. տաղանդավոր դերասաններ Անի Գեւորգյան, Դավիթ Հակոբյան, խորեոգրաֆ Անի Ահարոնյան, նկարիչ Արեգ Միրիջանյան, գրաֆիկ-դիզայներ Ժաննա Հովհաննիսյան։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ       

Գլխավոր լուսանկարում՝ Գալուստ Ներսիսյանը

«Առավոտ» օրաթերթ
01.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930