Վարչական դատարանում միայն ճանապարհային ոստիկանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցերը չեն քննվում: Կան նաեւ փոքրաթիվ, բայց «չերեւացող դատեր» էլ: Ճիշտ է, վարչական դատարանը մերժել է հայցվոր կազմակերպությանը եւ այն բողոքարկման փուլում է, սակայն փորձեմ տեղեկացնել ուշագրավ մանրամասներ երկու տարուց ավելի դատարանում գտնվող երկհատորանոց գործից:
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության դեմ՝ տեսանյութերը սոցիալական գովազդ ճանաչելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Մինչ դատարան դիմելը հայցվոր կողմը մշակույթի նախարարությանը դիմում էր ուղարկել, իսկ նախարարությունն էլ իր որոշմամբ գովազդը չէր ճանաչել սոցիալական:
Ըստ հայցվորի. «Պատասխանողը խախտել է խտրականության արգելքի պահանջը, քանզի գովազդը սոցիալական չճանաչելու հիմքը ոչ թե իրավական նորմերի անհամապատասխանությունն է, այլ այն, որ գովազդով արծարծվում է ԼԳԲՏ անձանց առնչվող խնդիրները: Թեպետ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում խտրականության արգելք անձի սեռական կողմնորոշման եւ/կամ գենդերային ինքնության հիմքով, այդուհանդերձ, պատասխանողը՝ որպես վարչական մարմին, պարտավոր էր որոշման կայացման հիմքում չդնել անձի սեռական կողմնորոշման փաստը եւ անձի կամ անձանց խմբի նկատմամբ որեւէ որոշում կայացնելը կամ գործողություն կատարելը, սեռական կողմնորոշման հիմքով պայմանավորված, խտրականության արգելքի խախտում է առաջացնում»,-նշվել է հայցադիմումում:
Հայցվոր կազմակերպության գնահատմամբ, նախարարությունն իրավասու չէր սահմանափակել սոցիալական գովազդի քանակը կամ տարածման հնարավորությունը՝ վերջինիս անհրաժեշտության բացակայության հիմքով պայմանավորված, ուստի գտնում էր, որ հարցը կարգավորված է «Սոցիալական գովազդի մասին» ՀՀ օրենսդրությամբ, քանի որ վիճարկվող գովազդը սոցիալական է. «Պատասխանողն իրավասու չէր որոշման կայացման հիմքում դնել ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձանց մասին հասարակությանը իրազեկելու անհրաժեշտության բացակայության փաստը: Պատասխանողը խախտել է փոքրամասնությունների իրավունքները՝ վերջիններիս վերաբերյալ հասարակությանը իրազեկելը հանրային կարեւորության խնդիր չլինելու որակավորմամբ»:
Կարդացեք նաև
Մեկ այլ դիտարկմամբ, ըստ հայցվոր կողմի, վարչական մարմինը խախտել է իրենց արտահայտվելու ազատության իրավունքը, քանի որ որոշման կայացման հիմքում դրված եզրակացությունը կամայական գնահատման արդյունք է:
Պատասխանող նախարարությունը դատարան էր ներկայացրել հայցադիմումի պատասխանը՝ առարկելով հայցապահանջի դեմ:
Պատասխանի համաձայն. «Սոցիալական գովազդի մասին» օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի կայացրած եզրակացությունը դրվել է գովազդը սոցիալական չճանաչելու մասին որոշման կայացման հիմքում, իսկ հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող մարմին է եւ որեւէ խտրականություն չի դրսեւորել եզրակացությունը տրամադրելիս: «Հանձնաժողովը օբյեկտիվորեն եզրահանգել է, որ ներկայացված գովազդի նախագծերը որեւէ հանրային կարեւորության խնդրի չեն անդրադառնում եւ սոցիալական իրազեկման տարր չեն պարունակում: Եզրակացությունը հիմնված է գովազդը սոցիալական ճանաչելու հարցի քննարկման վրա եւ ոչ թե մի խումբ անձանց վերաբերելիության վրա»:
Պատասխանող կողմը նշել էր նաեւ, որ հայցվոր կազմակերպության կողմից ներկայացված գովազդի նախագծերը պարունակում են հասարակության մի խավի ինտեգրված լինելու մասին գովազդ, որոնք էլ, ըստ էության, հանրային կարեւորության խնդրի չեն անդրադառնում, հետեւաբար, խնդրել էր հայցը մերժել:
Գործը քննած վարչական դատարանի գնահատմամբ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան՝ վարչական դատարան դիմելու իրավունք ունեն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք համարում են, որ խախտվել են հենց իրենց սուբյեկտիվ իրավունքները: Վարչական արդարադատությունը կրում է հասցեավորված բնույթ: Անձը ցանկացած կամ վերացական պահանջներով դատական պաշտպանության դիմել չի կարող, այլ նա կարող է դիմել դատարան, երբ հանդիսանում է շահագրգիռ անձ, այսինքն` երբ վարչական մարմնի կողմից ենթադրաբար խախտվել են այդ անձի հանրային սուբյեկտիվ իրավունքները:
«Անձինք չեն կարող դատարանում հայցել անձամբ իրենց չվերաբերող որեւէ վարչարարության ստուգում միայն այն պատճառով, որ նրանք ընդհանրապես շահագրգռված են վարչական մարմինների իրավաչափ գործունեության մեջ: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով այս մոտեցումը, չի ճանաչում, այսպես կոչված, հանրային գանգատը` ամրագրելով միայն խախտված իրավունքների, այսինքն` անձին օրենքով վերապահված սուբյեկտիվ իրավունքների խախտումից բխող դատական պաշտպանություն հայցելու տարբեր հնարավորություններ»,-իրական նման եզրահանգման էր եկել դատարանը:
Մերժման որոշման պատճառաբանական մասի համաձայն. «Տվյալ դեպքում պարզ չէր, թե հայցվոր կազմակերպությունը կարո՞ղ է, արդյոք, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու սուբյեկտ հանդիսանալ, թե՝ ոչ»:
Դատարանը փաստել էր, որ հայցադիմումը չի համապատասխանում դրան առաջադրվող պահանջներին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Սոցիալական գովազդը առեւտրային բնույթ չպետք է կրի, այն որոշակի տեղեկատվություն պետք է լինի, որը վերաբերելի է մարդու իրավունքներին եւ պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի եւ սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության եւ այլ բնագավառների, տարածվող տեղեկատվությունը հասարակությանը իրազեկելու նպատակ պետք է հետապնդի եւ գովազդը լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի կողմից պարտադիր պետք է հավանության արժանացած լինի:
«Առավոտ» օրաթերթ
01.11.2019