Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության

Նոյեմբեր 02,2019 13:00

Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում, բնապահպանական կարեւոր եւ լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի: Գործընկերներն այս անգամ ծառատունկ են իրականացրել Վայոց  ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում՝ տեղի երբեմնի անտառապատ տարածքները վերականգնելու համար: Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով էլ՝ տեղադրել են մարդկանց եւ կենդանիների համար անվտանգ, շարժական «էլեկտրական հովիվներ»:

Ծառատունկն իրականացվել  է FPWC-ի՝«Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։ Մինչեւ տարեվերջ ավելի քան 15000 ծառ կտնկվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերում:

Տնկվող վայրի ծառատեսակները՝ տանձենին, նշենին եւ փշատենին, աճեցված են Հայաստանի համար բոլորովին նոր, փորձարարական տեխնոլոգիայով:Դա թույլ է տալիս անտառից հավաքված սերմերից ստանալ առողջ տնկիներ։ Ծառատունկն իրականացվել է կոնկրետ սկզբունքով. ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին հատուկ եւ պտղատու ծառեր: Այդպիսով,  փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաեւ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը եւ անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել կենդանական աշխարհի համար:

«Հստակ չեմ հիշում, թե արդեն որերորդ ծառն եմ տնկում, բայց կարող եմ ասել, որ կյանքը պահանջում է նվիրում: Եթե մենք ցանկանում ենք ապրել առողջ, գեղեցիկ, մաքուր եւ անվտանգ միջավայրում, ապա պետք է լինենք ոչ թե միայն սպառող, այլեւ ներդրում կատարող: Խոսքը միայն ֆինանսական ներդրման մասին չէ: Հոգատարությունն ու խնամքը, աշխատասիրությունն ու հետեւողականությունը եւս կարեւոր են: Իսկ երբ այդ արժեքների շուրջ լինում է նաեւ համախմբում՝ արդյունքն ավելի շոշափելի է լինում: Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմերն ու աշխատակիցները վաղուց առաջնորդվում են այդ սկզբունքով՝ դրական օրինակ հանդիսանալով երիտասարդության համար: Ամեն ծառ նոր կյանքի խորհրդանիշ ու առողջ միջավայրի երաշխիք է: Հոգ տարեք միջավայրի մասին. դա շատ կարեւոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Իրականացվող ծրագրի շրջանակում, հիմնվել է նորարարական տնկարան: Այստեղ տնկիներն աճեցվում են սերմերից եւ ամբողջ տարի հետեւողական աշխատանք է տարվում  աճեցման գործընթացի խիստ ու հստակ պահանջները պահպանելու համար: Արդյունքում՝ հնարավոր է լինում ստանալ կենսունակ, առողջ եւ տվյալ բնակավայրի կլիմայական պայմաններին դիմակայելու ունակ տնկիներ։ Այս տեխնոլոգիան գնահատվել եւ հաջողված է  համարվել ԱՄՆ անտառային ծառայության եւ Օրեգոնի անտառագիտության եւ անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեվիսի կողմից։ FPWC-ն նրա հետ արդեն իսկ ձեռք է բերել կարեւոր համաձայնություն.  2020 թվականից սկսել աճեցման տեսանկյունից բարդ՝ կարմիրգրքային  ծառատեսակների աճեցման տեխնոլոգիայի մշակման ու իրականացման ծրագիր։

«Առավոտ» օրաթերթ
01.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930