Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի են. անձնական, առավել եւս սեռական կյանքը նրանց համար փակված թեմա է

Նոյեմբեր 02,2019 13:30

«Ես իմ ընտանիքում բռնության չեմ ենթարկվում, այդպիսի բան չկա: Ծեծ եղել է, մայրիկիս կողմից, բայց ես դա բռնություն չեմ համարում, ավելի շատ դաստիարակչական մեթոդ է, որովհետեւ որոշակի անհանդուրժողականություն նաեւ իմ կողմից կա եւ կարող է այնպես ստացվել, որ պահի տակ ես էլ պատասխանեմ մայրիկիս, բայց իմ ցանկությունների մեջ ես ազատ եմ եւ բռնության չեմ ենթարկվում»,-այսպես է պատասխանել հաշմանդամություն ունեցող 22-ամյա աղջիկը, երբ նրան իրավիճակներ են նկարագրել եւ հարցրել` արդյոք դրանք համարո՞ւմ է բռնություն, թե` ոչ:

«Ագաթ»-ի շահառուները մասնակցում են յոգայի դասընթացին

Հետազոտությունն անցկացրել են  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության մասնագետները`  ֆոկուս-խմբերում: Ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանի 8 մարզերում քննարկումների միջոցով, որոնց մասնակցել է հաշմանդամություն ունեցող 153 անձ:

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ հետազոտության նպատակն էր՝ բացահայտել հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության դրսեւորումները տանը կամ ընտանիքում:

«Ես գյուղից եմ եւ չեմ կարողանում տրանսպորտից օգտվել առանց կողմնակի օգնության: Մայրս անհանգստանում է ինձ համար եւ նրա կողմից գերխնամքի արդյունքում իմ ազատությունն է սահմանափակվում: Մյուս կողմից էլ՝ հասկանում եմ մորս անհանգստությունը: Ես կուզեի ավելի ազատ լինել, որպեսզի հասկանայի՝ այս կամ այն բանը կարո՞ղ եմ անել, թե` ոչ»,-կազմակերպության մասնագետներին ասել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող 23-ամյա կինը:

Գայանե Գրիգորյանն ասում է` այսօր հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկներն ավելի շատ են ենթարկվում բռնության. ակտիվությամբ աչքի չեն ընկնում՝ ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները: Ըստ նրա, աջիկները կրկնակի խոցելի են նախ իրենց սեռի, ապա նաեւ հաշմանդամության պատճառով:

Գայանե Գրիգորյանի խոսքով, հասարակության մեջ դեռ արմատավորված է այն թյուր կարծրատիպը, որ եթե կինը հաշմանդամություն ունի, չի կարող լիարժեք կյանքով ապրել, ընտանիք կազմել, երեխա ունենալ, տնային տնտեսությանը հետեւել եւ այլն, եւ այդ է պատճառը, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող աղջիկների մեծ մասը չի ամուսնանում, խուսափում է սեռական եւ անձնական կյանք ունենալ:

Ընդ որում, ըստ մեր զրուցակցի, հարցվածները, ընտանիքում որպես բռնություն կիրառող, ամենաշատը նշել են մորը: Մասնակիցներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ հաշմանդամություն ունեցող անձի խնամքով ամենաշատը զբաղվում է մայրը, նրա հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում մայրը, ուստի ամենից հաճախ էլ բռնություն գործադրում է մայրը: Ի դեպ, բռնությունը կարող է լինել ինչպես գերխնամքի կամ գերհոգատարության դրսեւորմամբ, այնպես էլ ֆիզիկական բռնության եւ վիրավորանքի:

Ծրագրի ղեկավարը նշում է՝ հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկները տնտեսական անկախության տեսանկյունից եւս խոցելի են. նրանք ոչ միայն դժվարությամբ են աշխատանք գտնում, որպես կանոն, իրենց թոշակներն ու նպաստները իրենք չեն ստանում, դրանք ստանում ու տնօրինում են նրանց ընտանիքի անդամները:

«Բացի հետազոտություններից, մենք էլ ենք ականատես լինում, քանի որ, երբ շահառուներն այցելում են մեր կենտրոն, նրանց ճանապարհածախսը կազմակերպությունն է վճարում: Եթե մենք չվճարենք, նրանք չեն կարողանա գալ, որովհետեւ այն թոշակը, որն իրենց համար նախատեսված է, թեկուզ կենտրոն հասնելու համար, իրենք չեն ստանում»,-ասում է տիկին Գրիգորյանը:

Ըստ նրա, ֆոկուս-խմբային քննարկումների ժամանակ էլ բռնության ենթարկված կանայք ու աղջիկները խուսափում էին այդ մասին բարձրաձայնել. «Մեր շահառուներից շատերը վախենում են այդ մասին խոսել, քանի որ հիմնականում նրանք կախված են իրենց ընտանիքի անդամներից, դրա համար էլ շատ դեպքերում լռում են»:

Գայանե Գրիգորյանի խոսքով՝ հասարակությանն էլ դժվար է համոզել, որ, իրոք, կա բռնություն. «Երբ սկսում ենք խոսել, որ, իսկապես, կա բռնություն կանանց նկատմամբ, հատկապես` հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների, տարբեր միջոցառումների ժամանակ հակափաստարկներ են բերում, ասում են` ի՞նչ բռնություն, էն էլ հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների նկատմամբ: Դա նրանից է, որ մեր հասարակությունը հայրիշխանական է, նրանք չեն ուզում ընդունել, որ թեկուզ մի ապտակը բեռնություն է, ասում են՝ մի փոքր զայրացել էր՝ ապտակել: Մեր հասարակությունը կարիք ունի ընկալելու, որ դա բռնություն է»:

Նշենք, որ Հայաստանը միացել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային դեռեւս 2006 թվականին, որտեղ հստակ առանձնացվում են հաշմանդամություն ունեցող կանայք: Այսինքն` պետությունը պարտավորվում է իրականացնել հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն, ինչը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովում, նրանց համար հավասար պայմանների ստեղծում:

Սակայն, ինչպես տիկին Գրիգորյանն է ասում, մի շարք ոլորտներին առնչվող օրենսդրության պատճառով հաշմանդամություն ունեցող կանայք բախվում են ավելի շատ դժվարությունների, նրանց իրավունքները թերի են իրացվում Հայաստանում:

Հարցումները ցույց են տվել, որ հաշմանդամություն ունեցող կանայք ցածր մասնակցային տոկոս են կազմում որոշումների կայացման գործընթացում:

Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը մատնանշում է նաեւ միջավայրի անմատչելիությունը, ինչը կանանց դեպքում ավելի մեծ խնդիրներ է առաջացնում:

«Ագաթ» հ/կ-ն, որն այս ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 12 տարի, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի անդամ է: Գայանե Գրիգորյանն ասում է, որ իրենց կազմակերպության կողմից իրականացվող տասնյակ ծրագրեր ուղղված են Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանը` օգտագործելով Հայաստանի վավերացրած մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները:

Ներկայումս կենտրոնն ունի շուրջ 50 ակտիվ այցելու: Ծրագրերի բաժնի ղեկավարն ասում է, որ այս տարիների ընթացքում  միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ փոխանակման ծրագրեր են իրականացրել, հաշմանդամություն ունեցող անձանց համար ճամփորդություններ են կազմակերպել, որպեսզի նրանց համար միջավայրը դարձնեն ավելի ներառական:

«Ագաթ» կազմակերպությունը մատուցում է նաեւ հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվություններ, կազմակերպում է կարողությունների, հմտությունների զարգացմանն ու իրավագիտակցության, իրազեկության բարձրացմանն ուղղված տարբեր դասընթացներ եւ քննարկումներ:

Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ, կազմակերպությունը ակտիվորեն մասնակցում է մարդու իրավունքների կոնվենցիաների եւ այլ փաստաթղթերի ստվերային զեկույցների մշակմանն ու ներկայացմանը միջազգային հարթակներում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ հ/կ-ի կայքէջից
Գլխավոր լուսանկարում՝ Գայանե Գրիգորյանը

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ- Հայաստանի տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
01.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930