Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն ունեմ, որ հոկտեմբերի 27-ի ողբերգության շուրջ անհասկանալի առեւտրի նոր փուլ է սկսվում»

Նոյեմբեր 02,2019 14:00

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ ԱՀ տարածքային ամբողջականության հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանությունների աքիլեսյան գարշապարը:

– Արցախյան ընտրություններին ընդառաջ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում: Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան. ինչպե՞ս կգնահատեք այս թեկնածուների շանսերը եւ ի՞նչ եք կարծում ՀՀ իշխանություններն ի՞նչ դերակատարություն կունենան Արցախի ընտրություններում:

– Ես, ամեն դեպքում, դրական եմ գնահատում այն, որ Արցախում իրական քաղաքական մրցակցություն է ծավալվում, ուստիեւ այնտեղ չենք ունենալու «նշանակված» նախագահ, թեեւ, ինքնին հասկանալի է, որ առանձին քաղաքական խմբավորումներ կարող են փորձել կրկին գործի դնել դրամը կամ վարչական ռեսուրսն՝ իրենց նախընտրած թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Կարեւոր եմ համարում այն, որ Արցախի Հանրապետության հաջորդ նախագահն առաջին հերթին անձնական նյութական շահերը հետապնդելու հետ կապված որեւէ կասկած չհարուցի եւ նախկինում տեղի ունեցած մութ գործարքների  մասնակցած չլինի: Համաձայնեք, որ փոքրիկ Արցախում ամեն ինչ բոլորի համար տեսանելի է եւ ասվածի համատեքստում մարդիկ շատ լավ գիտեն, թե ով իրեն ինչպես է պահել եւ ինչ ախորժակներ ունի: Ես ուզում եմ հույս հայտնել, որ պետականությունն ամրապնդող  սկզբունքների՝ անկաշառության եւ բարձր մասնագիտական որակներ կրողներ հանդիսացող թեկնածուներն ու իրենց թիմերը կկարողանան միավորել իրենց ուժերն ընդդեմ հին բարքերի կրողների եւ, հանուն նշածս սկզբունքների հաղթանակի, անգամ կկարողանան պայմանավորվել միասնական թեկնածու ունենալու վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ իշխանություններին, ապա, ըստ իս, ճիշտ կլինի, որ նրանք բարյացկամ չեզոքություն պահպանեն եւ պատրաստ լինեն համագործակցելու Արցախի նոր նախագահի հետ, անկախ նրա ով լինելուց:

– Նաիրի Հունանյանի շուրջ ծավալվող գործողություններում ի՞նչ միտում եք տեսնում:

– Առայժմ մի բան կարող եմ ասել՝ Նաիրի Հունանյանի շուրջ բարձրացված աղմուկն առայժմ ինչ-որ ետնաբեմային խարդավանքների տպավորություն է թողնում, մինչդեռ իր հետ կապված ցանկացած գործողություն պետք է բացառապես իրավական հենք եւ հիմնավորում ունենա: Առայժմ այնպիսի տպավորություն ունեմ, որ հոկտեմբերի 27-ի ողբերգության շուրջ անհասկանալի առեւտրի նոր փուլ է սկսվում, այնինչ մեզ բոլորիս միայն ճշմարտությունն է հարկավոր: Հուսով եմ, որ այդ ճշմարտության նպատակասլաց որոնումը մեզ վերջապես  թույլ կտա գծագրել կատարվածի ամբողջական պատկերը: Միայն թե դրա համար պետք է տարբեր անհատների ու խմբերի շահերով պայմանավորված խարդավանքներից հեռու մնանք:

-Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույցի ընթացքում BBC-ի լրագրողը հակամարտությունը որակեց՝ որպես «տարածքային վեճ», ինչը որեւէ կերպ Մնացականյանի կողմից չվիճարկվեց, թեեւ Մնացականյանն այս հարցով պարզաբանում տվել է: Դա Ձեզ համոզե՞լ է:

– Շատ գնահատում եմ այն, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գնահատում եւ քաջալերում է բազմակարծությունը: Սա իսկապես գովելի է: Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանությունների աքիլեսյան գարշապարը եւ ամենեւին էլ պատահական չէ, որ պարոն Մնացականյանն ամեն կերպ խուսափում է այս հարցի արծարծումից: Այս հարցը շրջանցված է նաեւ ՀՀ կառավարության ծրագրում: Պետք է հատուկ ընդգծեմ, որ թեեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի կարեւոր արձանագրումներ է կատարել եռակողմ ձեւաչափին վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ, այդուհանդերձ, նրա վարչակազմն այդպես էլ դեռեւս ի զորու չեղավ մշակել եւ կյանքի կոչել այն ծրագիրը, որի միջոցով հնարավոր կլիներ համադրել Արցախի տարածքի եւ կարգավիճակի խնդիրներն այնպես, որ դրանցից մեկի լուծումը սպառնալիք չառաջացնի մյուսի համար. օրինակ, որպեսզի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը որպես նախապայման չունենա մոտ 8000 քառակուսի կիլոմետր տարածքի հանձնում Ադրբեջանին: Մասնագետի համար տեսանելի են մեր պաշտոնական դիրքորոշման թույլ կողմերը եւ ակնհայտ է, որ եթե առկա անհամապատասխանությունները չվերացվեն, մենք, լավագույն դեպքում, կունենանք ստատուս քվոյի պահպանում: Բայց այդ ստատուս քվոն մեզ համար կպահպանվի բացասական նշանով, քանի որ մեր փաստարկային բազան հակառակորդին քաղաքական առավելություն է տալու պատերազմի վերսկսման պահին՝ դրա շնորհիվ նրա ագրեսիվ գործողությունները կունենան պատշաճ արդարացում: Ի դեպ ապրիլյան պատերազմը հնարավոր եղավ նաեւ այդ պատճառով: Այս առումով մեր պաշտոնատարները կարեւոր վերանայումներ պետք է կատարեն:

– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի ընդունումը տարընթերցումների տեղիք տվեց. շատերը թերագնահատում են այս բանաձեւի արժեքը, մինչդեռ Կիրո Մանոյանը հայտարարեց, որ արդեն բանաձեւի՝ քվեարկության դնելու փաստը քաղաքական ուժի ցուցադրություն էր մեր կողմից: Ըստ Ձեզ՝ ի՞նչ արժեք ունի այս բանաձեւի ընդունումը, մանավանդ, որ շատերը կարծում են՝ դա տեղի ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին:     

– Հավանաբար ճիշտ կլինի ասել, որ մեր լոբբիստներն անդադրում աշխատել, աշխատում եւ շարունակելու  են աշխատել այս ուղղությամբ ու չի կարելի թերագնահատել այն ահռելի ջանքերը, որ գործադրվել են: Միեւնույն ժամանակ նաեւ հասկանալի է, որ ԱՄՆ քաղաքական շրջանակներն առանց մեր լոբբիստների անմիջական մասնակցության են որոշում, թե արդյոք եկել է այն պահը, երբ այդ ջանքերը կարող են այս կամ այն իրավական կշիռն ունեցող պաշտոնական փաստաթղթի վերածվել:  Ամեն դեպքում, այս բանաձեւը չի կարելի ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել՝ այն ընդունվել է Մերձավոր Արեւելքում ձեւավորվող նոր ռազմաքաղաքական իրողությունների համատեքստում եւ դրանց համահունչ, բայց նաեւ մեզ է հնարավորության ընձեռում թարմացնելու սեփական մոտեցումներն ու թարմ հայացքով դիտարկելու ինչպես հայ-ամերիկյան, այնպես էլ հայ-թուրքական փոխհարաբերությունների հեռանկարները:

– Մեկ օր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի դիտարկումներ է արել: Որո՞նք են դրա շարժառիթները եւ ի՞նչ տողատակեր կան նրա հայտարարություններում:

– Թերեւս պարոն Սարգսյանը փոքր-ինչ շփոթված է եղել, հակառակ դեպքում դժվար թե նպատակահարմար կգտներ այդ կերպ արտահայտվել իր հնարավոր բանտարկության մասին: Չգիտեմ, արդյոք մարդիկ իրենց երջանիկ կզգա՞ն պարոն Սարգսյանի բանտարկության լուրն առնելուն պես, բայց կարծում եմ, որ շատ շատերը այդ առիթով իրենց խորապես բավարարված կզգան: Ամբողջ խնդիրը նրանում է, որ պարոն Սարգսյանի բանտարկությունը չպետք է տեղի ունենա իր իսկ կողմից արված  լավության կարգով՝ մարդկանց երջանկացնելու համար: Մարդիկ եւս արդար չեն լինի, եթե պետք է երջանկանան նրա բանտարկությամբ, դրա համար չունենալով հաստատուն իրավական հիմք:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930