Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչական դատարանը մերժեց Կոտայքի մարզպետի՝ ընդդեմ Քասախ համայնքի ղեկավարի հայցը

Նոյեմբեր 01,2019 23:03

ՀՀ Վարչական դատարանը հոկտեմբերի 30-ին մերժեց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» արձանագրությունն անվավեր ճանաչելու մասին հայցը:

Հիշեցնենք՝ Կոտայքի մարզպետը պնդում է, որ «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը: Ըստ Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրության՝ Քասախ համայնքի ղեկավարի արձանագրությունը անվավեր ճանաչելու համար Կոտայքի մարզպետը հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի՝   Վարչական դատարանի որոշման մեջ ամրագրված է, որ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը ենթակա է վերադարձման և պատճառաբանված է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց համար ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի հայց հարուցելու իրավունքը ծագում է բացառապես այն դեպքում, երբ այդ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է հայց հարուցող մարմնի կամ պաշտոնատար անձի վրա: Հետևաբար, նման դեպքում հայց հարուցողը պարտավոր է առնվազն հիմնավորել, որ այլ վարչական մարմնի վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ, անգործությամբ խախտվել կամ կարող է խախտվել պետության կամ համայնքի կոնկրետ իրավունքը` նշելով այն, և որ այդ կոնկրետ իրավունքի պաշտպանության լիազորությունը դրված է հենց իր վրա` նշելով իրավական հիմքը»:

Հղում կատարելով այն հանգամանքին, որ Ռոմանոս Պետրոսյանն իր հայցը ներկայացրել է որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հայց հարուցող սուբյեկտ, Վարչական դատարանը որոշմամբ ամրագրել է. «Հայցվորի հայցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով չի բովանդակում այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը և այդ պահանջը հիմնավորող փաստարկները, քանի որ հայցադիմումով չի հիմնավորվում, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 07.10.2019 թվականի «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին (ավագանու հերթական նիստ)» թիվ 10 արձանագրությամբ խախտվել կամ կարող է խախտվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի կոնկրետ իրավունքը, և որ նման իրավունքի պաշտպանության լիազորությունը դրված է հենց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի վրա»:

Որոշմամբ ՀՀ վարչական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 07.10.2019 թվականի թիվ 10 արձանագրությունը վերաբերում է այդ համայնքի ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը, որպիսի արձանագրության վիճարկման դեպքում հայցվորը նախևառաջ պետք է հիմնավորի, թե համայնքի ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ համայնքի որ իրավունքն է խախտվել կամ կարող է խախտվել, և երկրորդ` նա պարտավոր է կոնկրետ իրավանորմերի մատնանշմամբ հիմնավորել, որ համայնքի այդ խախտված իրավունքի պաշտպանության լիազորությունը դրված է հենց իր վրա:

Նման պայմաններում ՀՀ Վարչական դատարանը գտել է, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի խախտում, ինչը հիմք է հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930