Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն գործընթացները Հայաստանում. բարվոք, թե՞ անբարենպաստ պայմաններ

Նոյեմբեր 01,2019 21:30

Օհան Օհանիսյանն իր կնոջ ու երեք զավակների հետ 2006 թվականին Իրաքի մայրաքաղաք Բաղդադից եկավ Հայաստան: Մի քանի ամիս անց մահացավ նրանց ավագ որդին. «Որ հասանք Հայաստան 2006 թվին, մեծ տղանիս հիվանդացավ մահացավ, աղտոտ հիվանդություն էր կպավ իրեն, հիմա աղջիկս մեզ հետ է, միջնեկ տղաս Ամերիկայում է: Եկանք, երեք տարի վարձով մնացինք, հետո դիմեցինք, մեզ այս բնակարանը տվեցին («Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի հսկողության տակ գտնվող բնակարան է»: Հետո ընտանիքը ստացել է փախստականի կարգավիճակ ու մինչև հիմա էլ այդպես է: Պատմում է՝ սկզբում աշխատել է Մասիս քաղաքում, հետո աշխատանքի վայրի խնդիրների պատճառով դուրս եկել:

«Մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, բայց ամեն բան էլ կրնամ աշխատիմ, ձեռքես ամեն բան կուգա»: Օհանն ասում է, որ սկզբում հասարակությունը չէր ընդունում իրենց. «2006-ին որ եկանք, մեզի ուրիշ աչքով կնայեին: Հիմա արդեն հասկցան, որ հայ ենք…մեզի արաբ կսեին, ադիկ մեզի համար շատ վիրավորական էր: Մենք իսլամական երկրում ենք ապրել, բայց մեր լեզուն ունենք, եկեղեցին ունենք»:

Հիմա նա ապրում կնոջ ու դստեր հետ: «Հարմարվել ենք, ապրում ենք մեր հողի վրա, մեր աղջիկն էլ քոլեջում է սովորում, ես էլ աշխատում եմ այս հիմնարկում(«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը նկատի ունի)»,-ասում է նա:

Սա մի փախստական հայ ընտանիքի հաջողված պատմություն է, որը Հայաստան է եկել 2006 թվականին: Գրեթե 15 տարի անց նրանք կարողացել են որսալ կյանքի բնականոն ընթացքի թելն ու ապրել: Բայց պատկերացրեք, թե ինչքան մտահոգության առարկա հանդիսացող (ՄԱՀ անձանց շարքին են դասվում փախստականները, ապաստան հայցողները, փախստականի նման կարգավիճակում հայտնված անձինք, Սիրիայից տեղահանված մարդիկ) անձինք են մուտք գործում Հայաստան, բախվում բազմաթիվ խնդիրների, ինչպիսիք են լեզուն, կրթությունը, առողջապահությունը, կացարանի ապահովումը, ցանցի ձևավորվումը և այլն:

Հայաստանում գործում է մի միասնական համակարգ, որն օգնում է ապաստան հայցողներին, փախստականներին և այլ մտահոգության առարկա հանդիսացող (ՄԱՀ)անձանց ինտեգրվել տեղի միջավայրին, վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին ու ապրել բարվոք:

Հայաստանում այդ համակարգը գլխավորում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR, ՓԳՀ) և գործընկեր կառույցները(ֆինանսավորվում են ՄԱԿ ՓԳՀ կողմից): ՄԱԿ ՓԳՀ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ ապահովելով վերոնշյալ խմբի կենսական կարիքների իրացումը:

ՄԱԿ ՓԳՀ հանրային կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառույցը փորձում է տվյալ անձանց (փախստական, ապաստան հայցող և այլ կարգավիճակ ունեցող անձանց) ներգրավել տարբեր ծրագրերի մեջ. «Նրանց հետ աշխատանքն անհատական մոտեցում և զգուշավորություն է պահանջում: Աշխատելիս պետք է իմանաս, որ նրանք շատ ջերմության կարիք ունեն, քանի որ այն ճանապարհը, որով անցնում են, ազդում է, նրանք ավելի զգայուն են դառնում»:

ԱՆահիտ Հայրապետյանի խոսքով՝ շատ խնդիրներ կան, որոնք աստիճանաբար լուծվում են, բայց ամենակարևորների շարքում են լեզուն և աշխատանքը.

«Փորձը ցույց է տալիս, որ եթե լեզվի խոչընդոտը հաղթահարվում է, ապա մյուս անհրաժեշտություններն ինքնաբերաբար յուրացվում են՝ աշխատանք, միջավայրի ինտեգրում, ներքին ցանցի ձևավորում»,-նշում է Հայրապետյանը ու միևնույն ժամանակ փաստում, որ հաճախ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ունեն կարգավիճակ ու համապատասխան փաստաթղթեր դժվարանում են օգտվել այս կամ այն ծառայությունից:

«Ինչ-որ ծառայությունից օգտվելիս չեն ճանաչում նրանց փաստաթուղթը, փաստաթղթի մասին փաստաթուղթ են ուզում: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել նրանց լիարժեք ապրելու իրավունքը, մանավանդ այն դեպքում, երբ պետությունն ընդունում է նրանց»:

Անահիտ Հայրապետյանը հավելեց, որ տարվող աշխատանքների վեկտորն ուղղված է մի քանի վերջնական նպատակների, որոնցից է ՄԱՀ անձանց հարցը օրակարգ մտցնելը:

«Մենք հասկանում ենք, որ պետությունը շատ այլ առաջնահերթություններ ունի. մենք շատ բան չենք ուզում՝ ուղղակի չմոռանան այդ մարդկանց մասին: Նրանք մարդկանց խումբ են, ովքեր քո երկրի բնակիչ չեն, բայց կարող են լինել ու պետք է լինեն:»,-ասում է նա:

ՄԱՀ անձինք, լքելով իրենց երկիրը, հայտնվում են մի միջավայրում, որն ամբողջությամբ այլ է: Այդ ժամանակ նրանք նմանվում են երեխայի, որ նոր պետք է սկսի ճանաչել աշխարհը՝ նոր աշխարհը, որում հայտնվել է՝ մեր պարագայում՝ Հայաստանը:

ՄԱԿ ՓԳՀ-ն համագործակցում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի, «Հայ օգնության ֆոնդի», Հայկական կարմիր խաչի ընկերության, Շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների միգրացիոն ծառայության և այլ կառույցների հետ:

Վերոնշյալները կառույցներ են, որոնք օգնում են ՄԱՀ անձանց ինտեգրվել հայկական միջավայրին:

Ինչպես նշում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի «Սոցիալական, առողջապահական, իրավաբանական և կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին և ապաստան հայցողներին» ծրագրի ղեկավար Սոֆի Ներսիսյանը, նրանք զբաղվում են տարեցների, հաշմանդամություն ունեցող և ՄԱՀ անձանց սոցիալառողջապահական հարցերով.

«Ունենք բժիշկներ, բուժքույրեր, որոնք վիճակի գնահատում են անում և դրա համաձայն տրամադրում ենք դեղորայք: Աշխատում ենք ընտանիքների հետ, կատարում ուղղորդումներ տարբեր հիվանդանոցներ. օգնում ենք մարդկանց օգտվել իրենց իրավունքներից»,-ասում է Սոֆի Թովմասյանը:

Տարեկան կտրվածքով այս կառույցի շահառուների թիվը մոտենում է 5000-ին, որոնց թվում են նաև Բաքվից եկած փախստականներ, որոնք ունեն այդ կարգավիճակն ու դեռ չեն ընդունել ՀՀ քաղաքացիություն:

Բացի սոցիալառողջապահական աջակցությունից ՀԿ-ն աջակցում է նաև կացարանի հարցում բնակվարձերի մասնակի փոխհատուցման միջոցով կամ Սոցիալական տներում առաջարկելով ժամանակավոր կացարան, ինչպես նաև զբաղվում է ապաստան հայցողների հայցադիմումներով, թիրախային խմբի իրավաբանական տարբեր հարցերով:

«ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամը տարբեր երիտասարդական ծրագրերի միջոցով իրականացնում է ՄԱՀ անձանց ինտեգրումը հայկական միջավայրին: Ինչպես նշում է «Փախստականների ինտեգրում կենսապայմանների բարելավման միջոցով» ծրագրի համակարգող Մարինե Թունյանը, իրենց առանջնային խնդիրն է ապահովել թիրախ անձին համապատասխան գործիքակազմով:

««Երիտասարդական կոալիցիա» ծրագրի շրջանակում 15 հոգանոց հիմնական խումբ է ձևավորվել,ովքեր տարբեր ազգությունների են, տեղացիներ ու այլ երկրներից ապաստան հայցողներ: Նրանք հավաքվում են, քննարկում տարբեր գաղափարներ որևէ համայնքային խնդրի լուծման համար, հնարավորության դեպքում նաև իրականացնում են»,-նշում է նա:

Մարինե Թունյանի խոսքով՝ խումբն այցելում է տարբեր կառույցներ՝ ԱԺ, դեսպանատներ, որը հնարավորություն է տալիս միջավայրին ավելի լավ ծանոթանալ, հարցեր տալ անմիջապես հասցեատերերին:

«ԿԱԶԱ»-ն դասընթացներ է կազմակերպում նաև փախստականների, ապաստան հայցողների համար, «Միացիր համայնքին» ծրագրի շրջանակում իրականացնում տնտեսական ինտեգրման աշխատանքներ. «Մենք վերապատրաստում ենք տեղացի կամավորներին, հետո նրանց կցում ենք թիրախ հանդիսացող անձին: Կամավորն օգնում է տվյալ անձին աշխատանք գտնել, լեզուն սովորել. օգնում ենք միասին անցնել այդ ճանապարհը»,-պատմում է Թունյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամը տարեկան կտրվածքով աշխատում է 1000–1200 շահառուների հետ:

ՄԱՀ անձանց շարքերում հաճախ հայտնվում են առանց ուղեկցողի երեխաներ: «Փախստականների մասին ՀՀ օրենքի» 8-րդ հոդվածի համաձայն՝ առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասը 18 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական ներկայացուցիչ (ծնողներ (ծնող), խնամակալ, հոգաբարձու) չունեցող ապաստան հայցող կամ փախստական երեխան է:

Այս մասով երեխաներին աջակցում է Հայ օգնության ֆոնդը: Ինչպես նշում է տեղահանված երեխաների պաշտպանության դեպք վարող Կարո Գևորգյանը, կենտրոնը երեխայակենտրոն է ու իրենց առջև երբևէ խնդիր չի եղել, որ շահառուները լինեն ՀՀ քաղաքացիներ: Սկզբնական շրջանում կենտրոնում ապաստան հայցող, փախստական կամ տեղահանված երեխաներ չեն եղել, աշխատանքի գլխավոր ուղղությունը այցելություններն են եղել հատուկ կացարաններ, հանրակացարաններ և վայրեր, որտեղ ապրում են նման մարդիկ:

«Հետո պայմանավորվեցինք, որ սոցիալական աշխատողները, մասնագետները մեզ համապատասխան շահառուների ուղղորդեն: Այսինքն, երբ նրանք տեսնեն, որ ընտանիքում երեխայի իրավունքը չի իրացվել, կամ ինչ-որ խնդիրներ են առաջացել, կամ բռնության դեպքեր են և այլն, ուղղորդեն մեզ ու մենք կաշխատենք նրանց հետ»,-ասում է Կարոն:

ՀՕՖ-ի գլխավոր գործառույթը միայն երեխաների զարգացումն ու պաշտպանությունը չէ, այլ նաև ադվոկացիոն-շահապաշտպանական ուղղությունն են առաջ տանում:

«Սկսել ենք այդ ուղղությամբ աշխատել, երբ նախադեպ ունեցանք սահմանն առանց ծնողների հատած երեխաների հետ: Հասկացանք, որ թերևս այդ ուղղությամբ ինչ-որ բաներ սահմանված են, բայց դրանք չեն աշխատում: Երեխայակենտրոն առաջարկներ ենք մշակել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ու պետք է ներկայացնենք պատկան մարմիններին: Շատ բացեր կան օրենքում, դրա համար պետք են լրացումներ: Ի՞նչ կլինի, եթե ՀՕՖ-ը դադարի զբաղվել այս հարցերով. փորձում են այս հարցի պատասխանը հստակեցնել»,-ասաց Կարո Գևորգյանը:

ՀՕՖ-ում 30 ապաստանված երեխաներ կան, որից 5-ը փախստականի կարգավիճակ ունեցողներ են, որից 2 էլ առանց ուղեկցողի երեխաներ են:

Փախստականների, ապաստան հայցողների կամ այլ կարգավիճակ ունեցող անձանց հարցերով զբաղվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը: Վերջինիս վերահսկողության տակ են «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև Ինտեգրման տունը: Այժմ Աբովյան քաղաքում սկսել են 100 հոգու համար նախատեսված հատուկ կացարանի շինարարական աշխատանքները:

Ինչպես նշեց ՏԿԵՄԾ հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, կառույցն էլ իր հերթին է կարգավորում փախստականների, ապաստան հայցողների և այլ կարգավիճակ ունեցող անձանց խնդիրները:

Համաձայն 2019 թվականի առաջին կիսամյակի վիճակագրության՝ Հայաստանում ապաստան են հայցել 81 հոգի, որից 41-ին շնորհվել է փախստականի կարգավիճակ, 13-ը մերժվել է, 50-ը դադարեցվել:

«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանի հավաստմամբ՝ ՊՈԱԿ-ի հսկողության տակ 5 կառույց է գտնվում, որտեղ ապրում են 473 փախստական ընտանիքներ, 1196 անձերի թվով, որոնք զբաղեցնում են 568 սենյակներ: Տվյալները ներառում են 2018–2019 թվականները:

Մուրադ Մեժլումյանի խոսքով այդտեղ բնակվում են Թուրքիայից, Իրաքից, Իրանից, Եգիպտոսից, Կոնգոյից, Սիրիայից, Եմենից և Աֆղանիստանից եկած ընտանիքիներ, անհատներ:

Ինտեգրման տունը փախստականին տրվում է մի տարի ժամկետով, հնարավորություն կա երկարաձգել ևս վեց ամսով: Այդ մասին որոշում է կայացնում համապատասխան հանձնաժողովը: Այդ տանը խոհանոցն ընդհանուր է, սպասքը՝ անվճար, սկզբում հատկացվում են հիգիենայի պարագաներով ապահովված սենյակներ:

Սոցիալական տները փախստականներին հատկացվում են անժամկետ, նրանք կարող են ապրել այնտեղ, որքան ժամանակ ցանկանան, սակայն սեփականաշնորհելու իրավունք չունեն:

Հանրակացարանը բնակության է տրվում սեփականաշնորհել կարողանալու իրավունքով:

Նելլի Դավթյանի խոսքով՝ Միգրացիոն ծառայությունը ցանկացած նոր ճանաչված փախստականի հետ ծրագիր է իրականացնում:

«Կազմակերպում ենք հայոց լեզվի, քաղաքական կողմնորոշման դասընթացներ և փոխանցում ենք բնակվարձը: Փորձում ենք այդկերպ ինտեգրել նրանց մեր հասարակությանը, նաև հանդուրժողականության կոչ ենք անում մեր ունեցած բոլոր հնարավոր ձևերով»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ միջոցառումներ են նախաձեռնում այն դեպքում, երբ նույնիսկ կարգավիճակ ունեցող անձինք բախվում են իրենց իրավունքի յուրացման հարցին, նա պատասխանեց, որ ամեն կերպ փորձում են բարձրացնել հասարակության հանդուրժողականության աստիճանը՝ օգտագործելով իրազեկման տարբեր միջոցներ:

Նայելով 2018 և 2019 թվականների առաջին կիսամյակի վերլուծությանը՝ նկատում ենք, որ 2019 թվականին ապաստան հայցողների թիվը նվազել է:

Ներկայիս միգրացիոն գործընթացների վեկտորն ուղղված է ՄԱՀ անձանց համար որպես վերջնարդյունք ունենալ Օհան Օհանիսյանի կյանքի օրինակը, բայց թե ինչքանով է պետությունն ապահովում դա, ցույց են տալիս ընթացակարգերը:

Սոնա ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930